[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացին, ամենօրյա կյանքի հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում՝ ֆինանսական, հարկային, կենսաթոշակային, սոցիալական, բժշկության և այլն, կոնկրետ նպատակներով տեղեկություններ է հայտնում իր անուն-ազգանվան, հասցեի, աշխատավայրի, բնակավայրի, ընտանիքի կազմի, հեռախոսահամարի և այլնի մասին:

 Անձնական տվյալների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք պատկանում են ֆիզիկական անձին, օտարման ենթակա չեն և քաղաքացիական շրջանառության օբյեկտներ լինել չեն կարող: Այլ խոսքերով, մարդկանց վերաբերյալ տվյալներն էլ առուվաճառքի առարկա չեն կարող դառնալ: Սակայն դա չի բացառում օրենքով սահմանված կարգով կամ անձի համաձայնությամբ նրա անձնական տվյալների օգտագործումը:

Անձնական տվյալների պաշտպանության հարցի պատմությունն սկսվում է 1976 թվականից, երբ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն ձեռնամուխ եղավ ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան կոնվենցիայի նախապատրաստմանը: Այն արդեն 1981 թվականին պատրաստ ու բաց էր մասնակից պետությունների կողմից ստորագրվելու համար և կոչվում է ՙԱնձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին՚ կոնվենցիա: Դա առաջին միջազգային իրավական պարտադիր փաստաթուղթն է, որում տրված են այն ստորագրած մասնակից պետությունների քաղաքացիների պաշտպանության մեխանիզմները, որոնք կարող են խախտվել նրանց անհատական տվյալների հավաքման և մշակման գործընթացում:

Կոնվենցիան արձանագրում է, որ անձնական տվյալները, որոնք բացահայտում են ռասայական ծագումը, քաղաքական կարծիքները, կրոնական կամ այլ համոզմունքները, ինչպես նաև առողջությանը կամ սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները, չեն կարող մշակվել ավտոմատ կերպով, եթե ներպետական իրավունքը չի ապահովում համապատասխան երաշխիքներ: Նույնը կարող է կիրառվել դատվածությանն առնչվող անձնական տվյալների նկատմամբ:

Մեր հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՙԱնհատական տվյալների մասին՚ 2003 թ. հոկտեմբերի 17-ի ՀՕ-65 օրենքով, որը լրիվությամբ կրկնում է ներկայումս ուժը կորցրած՝ Հայաստանի Հանրապետության նույնանուն օրենքի դրույթները: Համաձայն օրենքի՝ անհատական տվյալ է համարվում նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը:

Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ոլորտն ընդհանրական ձևով ամրագրված է նաև ԼՂՀ Սահմանադրությամբ, որի 23-րդ հոդվածի համաձայն՝ առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ կարող են հավաքվել, օգտագործվել կամ տարածվել միայն օրենքով նախատեսված տեղեկություններ: Արգելվում են անձի վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը և տարածումը, եթե դրանք հակասում են տեղեկությունների հավաքման նպատակներին: Սահմանադրությունը յուրաքանչյուրին իրավունք է վերապահում ծանոթանալու իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա տեղեկություններին և պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում՝ օրենքով նախատեսված դեպքերում: 

Հարկ է նշել, որ տասներեք տարի առաջ ընդունված՝ ՙԱնհատական տվյալների մասին՚ ԼՂՀ օրենքում կատարվել է ընդամենը մեկ ոչ էական փոփոխություն: Այդ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին ընդունվեց ժամանակին համահունչ՝ ՙԱնձնական տվյալների պաշտպանության մասին՚ նոր օրենքը:

Գտնում ենք, որ ՙԱնհատական տվյալների պաշտպանության մասին՚ Արցախում գործող օրենքը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին, չի կարգավորում իրավունքի պաշտպանության ձևերը, օրենքի մի շարք նորմեր խնդրահարույց են, քանի որ հստակեցված չեն անհատի և նրա անձնական տվյալները մշակողների փոխադարձ իրավունքները և պարտականությունները, բացակայում են անձնական տվյալներ մշակելու օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, անձնական տվյալները երրորդ անձանց և այլ պետություններ փոխանցելու մեխանիզմները:

Բոլոր դեպքերում, օրենքի գլխավոր գործող անձը պետք է լինի մարդը՝ իր անձնական տվյալների գաղտնիության սահմաններով:

Աշխատողի անձնական տվյալների վերաբերյալ հարաբերություններն առավել չափով կարգավորված են ԼՂՀ աշխատանքային օրենսգրքով, որտեղ տրված են աշխատողի անձնական տվյալների մշակման ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ տվյալների պաշտպանության երաշխիքների, աշխատողի անձնական տվյալների փոխանցումը, աշխատողի իրավունքները՝ կապված գործատուի մոտ պահպանվող տվյալների պաշտպանության հետ և այլն:

Արցախի Սահմանադրության դրույթները վկայում են, որ երկիրը հաստատակամ է ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է հանդիսանում: Այդ համատեքստում ողջունելի պետք է համարել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված այն դրույթը, որ ՙժամանակակից միջազգային կարգավորումներին համահունչ՝ պետք է կարգավորել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ անդրադառնալով անձնական տվյալներ հավաքելու, մշակելու և դրանց ծանոթանալու հարցերին՚:

Հուսանք, որ ԼՂՀ նոր Սահմանադրության նախագծում առանձին նորմ կհատկացվի անձնական տվյալների պաշտպանության իրավական ինստիտուտին, որում և դրանից բխող սահմանադրական օրենքում հստակորեն նշված կլինեն այդ ոլորտի իրավական կարգավորման հարցերը, մասնավորապես՝ անձնական տվյալների՝ հանրությանը հասանելիության սահմանները, դրանց անօրինական մշակման և կանխման վերահսկողական, պատժիչ-պաշտպանիչ մեխանիզմները և այլն:   

 

 

Վլադիմիր Հովսեփյան

ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր,

վաստակավոր իրավաբան