[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԻԿԻ ԱՄԵՆԱՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐԸ ՈՐԴՈՒՆ

25 տարի առաջ էր, երբ փոքրիկ Հարությունը հոկտեմբերի 30-ին իր 5-ամյա հոբելյանի առիթով ստացավ յուրահատուկ նվեր՝ հարազատ Տող գյուղի ազատագրման տեսքով, որն իրեն են պարգևել հայրը՝ Արմեն Գասպարյանը, ինքը՝ Արմենչոն, և հոր զինակից ընկերները։

Ցավոք, դա վերջին նվերներից էր, որ Հարությունը ստացել էր իր հորից, քանի որ վերջինս մեկուկես տարի անց՝ 32 տարեկան հասակում, հերոսաբար զոհվեց Հադրութի շրջանի Նորաշենի բարձունքի համար մղվող մարտում։ Նա հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով։ Այսօր Հարությունն է արդեն 30 տարեկան, և շարունակում  է  հոր գործը՝ ծառայելով  ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում։  Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 30-ին Արմենչոյի մեծ ընտանիքն անպայման այցելում է հարազատ Տող գյուղ և ծաղիկներ դնում գյուղի կենտրոնում կանգնեցված հուշաքարին։ 

Արմենչոյի կինը՝ Անժելան, հիշում է, որ 25 տարի առաջ այդ օրերին ինքը երեք զավակների հետ գտնվում էր Ստեփանակերտում։ Արդեն մի քանի օր է, ինչ ամուսնուց ոչ մի լուր չկա։ Մի օր էլ բարեկամներից մեկը եկավ, թե  խոսակցություններ են շրջանառվում Տողը ազերիներից  ազատագրելու մասին և հորդորեց չանհանգստանալ։ ՙԵրեք օր անց միայն Արմենը եկավ ու հաստատեց  լուրը, ասելով, որ գյուղի ազատագրումն իր նվերն է առաջնեկի ծննդյան կապակցությամբ՚, - պատմում է Անժելան։ 

Այդ փայլուն գործողության մասին շատ է գրվել և կարիք չկա խորանալ դրա մանրամասների մեջ, միայն հարկ է նշել, որ, անշուշտ, Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային¬ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, և կարևոր էր թե՜ ռազմական, թե՜ պատմական տեսանկյունից։ Զինակից ընկերները հաստատում են, որ Արմենչոն վստահ էր, որ գործողությունն առանց զոհի է ավարտվելու, ու այդպես էլ եղավ։ Նա սխալվեց միայն մի բանում՝ ասելով, որ թուրքի գնդակն իրեն չի կպչի, ինչը եղավ  նշված գործողությունից մեկուկես տարի անց։ Նա հերոս է իր ազգի, հայրենիքի։ Եվ հանուն  հայրենիքի էլ զոհասեղանին  դրեց ամենաթանկը՝ սեփական կյանքը։  

Հերոսներին պետք է ճանաչել դեմքով և թույլ չտալ, որպեսզի աղավաղվի  պատմությունը։

Երիտասարդ տարիքում կորցնելով ամուսնուն, հերոսի կնոջը հաջողվել է չորս երեխաներին տալ ճիշտ դաստիարակություն։ Բոլոր չորսն էլ ստացել են բարձրագույն կրթություն։ Երկու զավակները՝ Հարությունն ու Հրայրը, ծառայում են Պաշտպանության բանակում, երրոդը՝ Հայկը, աչքի է ընկել ապրիլյան քառօրյա պատերազմում ու ցուցաբերած քաջության համար արժանացել ՙԱրիության համար՚ մեդալի։ Երեք որդիները, մասնակցելով ապրիլյան պատերազմական գործողություններին, ապացուցել են՝ արժանի զավակն են իրենց հերոս հայրիկի, պետության ու ժողովրդի։ Իսկ դուստրը՝ Հեղնարը, աշխատում է, ինչպես նաև օգնում 2 բալիկի հայրիկ դարձած ավագ եղբոր երեխաների խնամքի գործում։ Արմենչոյի մեծ ու համերաշխ ընտանիքի տան դռները միշտ բաց են ընկերների ու բարեկամների համար։ Իսկ բոլորովին վերջերս, ընդամենը մեկ ամիս առաջ, Արմենչոյի օջախում լույս աշխարհ եկավ շատ սպասված Արմեն Հարությունի Գասպարյանը՝ յուրահատուկ նվեր արդեն Հարությունի կողմից իր Նինա տատիկին ու մայրիկին։

 

Կարինե Սաֆարյան