[ARM]     [RUS]     [ENG]

2016-ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Որ զբոսաշրջության ոլորոտում 2016-ին որոշակի մարտահրավերներ ենք ունենալու, որ միջազգային զբոսաշրջիկների թվի անկում կարող է գրանցվել, պատասխանատուները հայտարարել էին ավելի վաղ՝ դեռ ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին:

Հայտարարել, սակայն ձեռքները ծալած չեն նստել: Արդյունքում՝ մտավախություններից անհամեմատ քիչ նվազում արձաագրվեց: Փոխարենը արձանագրվում են հաջողություններ համեմատաբար նոր զբոսաշրջավայրերի հանրաճանաչման հարցում: Տիգրանակերտը առաջինների թվում է:

Իսկ ապրիլյան պատերազմի հետեւանքներն առաջիններից մեկը զբոսաշրջության ոլորտում են զգացել: Ամռանը, ակտիվ տարեշրջանում, նախորդ տարվա համեմատ, Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 20 տոկոսով պակաս էր: Ինն ամսվա կտրվածքով ցուցանիշներն ավելի հուսադրող են. 2015-ին դեռ զիջում ենք, բայց ոչ այդքան ընդգծված: ՙԵթե համեմատելու լինենք նախորդ տարվա հետ՝ մոտ 17 տոկոս նվազում ունենք՚,- նշում է ԼՂՀ էկոնոմիկայի  նախարարության զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի եւ վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը: Դա կազմում է ավելի քան 12 հազար այցելու:  Բերված թվում ներառված են միայն նրանք, ովքեր Արցախ գալու մուտքի արտոնագիր են ստացել՝ ավելի քան 12 հազար այցելու: Շատ ավելի մեծ է այն այցելուների թիվը, ովքեր մուտքի արտոնագրի կարիք չունեն: ՙՄեր դիտարկումներով՝ այս տարի բավական աճել է ՀՀ-ից այցելողների թիվը,- վստահեցնում է Սերգեյ Սարգսյանը:- Այդ մասով առանձին հաշվարկ-հաշվառում չի տարվում, սակայն զբոսաշրջավայրերը, թանգարաններից շատերը իրենց այցելուների ընդհանուր թիվը պահում են: Եվ հենց այդ թվերն էլ թույլ են տալիս գնահատել ընդհանուր իրավիճակը՚:

Ավանդական ուղղությունների՝ Շուշիի եւ Գանձասարի շարքում արդեն իր անվիճելի տեղն է ապահովել նաեւ համեմատաբար ավելի ուշ հանրաճանաչված զբոսաշրջավայրերից Տիգրանակերտը: Արցախի եզակի զբոսաշրջավայրերից է, որտեղ մոտքը վճարովի է: Սակայն անգամ դա չի ետ պահում այցելուներին: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 6600-ից ավելի այցելու է ունեցել? միայն տոմսով: Պատասխանատուները վստահ են՝ ավելի մեծ է նրանց թիվը, ովքեր առանց տոմսի են այցելում՝ զինծառայողներ, թոշակառուներ, աշակերտներ եւ հասարակության այլ խմբերի ներկայացուցիչներ: ՙԵթե տարիներ առաջ ասում էինք, թե չկա մեկը, որ Արցախ այցելի եւ չլինի Շուշիում, ապա այսօր նույնը կարող ենք ասել Տիգրանակերտի մասին՚,- ուրախությամբ արձանագրում է Սերգեյ Սարգսյանը։ Աշոտ Հակոբյանն էլ բացառություն չէ: Արդեն որոշ մանրամասներ գիտի Տիգրան Մեծի անունը կրող քաղաքի մասին: ՙԻնքնին հետաքրքիր է եւ քաղաքի հայտնաբերման պատմությունը, եւ պեղումների ընթացքը եւ ներկայացված նմուշները,- թվարկում է նա:- Ուզում եմ հավատալ, որ այստեղ աշխատանքները կշարունակվեն եւ մենք, ի վերջո, կունենանք Տիգրան Մեծի անունը կրող քաղաքի ամբողջական տեսքը՚: Տիգրանակերտ այցելելը ծրագրի պարտադիր, բայց միակ կետը չէ: Աշոտ Հակոբյանը ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ կազմակերպության կոլեկտիվի կազմում է ժամանել: Արցախ եկել են երկու օրով: Միջին գիշերակացն ավելի երկար է: Ընդ որում, այդ աճն ապահովում են նոր առաջարկների շնորհիվ: Նորություններն անպակաս են: Այնպես անել, որ զբոսաշրջիկն Արցախում չհասցնի ձանձրանալ:  Այս տրամաբանությամբ? գրեթե ամեն տարի համալրվում է զբոսաշրջավայրերի ցանկը, բարեկարգվում են արդեն գործողները: Հանրապետության զբոսաշրջավայրերի թվում արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հարավային ուղղությունը, որի ամենաճանաչված հանգրանը դառնալու հայտ է ներկայացնում Տողի մելիքական ապարանքը: Ոլորտի պատասխանատուները վստահ են, որ ջանքերը արդյունք կտան նաեւ բավական բարդ 2016 թվականին, եւ տարեվերջին զբոսաշրջության ոլորտում բարելավված ցուցանիշներ կունենանք: Դրա համար հիմքեր կան: Այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Արցախ, քան 2015-ի սեպտեմբերին:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ