[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նոյեմբերի 2-ին Արցախի ժուռնալիստների միությունը կազմակերպել էր քննարկում, որի գլխավոր թեման ՙՍտեղծագործող անձանց ու ստեղծագործական միավորումների մասին՚ օրենքի նախագիծն էր:

Միջոցառմանը հրավիրված էին Աժ պատգամավորներ, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, միության անդամներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 

Ըստ միության նախագահ Կիմ Գաբրիելյանի` նման օրենքի անհրաժեշտություն զգացվում էր վաղուց, և մտահղացումն էլ նոր չէ:  Նա նշեց, որ օրենքն ԱԺ-ում քննարկման դնելու և ընդունելու դեպքում ստեղծագործողներն իրենց աշխատանքում օրենսդրական հիմք ունենալու, աջակցություն ստանալու և աշխատանքային պայմանները բարելավելու կոնկրետ հնարավորություններ կունենան: Բացի այդ, դրանով նաև ստեղծագործական միությունները ձեռք կբերեն հասարակական և մշակութային կարևոր արժեք` լուծելով իրենց խնդիրները: Ներկայում ստեղծագործական միությունները գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ և գործում ՀԿ-ների համար սահմանված օրենքով, մինչդեռ ստեղծագործական միությունները տարբերվում են այդ կազմակերպություններից, քանի որ մշակութային արժեքներ են ստեղծում և տալիս հոգևոր արտադրանք: 

Արցախի ժուռնալիստների միության անդամ, պատմաբան Մհեր Հարությունյանը մտահղացումը ողջունելի համարեց` նշելով, որ օրենքի նախագիծը կազմողների հիմնական խնդիրն այսօր այն հնարավորինս կատարելագործելն ու հղկելն է, որպեսզի հետագա ընթացակարգերում բարդությունների առաջ չկանգնեն: 

Միջոցառման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ օրենքի ընդունմամբ կհստակեցվի ազատ ստեղծագործող անձանց (նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, լրագրողներ և այլք) և միավորումների կարգավիճակի խնդիրը, հաշվի կառնվի նաև ստեղծագործական աշխատանքի չնորմավորված լինելը: Ըստ Կ. Գաբրիելյանի` այն նաև պարզություն կմտցնի ստեղծագործող մարդու մասնագիտական տարիները կենսաթոշակ նշանակելիս հաշվի առնելու հարցում, վերջիններիս կօգնի օգտվել վարկային տարբեր արտոնություններից և այլն:                       Քննարկման ընթացքում օրենքի ներկայացվող նախագծի վերաբերյալ նաև որոշ մտահոգություններ հնչեցին: Քանի որ ՀՀ-ում նույնպես նման օրենք չի գործում, պատգամավոր Վարդգես Բաղրյանն առաջարկեց խորհրդակցել ՀՀ ժուռնալիստների միության և ՀՀ  ԱԺ խորհրդարանականների հետ համատեղ աշխատելու և գաղափարը շրջանառության մեջ դնելու ուղղությամբ: ԼՂՀ Ժուռնալիստների  միության ղեկավարը ՀՀ-ում նմանատիպ օրենք չունենալը որպես արգելք չդիտարկեց` նշելով, որ կան տարբեր օրինակներ, երբ օրենսդրական և այլ դաշտերում գաղափարը խմորվում և իրականություն է դառնում հենց Արցախում: Կարծիք հնչեցվեց նաև` կապված անձի ստեղծագործական աշխատանքով զբաղված լինելու չափորոշիչների հետ: Ըստ Կ. Գաբրիելյանի` այստեղ հստակություն կարող են մտցնել նաև ստեղծագործական միությունները` տրամադրելով անհրաժեշտ  տվյալներ: 

Ընդունելով, որ նախագիծը սպասված է և ողջունելի, պատգամավորներ Վ. Բաղրյանը,  Վ. Ուլուբաբյանն ու Ա. Առստամյանը պատրաստակամություն հայտնեցին աշխատել դեռևս սաղմնային վիճակում գտնվող նախագծի կատարելագործման ուղղությամբ` ներգրավելով նաև համապատասխան փորձագետների:    

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ