ԵՐԿՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն
Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի Խաչվերացի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը (այս տարի՝ նոյեմբերի 5-ին) նշում է սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու Միքայելի և ամբողջ երկնային զորքերի՝ հրեշտակների տոնը:
Հաշվի առնելով այն փաստը, որ մեր ժողովրդի մեջ լայն տարածում ունեն հրեշտակների վերաբերյալ տարատեսակ (երբեմն նաև սխալ) պատկերացումներն ու ավանդությունները, ավելորդ չենք համարում համառոտ ներկայացնել հրեշտակներին առնչվող եկեղեցական վարդապետությունը:
ՙՀրեշտակ՚ նշանակում է դեսպան, պատգամաբեր: Այսպես են կոչվում այն երկնային էակները, որոնք, մարդկանց փոխանցելով Աստծո պատգամները և առ Աստված բարձրացնելով մարդկանց աղոթքները, ստեղծում են կապը երկնքի ու երկրի, հոգևոր ու նյութական աշխարհների միջև: Հրեշտակներն Աստծո ստեղծած առաջին արարածներն են և ստեղծվել են արարչագործության առաջին օրը՝ լույսի հետ: Նրանք մարդկանց պես բանական ու ազատ կամք ունեցող էակներ են, սակայն, ի տարբերություն մարդկանց, անմարմին են ու աննյութական, օժտված են առավել բարձր կարողություններով ու փառքով: Իբրև ոգեղեն էակներ՝ հրեշտակներն անսեռ են ու անմահ, իսկ նրանց թիվն էլ ՙհազարք հազարաց եւ բիւրք բիւոց՚ են, այսինքն՝ անթիվ-անհամար: Հրեշտակները, անտեսանելի լինելով, ժամանակի ընթացքում զանազան կերպարանքներով հայտնվել են մարդկանց՝ վճռորոշ դեր խաղալով տիեզերքի ու մարդկության պատմության մեջ:
Հրեշտակները սոսկ պարզ պատգամաբերներ չեն. նրանք կազմում են Երկնային Տիրակալի զորքը, գործադրում են Նրա հրամանները, զօր ու գիշեր փառաբանում և օրհնում Նրան, բարեխոսում մեզ համար, պահպանում և ուղղորդում մեզ մեր երկրավոր կյանքի դժվարին ճանապարհին: Շատ կարևոր ու անփոխարինելի են հատկապես այն դերն ու նշանակությունը, որ ունեցել են և շարունակում են ունենալ հրեշտակները մարդկանց փրկության գործում, քանի որ Սուրբ Գրքի համաձայն՝ նրանք ՙսպասարկող հոգիներ են, որոնք ուղարկում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը՚(Եբր. Ա 14):
Հրեշտակների դասը հայտնի է նաև որպես Երկնային քահանայապետություն: Սուրբ հայրերի վկայությամբ՝ ըստ Աստծուն մատուցած փառաբանության եղանակի՝ հրեշտակները բաժանվում են 9 դասի. Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ և Հրեշտակներ (քանի որ մարդկությունն առավել հաճախ շփվել է ստորին դասերի հետ, հրեշտակ անունն ընդհանրացվել է բոլոր դասերի համար): Երկնային քահանայապետության նմանությամբ էլ կազմվել են Երկրային Եկեղեցու նվիրապետական 9 աստիճանները:
Սուրբ Գրքի ու Սրբազան Ավանդության միջոցով մեզ են հասել որոշ հրեշտակների անուններ. Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել: Այս անունները տրվել են նրանց ըստ այն դիրքի կամ պաշտոնի, որով նրանք ծառայում են Աստծուն:
Հրեշտակների տոնին հատուկ նշվում են Գաբրիել ու Միքայել հրեշտակապետների անունները:
Գաբրիելը Քրիստոնեական եկեղեցու ամենահանրածանոթ հրեշտակապետն է (անունը թարմանաբար նշանակում է ՙԱյր Աստուծո՚ կամ ՙԶորություն Աստուծո՚): Նա նախ հիշվում է Դանիելի գրքում, երբ մարգարեին բացատրում է նրան հայտնված տեսիլքի իմաստը (Դան. Ը 15-27): Ավետարանից հայտնի են Գաբրիելի կողմից Հովհաննես Մկրտչի ու Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետումները (Ղուկ. Ա 26-38): Գաբրիելը ներկայանում է իբրև մեկը, որ մնում է Աստծո ներկայության մեջ: Սրանից ենթադրելի է, որ նա Աստծո անձնական ու անմիջական պաշտոնյան է, որ, գործի դնելով Նրա հրամանները, նպաստում է աստվածային տնօրինությունների կատարմանը:
Երկրորդ հանրածանոթ հրեշտակապետն է Միքայելը (բառացի՝ ՙՈ՞վ է նման Աստուծո՚): Ավանդության համաձայն՝ երբ հրեշտակների մի մասն Արուսյակ (Լյուցիֆեր) հրեշտակի գլխավորությամբ ապստամբում է Աստուծո դեմ, այս հրեշտակն արձակում է իր մարտական կանչը. ՙՈ՞վ է նման Աստուծո՚ (այսինքն՝ ոչ ոք չի կարող հավասարվել Աստծուն), և ապա հավատարիմ հրեշտակները նրա գլխավորությամբ հարձակվում են ապստամբների վրա ու վտարում երկնքից, իսկ այս մարտական կանչը դառնում է նրա անունը: Միքայելը ներկայացվում է իբրև չարի դեմ մարտնչող և Աստծո եկեղեցին չարից պաշտպանող հրեշտակ:
Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ