Logo
Print this page

ԵՐԿՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն

 Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի Խաչվերացի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը (այս տարի՝ նոյեմբերի 5-ին) նշում է սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու Միքայելի և ամբողջ երկնային զորքերի՝ հրեշտակների տոնը:

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր ժողովրդի մեջ լայն տարածում ունեն հրեշտակների վերաբերյալ տարատեսակ (երբեմն նաև սխալ) պատկերացումներն ու ավանդությունները, ավելորդ չենք համարում համառոտ ներկայացնել հրեշտակներին առնչվող եկեղեցական վարդապետությունը: 

ՙՀրեշտակ՚ նշանակում է դեսպան, պատգամաբեր: Այսպես են կոչվում այն երկնային էակները, որոնք, մարդկանց փոխանցելով Աստծո պատգամները և առ Աստված բարձրացնելով մարդկանց  աղոթքները, ստեղծում են կապը  երկնքի ու երկրի, հոգևոր ու  նյութական աշխարհների միջև: Հրեշտակներն Աստծո ստեղծած առաջին  արարածներն են և  ստեղծվել են արարչագործության առաջին օրը՝ լույսի հետ: Նրանք մարդկանց պես բանական  ու ազատ կամք ունեցող էակներ  են, սակայն, ի տարբերություն մարդկանց,  անմարմին են ու աննյութական, օժտված են առավել բարձր կարողություններով ու փառքով: Իբրև ոգեղեն էակներ՝ հրեշտակներն անսեռ են ու անմահ, իսկ նրանց  թիվն էլ ՙհազարք հազարաց եւ բիւրք բիւոց՚ են, այսինքն՝ անթիվ-անհամար: Հրեշտակները, անտեսանելի լինելով, ժամանակի  ընթացքում զանազան կերպարանքներով հայտնվել են մարդկանց՝ վճռորոշ  դեր խաղալով տիեզերքի ու մարդկության պատմության  մեջ:

Հրեշտակները սոսկ պարզ պատգամաբերներ չեն. նրանք կազմում են Երկնային Տիրակալի զորքը, գործադրում են Նրա հրամանները, զօր ու գիշեր փառաբանում և օրհնում Նրան, բարեխոսում մեզ համար, պահպանում և ուղղորդում մեզ մեր երկրավոր կյանքի դժվարին ճանապարհին: Շատ կարևոր ու անփոխարինելի են  հատկապես այն դերն ու նշանակությունը, որ ունեցել են և  շարունակում  են  ունենալ հրեշտակները  մարդկանց փրկության  գործում, քանի որ Սուրբ Գրքի համաձայն՝ նրանք ՙսպասարկող հոգիներ են, որոնք  ուղարկում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը՚(Եբր. Ա 14):

Հրեշտակների դասը հայտնի է նաև որպես Երկնային քահանայապետություն: Սուրբ հայրերի վկայությամբ՝ ըստ Աստծուն մատուցած փառաբանության եղանակի՝ հրեշտակները  բաժանվում են  9 դասի. Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ և Հրեշտակներ (քանի որ մարդկությունն առավել հաճախ շփվել է ստորին դասերի հետ, հրեշտակ անունն ընդհանրացվել է բոլոր դասերի  համար): Երկնային  քահանայապետության նմանությամբ էլ  կազմվել են Երկրային Եկեղեցու նվիրապետական 9 աստիճանները: 

Սուրբ  Գրքի  ու Սրբազան Ավանդության միջոցով մեզ են հասել որոշ հրեշտակների  անուններ. Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել: Այս անունները տրվել են նրանց ըստ այն դիրքի կամ պաշտոնի, որով  նրանք ծառայում  են Աստծուն: 

 Հրեշտակների տոնին հատուկ  նշվում  են Գաբրիել ու Միքայել հրեշտակապետների  անունները:

Գաբրիելը Քրիստոնեական եկեղեցու ամենահանրածանոթ հրեշտակապետն է  (անունը թարմանաբար նշանակում է ՙԱյր  Աստուծո՚ կամ ՙԶորություն Աստուծո՚): Նա նախ  հիշվում է Դանիելի  գրքում, երբ մարգարեին բացատրում է նրան հայտնված տեսիլքի  իմաստը (Դան. Ը 15-27): Ավետարանից հայտնի  են  Գաբրիելի կողմից  Հովհաննես  Մկրտչի ու Հիսուս  Քրիստոսի Ծննդյան  ավետումները (Ղուկ. Ա 26-38): Գաբրիելը ներկայանում է   իբրև մեկը, որ մնում է Աստծո ներկայության  մեջ: Սրանից ենթադրելի է, որ նա Աստծո անձնական ու անմիջական պաշտոնյան է, որ, գործի դնելով  Նրա հրամանները, նպաստում  է աստվածային  տնօրինությունների  կատարմանը: 

Երկրորդ հանրածանոթ հրեշտակապետն է Միքայելը (բառացի՝ ՙՈ՞վ է նման  Աստուծո՚): Ավանդության համաձայն՝ երբ հրեշտակների մի մասն Արուսյակ (Լյուցիֆեր) հրեշտակի գլխավորությամբ ապստամբում է Աստուծո դեմ, այս հրեշտակն  արձակում  է  իր  մարտական կանչը. ՙՈ՞վ է նման  Աստուծո՚ (այսինքն՝ ոչ ոք չի կարող հավասարվել Աստծուն), և ապա հավատարիմ հրեշտակները նրա գլխավորությամբ հարձակվում են  ապստամբների  վրա ու վտարում երկնքից, իսկ այս մարտական կանչը դառնում է նրա  անունը: Միքայելը ներկայացվում է իբրև չարի դեմ մարտնչող և Աստծո եկեղեցին չարից  պաշտպանող  հրեշտակ: 

Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.