Logo
Print this page

ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Շարունակվում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության գերակա ուղղություն համարվող՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական նպաստների տրամադրման ծրագրերը։

Ծնելիության, բազմազավակության և ամուսնությունների  խրախուսման ծրագրերը միտված են երիտասարդ ընտանիքներին աջակցելուն, դրանով իսկ խթանում առողջ սերունդ, առողջ ընտանիքներ ունենալու պետության կարևորագույն քաղաքականության իրագործմանը։ 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության նպաստների բաժնի պետ Նոնա Ալավերդյանի տեղեկատվությամբ՝ հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով  2016թ. ինն ամսվա տվյալներով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ է հատկացվել 2117 հոգու։ Այդ ծրագրի համար պետբյուջեից հատկացված գումարը կազմել է 605 մլն 900 հազ. դրամ։ Համաձայն գործող որոշման՝  առաջին երեխայի ծննդյան դեպքում հատկացվում է 100 հազ. դրամ, երկրորդ երեխայի՝ 200 հազ., երրորդ՝ 500 հազ., չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 700 հազ. դրամ։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 2117 նպաստառուներից 748-ը  միանվագ գումար ստացել է առաջին երեխայի ծննդյան կապակցությամբ, 708-ը՝ երկրորդ, 366-ը՝ երրորդ և 295-ը՝ չորրորդ ու հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ։ Համեմատական տվյալներով՝ այս տարի որոշակիորեն նվազել է նպաստառուների թիվը։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում երեխայի ծննդյան միանվագ  նպաստ է ստացել 744 հոգի, Մարտունու շրջանում՝ 332, Մարտակերտի՝ 296, Ասկերանի՝ 252, Քաշաթաղի՝ 201, Հադրութի՝ 142, Շուշիի՝ 90, և Շահումյանի շրջանում՝ 60 նպաստառու։ 

Անդրադառնալով նորաստեղծ ընտանիքների ամուսնության միանվագ նպաստների վճարման գործընթացին՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ մինչև 2013թ. մայիսի 1-ը գրանցված ամուսնությունների կապակցությամբ նորաստեղծ ընտանիքներին տրամադրվում էր 300-հազարական դրամ ամուսնության միանվագ նպաստ։ Իսկ մայիսի 1-ից հետո գործող նոր որոշման համաձայն՝ գրանցված ամուսնությունների դեպքում արդեն յուրաքանչյուր անձի հատկացվում է 150-հազարական դրամի ամուսնության նպաստ։ 

Դիտարկվող ժամանակահատվածում Արցախում ամուսնության միանվագ նպաստ է հատկացվել 1449 անձի, որոնցից 23-ը ԼՂՀ  ՊԲ պայմանագրային զինծառայողներ են։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1343 նպաստառու (32 զինծառայող)։ Դիտարկման արդյունքներով՝ ամունացողների թիվն աճել է 106-ով։ Ամուսնացած զույգերին տրվող նպաստների ընդհանուր գումարը կազմել է 217մլն 350 հազ. դրամ։ 

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ստեփանակերտում ամուսնության միանվագ նպաստ է հատկացվել 537 հոգու, Մարտունու շրջանում՝ 247, Մարտակերտի՝ 224 (որից  33-ը Շահումյանի շրջանում), Ասկերանի՝ 128, Քաշաթաղի՝ 123, Հադրութի՝ 117 և  Շուշիի շրջանում՝ 73 հոգու։ 

Ամուսնության նպաստի իրավունք ունեն ԼՂՀ քաղաքացիական ակտերի գրանցման մարմիններում իրենց ամուսնությունը գրանցած այն զույգերը, ովքեր ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթեր հանրապետությունում մշտական հաշվառման և իրավասու մարմինների կողմից պահանջվող այլ տեղեկանքներ։ Նպաստ հատկացվում է պահանջվող փաստաթղթերով ամուսնության գրանցման պահից 6 ամսվա ընթացքում դիմումը ներկայացնելու դեպքում։   

Ամուսնության նպաստ ստանալու համար օրենքում կան որոշակի հստակեցումներ, այսպես, եթե անձն  ամուսնանա նախկինում ամուսնության մեջ գտնված, միանվագ նպաստ ստացած և հետագայում ամուսնալուծված անձի հետ, ապա տվյալ անձին կհատկացվի նպաստ, իսկ նախկինում նպաստ ստացած անձին՝ ոչ։ 

Նպաստի վճարումներն իրականացվում են ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ մասնաճյուղերի միջոցով՝ իրավասու մարմնի կողմից կազմված վճարման ցուցակներով։ Իսկ արդեն յուրաքանչյուր եռամսյակից հետո ՙԱրցախբանկի՚ կողմից լիազոր մարմնին ներկայացվում է հաշվետվություն ստացված և վճարված գումարների մասին։ 

 

 

ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.