[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

Յուրաքանչյուր ժողովուրդ որոշակի արժեքային առանձնահատկություններ ու սովորություններ ունի, որոնցով էլ ձևավորվում է տվյալ ժողովրդի արժեհամակարգը, դառնում նրա դիմագիծը:

Ու հենց դրա շնորհիվ են ազգերն ու ազգությունները տարբերվում միմյանցից: Հայ ժողովուրդն էլ ունի իրեն բնորոշ հատկանիշները, որոնք սերնդեսերունդ փոխանցվում և ազգի ինքնության պահպանման հիմք են դառնում: Հային բնութագրող կարևոր հատկանիշներից մեկն էլ խնամքի կարոտ մարդկանց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքն է: Այն առավելս դրսևորվում է տարեցների և հաշմանդամների պարագայում: Այդ հոգածությունն արտահայտվում է նաև պետական մակարդակով:

ԼՂՀ կառավարության 2014թ. մայիսի 24-ի որոշմամբ ստեղծվեց  ԼՂՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՙՏնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն՚ ոչ կառավարչական հիմնարկը: Այն  ԼՂՀ  օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ սոցիալական սպասարկման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

Կենտրոնը նպատակ ունի տնային պայմաններում ապահովել խնամքի կարիք ունեցող միայնակ տարեց և հաշմանդամ անձանց սոցիալական սպասարկումը, կազմակերպել տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման, խնամքի իրականացումը, աջակցել նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող բոլոր միայնակ տարեցների և հաշմանդամների համար ապահովվում է սպասարկման պատշաճ մակարդակ,  կազմակերպվում են տնային պայմաններում կենցաղային սպասարկման, իրավաբանական և սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, բժշկական օգնություն:

Այս գործառույթներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում:

Իրականացվող աշխատանքների շուրջ զրուցեցինք ԼՂՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՙՏնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոն՚ ոչ կառավարչական հիմնարկի Մարտունի քաղաքի աշխատակից  Սվետլանա Մայիլյանի հետ:

 Նրա տեղեկատվությամբ՝ շրջանում կենտրոնն իր գործունեությունն սկսել է 2015թ. փետրվարի 1-ից: Սկզբում գրանցված էր վերոնշված կարգավիճակի 20 մարդ: Ս. Մայիլյանն անչափ կարևորում է այդ կենտրոնի նշանակությունը: Մարդիկ, ովքեր աջակցություն են ստանում, իրոք, գտնվում են բավականին ծանր ֆիզիկական և հոգեկան վիճակում: Կան քաղաքացիներ, ովքեր տեղաշարժվելու, անգամ խանութ գնալու համար ֆիզիկապես անկարող են: ՙՄեզ մոտ գրանցվածները հիմնականում ստանում են բուժօգնություն, քանզի նրանք տառապում են տարբեր հիվանդություններով: Պետք է` դեղորայք եմ ստանում հիվանդանոցից կամ գնում դեղատներից, կենսաթոշակն ստանում, խանութից անհրաժեշտ գնումներ անում: Անհրաժեշտության դեպքում (իսկ սա շատ հաճախ է պատահում) ճաշ եմ պատրաստում, կենցաղային տարբեր հարցեր լուծում, մուծումներ ու մարումներ կատարում: Շատ դժվար աշխատանք է. բոլորի հետ ապրում ես նրանց ցավերն ու հոգսերը: Նրանք  մարդիկ են, ովքեր հասարակությունից մի տեսակ կտրված վիճակում են` հազար ու մի բողոքներով ու դժգոհություններով: Պատահում է` խնդրում են նստել իրենց կողքին, զրուցել, լսել պարզապես,- ասում է Սվետլանան:- Զգում ես, որ նրանք նաև խոսելու, արտահայտվելու, շփվելու մեծ կարիք ունեն՚։ 

Բուրգեիսա Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և ապրում է բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի մեկսենյականոց բնակարանում: Միայնակ այս կինը մեծ դժվարությամբ է տեղաշարժվում: Արդեն 18 տարի է, ինչ առողջության պատճառով չի կարողանում աշխատել: ՙԵս խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր կառավարությանը, մարդկանց, ովքեր անհանգստացած են մեր վիճակով: Դժվարություններով լեցուն մեր իրականության մեջ, երբ բազմաթիվ խնդիրներ կան, այնքան էլ հեշտ չէ ուրիշի ցավով ապրելը: Սվետլանան միշտ պատրաստակամ և հոգատար վերաբերմունք է ցուցաբերում, գիտեմ, որ օրվա ցանկացած պահի կարող եմ դիմել խնդիրներով, ու նա անպայման իմ կողքին կլինի: Հավատացեք, որ ինձ համար դա անչափ կարևոր է: Ես արդեն երկար ժամանակ է, ինչ տեղաշարժվելու հնարավորություն չունեմ: Իմ դեղորայքը, կենսաթոշակը ստանում և բերում է ժամանակին, անհրաժեշտության դեպքում նաև խանութից գնումներ կատարում: Ես չեմ պատկերացնում, ինչպես կապրեի, եթե չլիներ նրա օգնությունը՚,- ասում է Բուրգեիսան: 

Ռայա Ավանեսյանը 77 տարեկան է: Ապրում է մենակ, Մարտունու ծայրամասային թաղամասերից մեկում, սեփական տանը: Նրա  միակ որդին` Արթուրը, թշնամու գնդակից զոհվել է 1991 թվին. հոկտեմբերի 3-ին: Մեր զրույցի ընթացքում տիկին Ռայան ներկայացրեց իր վիճակը և աջակցությունը, որ ստանում է: Նրա առողջական վիճակը թույլ չի տալիս հոգալու առօրյա հոգսերը: Այս աջակցությունը, նրա խոսքով, փրկության նման մի բան է: Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ուշադրության կենտրոնում են պահում միայնակ և աջակցության կարիք ունեցող մարդկանց, երկրի ղեկավարությանը` ցուցաբերվող օգնության համար: 

Ռոզա Դադամյանը երեք զոհված ազատամարտիկների մայր է: Որդիների կորստից հետո  հենարանը ամուսինն էր, ում կորցրեց մի քանի տարի առաջ: Միայնակ կինն ապրում է Մարտունու ամենածայրամասային թաղամասում: Բազմաթիվ հիվանդություններով է տառապում, մշտապես   բուժօգնության կարիք ունի: Հիմնականում անկողնային վիճակում է: ՙԵս նյութականի հետ կապված խնդիր չունեմ, իմ կենսաթոշակն ինձ բավարարում է: Բայց առողջական վիճակս թույլ չի տալիս տեղաշարժվելու: Այս օգնությունն անգնահատելի է, ինչի համար ուզում եմ հայտնել իմ խորին  շնորհակալությունը՚,- ասում է տիկին Ռոզան:  

Գրանցված բոլոր անձինք, կարելի է ասել, ունեն նույն խնդիրները: 

Կենտրոնը շարունակում է իր գործունեությունը, ինչը փրկություն է ճակատագրի քմահաճույքով ծանր վիճակում հայտնված մարդկանց համար:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ