[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԻՆ

ՙԲաց դռների օր՚ Ստեփանակերտում 

 Նոյեմբերի 7-8-ը ՀՀ ՙԷկոՍենս՚ ախտորոշիչ կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի ՙԴենտեքս Դենտալ՚ ՍՊԸ-ում կազմակերպվեց ՙԲաց դռների օր՚։ Ծրագրի շրջանակներում հայաստանյան մասնագետների՝ գինեկոլոգի, ռևմատոլոգի և ուլտրաձայնային հետազոտողի կողմից կատարվեցին անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։ Նոյեմբերի 7-ին ԼՂՀ  ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում ՙԷկոՍենս՚ կենտրոնի ներկայացուցիչները Արցախի մանկաբարձ-գինեկոլոգների և հարակից մասնագետների համար հերթական անգամ անցկացրին կոնֆերանս։ Նշենք, որ այս Կենտրոնի մասնագետները դեռևս երկու տարի առաջ Արցախում կազմակերպելով կոնֆերանս և բարեգործական ակցիա, համագործակցության կապեր են հաստատել ՙԴենտեքս Դենտալ՚ կլինիկայի հետ, որտեղ սկսեց  գործել ՙԷկոՍենսի՚ մասնաճյուղը։ Այս տարիների ընթացքում Ստեփանակերտի մասնաճյուղում տեղակայված փոքր ախորոշիչ կենտրոնի ուլտրաձայնային հետազոտման մասնագետի կողմից համապատասխան սարքավորումներով կատարվել են ավելի քան 7 հազար ախտորոշիչ հետազոտություններ։ ՙԷկոՍենս՚ ախտորոշիչ կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսա Նազարյանի պարզաբանմամբ՝ քանի որ հոկտեմբերի 12-ը Ռևմատոլոգի միջազգային օրն է, և Երևանում այդ կապակցությամբ անց են կացրել եռօրյա հետազոտությունների ակցիա, ուստի որոշեցին ծրագիրը շարունակել նաև Արցախում։ Թե՜ Երևանում, և թե՜ Ստեփանակերտում բարեգործական ծրագրի շրջանակներում հետազոտվողների թիվը բավական մեծ էր։ ՙՀասկանալով, որ հայ կանանց մեծ մասն իրենց առողջությանը չեն հետևում, ուստի որոշեցինք կազմակերպել անվճար հետազոտությունների ակցիա և մասնագետների շարքում  ընդգրկել նաև գինեկոլոգի, որ կանայք մեկ անգամ ևս հնարավորություն ունենան զբաղվել իրենց առողջական խնդիրներով, քանի որ առողջ կինը՝ առողջ ընտանիքի գրավականն է։ Կարծում եմ, որ Արցախի զարգացման ծրագրերում ոչ միայն պետական շրջանակները պետք է առաքելություն ունենան, այլև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, և ամեն մեկն ինչ-որ լումա ներդնելով ԼՂՀ առողջապահության համակարգի զարգացման համար կունենանք արդյունավետ բժշկություն։ Մեր օրինակով փորձում ենք ցույց տալ, որ բարեգործական այս ակցիաները շատ կարևոր են ազգաբնակչության համար՚,- նշեց Ի. Նազարյանը։ 

ՙԷկոՍենս՚ կենտրոնը Հայաստանի լաբորատոր ախտորոշիչ ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրք։ Բացի լաբորատոր հետազոտություններից կազմակերպում է համալիր բուժօգնության ծրագրեր ժամանակակից բժշկության վերջին մեթոդներով։ Շուտով Ստեփանակերտի մասնաճյուղում կաշխատի նաև սրտաբան։ Յուրահատուկ հետազոտությունների կարիքի դեպքում կենսանմուշներն ուղարկվում են Երևան։ Կենտրոնն ապահովված է դրանց տեղափոխման բոլոր միջոցներով, իսկ արդեն Երևանում պահանջվող սարքավորումների ու մասնագետների օգնությամբ կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ, ճշգրիտ ախտորոշումներ։ 

Քանի որ բժշկությունն անընդհատ զարգացող գիտություն է, ուստի ՙԷկոՍենս՚ ախտորոշիչ կենտրոնի մասնագետները բացի անվճար հետազոտությունների ծրագրից Ստեփանակերտի մասնկաբարձ- գինեկոլոգների համար կազմակերպեցին կոնֆերանս՝ նվիրված ոլորտի վերջին նորույթներին, մասնավորապես սեռական ճանապարհով փոխանցվող գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտման նորագույն մեթոդներին և վիտամին D-ի անբավարարության հետևանքով վերարտադրողական տարիքում առաջացած խնդիրներին։

Կոնֆերանսին ներկա էր նաև ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը։ Նշված թեմաները ներկայացրեց Կենտրոնի գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանը, ով վաղուց համագործակցում է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բուժանձնակազմի հետ։ Նրա խոսքով՝ թեմաները բավականին հետազոտված և լուսաբանված են, բայց, այնուամենայնիվ, ամեն տարի երևան են գալիս ախտորոշման նոր մեթոդներ, թեստեր, որոնք օգտագործվում են ժամանակակից բժշկության մեջ։ Ռ. Վարդանյանը ներկայացրեց գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման վերջին թեստ-հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս պարզել հորմոնալ, գենետիկ և այլ խախտումներ։ Նա անդրադարձավ նաև բժշկության մեջ արդեն հնացած և ներկայումս կիրառվող արդյունավետ մեթոդներին։ Գինեկոլոգը տեղի մասնագետներին հորդորեց հետևել բուժման ժամանակակից չափորոշիչներին, ախտորոշումներին, որոնք ներկայումս հնարավորություն են տալիս առավել քիչ նշանակվող դեղորայքով ստանալ լավ արդյունքներ։ Ռ. Վարդանյանը պարզաբանեց նաև նորագույն մեթոդների առանձնահատկությունները, առավելությունները և կոնկրետացավ արդիական թեմաներից մեկին՝ վիտամին D-ի անբավարարության հետ կապված այն բոլոր խնդիրներին, որոնք առաջանում են կանանց և տղամարդկանց ոչ միայն վերարտադրողական շրջանում, այլև ուշ տարիքում։ Վիտամին D-ն  կարևոր է ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների առողջության համար։ Այն համարվում է արևային վիտամին, ուստի կարևոր է, որ մարդիկ որոշակի ժամերի լինեն արևի ճառագայթների ներքո, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն օրգանիզմում առաջացնում են վիտամին D։ Ռ. Վարդանյանը ներկայացրեց վիտամին D-ի մյուս աղբյուրները, որոնք ունեն բուսական և կենդանական ծագում, ապա սխեմաներով ներկայացրեց ժամանակակից բժշկագիտության  մի շարք հիվանդություններ՝ կապված  վիտամին D-ի անբավարարության հետ։ Վիտամին D-ի նվազ քանակը օրգանիզմում իջեցնում է մարդու  իմունիտետը և առաջացնում սիրտ-անոթային համակարգի, չարորակ ուռուցքների, մաշկային, մազերի ֆոլիկուլների, վերարտադրողական խնդիրների և մի շարք այլ հիվանդություններ, բորբոքային պրոցեսներ։ Դրան զուգահեռ վիտամին D-ն պետք է ընդունել չափաբաժնով, առանց չարաշահման։ 

Կոնֆերանսի ընթացքում մասնագետները կիսվեցին նաև բժշկության ոլորտում կազմակերպված վերջին գիտաժողովների թեմաներով, աշխատանքային փորձով և հաստատեցին համագործակցության սերտ կապեր տեղի գործընկերների հետ։ ՙԷկոՍենս՚-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ Կենտրոնի  կողմից առաջարկվող հետազոտությունները մեծ համբավ են վայելում մասնագետների շրջանում, ապահովում են աշխարհում ընդունված արդի չափանիշները, ինչը միայն երևանյան 1-2 լաբորատորիաներ են կարողանում անել։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ