[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ. Ի ՆՊԱՍՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԵՂԵՑԻԿ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Մայրաքաղաք Ստեփանակերտի մասին բոլոր այցելուների կարծիքը բարյացակամ է` շնորհիվ նրա  մաքուր, կոկիկ ու գեղեցիկ տեսքի:

Նման կարծիքի ձևավորման մեջ մեծ դերակատարություն ունեն քաղաքն սպասարկող կոմունալ ծառայությունները, հատկապես` ՚Սանմաքրումՙ և ՚Ակադեմիկոս Թախտաջյանի անվան բուսաբանական այգիՙ կազմակերպությունները: Ներկայացնենք վերջինիս կատարած աշխատանքը:

Զրույցն սկսվեց անբարենպաստ եղանակի պատճառով աշնանն անցկացվող Սանմաքրման, ծառատնկման, բարեկարգման ավանդական միամսյակը տեղի չունենալու առիթով, ինչին ՙԱկադեմիկոս Թախտաջյանի անվան բուսաբանական այգի՚ ՓԲԸ տնօրեն Համլետ Դավթյանը  հակադարձեց՝ ասելով, որ իրենց աշխատանքների բնույթը լավ և վատ եղանակին չի նայում. հիմնարկը կատարում է  բոլոր այն աշխատանքները, որոնք առնչվում են կանաչ գոտիների պահպանման ու զարգացման հետ:

Ընկերության տնօրենը նշեց, որ անգամ ապրիլյան իրադարձությունների ժամանակ հիմնարկը շարունակել և իրականացրել է բոլոր անհրաժեշտ սեզոնային աշխատանքները, քանի որ հետո ուշ կլիներ, և հավելեց, որ դրանով հանդերձ, ընկերությունն իր ուժերի չափով նեցուկ է եղել սահմանագծի պաշտպանությանը. հատկացրել է երկու միավոր տեխնիկա, երեք հոգի էլ զորահավաքով առաջնագիծ է մեկնել: 

Հ. Դավթյանի տեղեկատվությամբ` միայն Եռատոնի նախօրեին քաղաքի կանաչ գոտիները պատշաճ տեսքի բերելու համար Երևանից ձեռք են բերվել 54.000 տարբեր տեսակի ծաղիկներ, սածիլներ: Ինչո՞ւ Երևանից: Պարզվեց, որ ընկերությանը պատկանող ջերմոցները չունեն համապատասխան չափանիշներ. ջեռուցումը կատարվում է փայտով, ինչի պատճառով չեն կարողանում հավասարաչափ  անհրաժեշտ ջերմություն պահպանել: Կա նաև մեկ ուրիշ թերություն. ջերմոցները ծածկված են պոլիէթիլենե թաղանթով:

Տնօրենն ընդգծեց, որ 2016-ին, նախորդ տարվա համեմատ, մայրաքաղաքի կանաչ գոտիներն ընդլայնվել են ավելի քան 1,6 հազար քառ. մետրով: Ընկերության տեղամասերի խնամող բանվորները  մայրաքաղաքի սիզամարգերում աճող տարբեր տեսակի վարդերից ձևավորման ժամանակ կտրել-առանձնացրել են 300 վարդի կտրոն: Դրանք և բնապահպանության վարչության կողմից տրամադրված տնկիները` 400 հացենի և 400 լորենի, տեղափոխվել են հիմնարկի տնկարանային տնտեսություն ու տնկվել նախապես մշակված հողաբաժնում` հետագա ծառատունկի համար: Ծառատունկի ժամանակ տնկվել են 243 տարբեր տեսակի ծառեր: Շատ ծառեր են տնկվել ՙԱրեշ՚ թաղամասում, տնկիներ են հատկացվել զորամասերին: Տարվա կտրվածքով մայրաքաղաքում տնկվել է 634.000 ծաղկի սածիլ, որից հետո կանաչ տնկարկներն ամեն երկրորդ օր, իսկ ամռանը` ամեն օր, ջրվել են ջրցան մեքենաներով, երկու ամսվա ընթացքում փխրեցվել և քաղհանվել են 55-65 անգամ: Ընկերության աշխատակիցների կողմից հավաքվել և պահեստավորվել են զանազան ծաղիկների սերմեր: Քաղաքի տարբեր փողոցներում ցանվել է 125 կգ խոտի սերմ: Ամսվա կտրվածքով գազոնապատված բոլոր  տարածքների խոտը խուզվել է 3-4 անգամ: Խոտհնձիչների համար անանցանելի խոտածածկ գոտիները, որոնք հանդիսանում էին հրդեհի աղբյուր, հարվել են գերանդիով: Տարվա կտրվածքով երկու անգամ՝ ապրիլ, օգոստոս ամիսներին, մայրաքաղաքի բոլոր ծառերի բները կրապատվում են, ծառերի  բնաբաժակները փխրեցվում են, ջրվում են երիտասարդ ծառերը, 3-4 անգամ ձևավորվում են ծառաթփերը: Ծավալուն աշխատանքներ են տարվում նաև ջերմոցներում. իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, հողը հարստացվում է գոմաղբով, վնասատուների դեմ պայքար է տարվում դեղամիջոցներով: Հ. Դավթյանն ընդգծեց, որ տոն օրերին, նախօրոք կազմված ժամանակացույցի համաձայն, ընկերության բանվորները հերթապահում են. հավաքում են սիզամարգերի աղբը, ծառերի կոտրած Ճյուղերը, ձմեռն էլ` ծառերը մաքրում ձյունից: Քաղաքապետարանի որոշմամբ, հիմնարկի միասնական աշխատուժով այս տարի հատվել են 62 տարբեր տեսակի ծառեր: Ձևավորվել է 966 ծառ, երիտասարդացվել  520¬ը: Այդ աշխատանքների արդյունքում կուտակվել է վառելափայտ, որից 23 խոր. մետր տրամադրվել է զոհված ազատամարտիկների ու սոցիալապես անապահով ընտանիքներին:

Հետաքրքրվեցինք նաև ծառերի կպչողականությամբ: Ըստ Հ. Դավթյանի, կպչողականությունը կազմում է մոտ 65%: Նրա հավաստմամբ` այն կլինի շատ ավելին, եթե բնակչությունը խնամքով ու հարգանքով վերաբերվի այդ գործին: Նա ընդգծեց, որ տնկարանից բերված տնկիների կպչողականությունը շատ ավելին է:

Ընկերության տնօրենը ցավով է նշում, որ այդ ծանր աշխատանքները կատարվում են թոշակառուների, մեծահասակների կողմից: Երիտասարդ և միջին տարիքի բանվորներ, մասնագետներ չեն գալիս աշխատելու ընկերությունում, քանի որ բանվորի աշխատավարձը կազմում է 59.280 դրամ, իսկ մասնագետինը` դրանից մի քիչ բարձր:

Մեր այն դիտողությանը, որ բնակչությունը բողոքում է մեծ թվով ծառերի հատման համար, Հ. Դավթյանը շեշտեց, որ առանց քաղաքապետարանի և բնապահպանության վարչության թույլտվության ոչ մի ծառ ընկերության կողմից չի հատվում:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ