ԾՐԱԳՐԵՐ` ՄԻՏՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

 Գանձասարի օծման 777-րդ տարեդարձին ընդառաջ  

 Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Գանձասարի սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-րդ տարեդարձը լրանում է 2017թ. հուլիսի 23-ին։ Այդ նշանավոր օրվա կապակցությամբ Արցախի թեմը նախատեսել է տոնակատարությանն ընդառաջ նվիրված մի շարք ծրագրեր ու միջոցառումներ։ Առաջին մեծ ծրագիրը մեկնարկել է ս.թ. նոյեմբերի 13-ին, Գանձասարում։ ՀՀ և Արցախի տարբեր շրջանների ուխտավորների և այլոց մասնակցությամբ Գանձասարի վանքում Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի և հոգևոր դասի մյուս ներկայացուցիչների առաջնորդությամբ մատուցվեց Սուրբ պատարագ, որից հետո վանքի արևելյան լանջում կազմակերպվեց ծառատունկ։ Արցախի և ողջ հայության համար կարևոր նախատոնական այս ծրագրին միացան նաև ՙՀայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական և ՙԶեփյուռ՚ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Նման ծրագրերը կարևոր են հոգևոր արժեքների պահպանման, մեր նախնիների թողած ժառանգության արժևորման և ներկա սերնդին այդ ամենը փոխանցելու առումով։ 

Գանձասարի սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նշանավոր օրվանն ընդառաջ մատուցված պատարագը նպատակ ուներ միավորել ողջ հայությանը և հաղորդակից դարձնել մեր հայրերի թողած ժառանգությանը՝ վառ պահելով նրանց հիշատակը։ Պատարագի ժամանակ Արցախի թեմի փոխառաջնորդն անդրադարձավ Գանձասարի վանական համալիրի հիմնադրման պատմությանը։ Գանձասարն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։ 

Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238թթ. Արցախի իշխան Հասան Ջալալ Դոլայի անմիջական նախաձեռնությամբ և ներդրումներով։ Եկեղեցին օծվել է 1240թ.՝ Աղվանից կաթողիկոս Տեր Ներսեսի հայրապետության ժամանակ։ Գանձասարը 1400–1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Հասան Ջալալյանը ներկա սերնդին թողել էր կտակ, որտեղ մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչպես է հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ Հասան Ջալալին և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ ՙզի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար՚։ Հասան Ջալալյանն ի դեմս բոլոր դժվարությունների, հավատքով և ծոմապահությամբ 1216թ. լծվել է հրաշք կոթողի հիմնադրմանը։ Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի ՙՕրէնուսույց սուրբ ծնոտը՚, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Գանձասարն այժմ օրհնության աղբյուր է ողջ հայության համար։ Հայր Սահակը ներկաներին հորդորեց հավատարիմ մնալ մեր նախնիների թողած պատգամներին, քրիստոնեական դավանանքին։ ՙՈմանք կարծում են, թե մեծությունն իշխանություն կամ մեծ գումար ունենալու մեջ է, սակայն քրիստոնեության մեջ մեծությունը սիրո, նվիրվածության և ծառայության մեջ է, ինչպես Հիսուս Քրիստոսն իր անձը զոհեց համայն մարդկության փրկության համար։ Այսօր բոլորս միաբանվել ենք Գանձասարում՝ հայցելու սբ  Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը, աղոթքներով պայծառացնելու Հայ Առաքելական եկեղեցու սյուները և ի լուր աշխարհի ասելու, որ հայ քրիստոնյան ինչպես 777 տարի հաղթահարել է բոլոր դժվարությունները և կառուցել այսպիսի աղոթքի տուն, այսօրվա պատարագով և ծառատունկով էլ շարունակում է հայրերի գործը՝ ազդարարելով ի լուր աշխահի, որ հայը եղել է, կա ու կապրի դարեր շարունակ Քրիստոսի հավատքով՚,-նշեց Արցախի թեմի փոխառաջնորդը։ Ու քանի որ քրիստոնյան պետք է գործակից դառնա երկրում տեղի ունեցող իրադարձություններին և իր լուման ներդնի հայրենիքի շենացման ու բարգավաճման գործում, ուստի ծառ տնկելով ուխտավորները փորձեցին այդ ձևով պահպանել և շենացնել նախնիներից ստացած ժառանգությունը։ Միջոցառման մասնակիցներն այսօր էլ մոռանալով կյանքի դժվարությունները, թշնամու հոխորտանքները, մեկ անգամ ևս փաստեցին, որ ամուր պետք է հենվեն իրենց հավատքի ու նախնիների ժառանգության վրա՝ հուսալով, որ մի օր կտեսնեն երբեմնի հզոր Հայաստանը։ 

Սահակ վարդապետ Շաքարյանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնության և մաղթանքի խոսքերը։ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և այլ շրջաններից եկած ուխտավորները, միանալով արցախցիներին, իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված՝ երկրի խաղաղության, զորացման և բարգավաճման համար։ Գանձասարի օծման 777-րդ տարեդարձի սրբազան տոնակատարությանն ընդառաջ ծառատունկն էլ աղոթքի մի ձև է.

պատարագից հետո վանքի արևելյան լանջին մասնակիցները տնկեցին 4 տեսակի ծառեր՝ երկու տեսակի սալորենի, տանձենի ու խնձորենի։ 

Ծրագիրը նպատակ ուներ մեկ գաղափարի շուրջ համախմբել հայորդիներին, որպեսզի յուրաքանչյուր ոք մասնակցություն ունենա նախանշվող միջոցառումն։ Հայր Սահակի պարզաբանմամբ՝ մինչև հոբելյանական օրը կիրականացվեն Գանձասարի վերանորոգման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև  հրատարակչական լայնածավալ աշխատանքներ։ Ընթացքում են համալիրի գերեզմանատան մաքրման, ցանկապատման աշխատանքները։ ՙՄենք ջանում ենք օր առաջ բարեկարգ տեսնել Գանձասարը, որովհետև այն Արցախի խորհրդանիշն է, հարուստ պատմության մարմնավորումը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայորդու, և հատկապես արցախցու համար մեծագույն պատիվ է մասնակցել բոլոր այս ծրագրերին, միավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՚,- հավելեց Արցախի փոխառաջնորդը։ 

Վերջում  ուխտավորները մասնակցեցին մատաղի օրհնության և բաժանման արարողությանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ