[ARM]     [RUS]     [ENG]

ՆՇՎԵՑ ՍԱՐԻՆՇԵՆ ԵՎ ԾԱՄՁՈՐ ԳՅՈՒՂԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ

Լրացավ Ծամձոր և Սարինշեն գյուղերի ազատագրման 25-րդ տարեդարձը:  Այս բնակավայրերի,  ինչպես և 1991թ. հոկտեմբերի 30-ին Տող գյուղի ազատագրումն ազերիներից դարձավ մեր հետագա  հաղթանակների սկիզբը:

 1991 թվականի մայիսի 14-15-ը Հադրութի շրջանի հարավային թևի 14 գյուղեր թուրք-ազերիների կողմից բռնագաղթի ենթարկվեցին։ Ավերվեցին մոտ 650 բնակելի տներ, տեղահանվեց շուրջ 2000 մարդ: Թուրք-օմոնականները գրավեցին մի շարք գյուղեր, այդ թվում՝ Սարինշեն գյուղի բարձունքները՝ հեռահար հրետակոծությամբ ահ ու սարսափի մեջ պահելով Հադրութի, Վարդաշատ, Թաղասեռ, Վանք գյուղերի բնակիչներին: Օրվա հրամայական դարձավ Սարինշեն գյուղի ազատագրումը: 1988-1989 թվականներին ձևավորվող կամավորական ջոկատները միավորվեցին պրոֆեսիոնալ զինվորական Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի շուրջը և միասնական ուժերով  1991թ. նոյեմբերի 15-ին ազատագրեցին Սարինշենը:  Այդ օրն ազատագրվեց նաև Ծամձորը։ Շրջանի հարավային  թևի այս գյուղերի ազատագրումից հետո ինքնապաշտպանական ջոկատի տղաները համարձակվեցին զենք վերցնել և բացեիբաց անցնել գյուղից գյուղ: Սարինշենի ազատագրման ռազմագործողության հաջողությունից մեծ ոգևորություն էին ապրում տղաները, որոնք միայն մի բան էին երազում՝ ազատագրել բռնագաղթի ենթարկված գյուղերը, բնակչությանը հետ վերադարձնել իրենց օջախները։ 

2016 թվականի նոյեմբերի 15-ին վաղ առավոտից գյուղում հավաքվել էին ազատամարտիկ վետերաններ, համագյուղացիներ, հարևան գյուղերից ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Հադրութի շրջվարչակազմի պատասխանատուներ։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին գյուղից Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին: Հուզիչ էր պահը. գրկախառնություններ, հիշողություններ անցած օրերի մասին: Գյուղի ազատագրման 25-ամյակի տոնական արարողությունը շարունակվեց  ավանդական ճաշկերույթով, որը կազմակերպել էին Հադրութի շրջվարչակազմը, Ազատամարտիկների միության Հադրութի տարածքային կազմակերպությունը և Ծամձոր համայնքի աշխատակազմը: Միջոցառման ողջ ընթացքում լավագույն կատարումներով հանդես եկավ ՙԴիզակ՚ ժողգործիքային համույթը։ 

Էդիկ  ԴԱՎԹՅԱն

ք. Հադրութ