[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ

Ասկերանի կենտրոնական պուրակի շինարարական և բարեկարգման աշխատանքներն ամիսներ առաջ էին մեկնարկել։

Շրջկենտրոնի բնակիչներն այդ աշխատանքներին հետևում էին մի  ներքին հպարտությամբ և ուրախությամբ. վերջապես Ասկերանը ևս կունենա շքեղ տեսքով պուրակ։   

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ  պուրակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը,  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, տեղաբնակներ։ 

 Նորակառույց պուրակի օրհնության կարգ կատարեց  շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը։ Նա  նաև օրհնեց բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին ու կատարեցին նման բարի գործ։ 

Շինարարական և բարեկարգման աշխատանքների արդյունքում նախկին պուրակի անշուք տեսքից ոչինչ չի մնացել. այստեղ  առկա է կանաչ գոտի, տեղադրվել են բազմաթիվ նստարաններ, երկու ցայտաղբյուր, իսկ նախկին հուշաղբյուրը վերանորոգվել, առավել շքեղ տեսք է ստացել։  Գրավիչ է պուրակի տեսքը հատկապես երեկոյան ժամերին, երբ միացվում է արտաքին լուսավորությունը։ Տարածքի երկու մուտքերից մեկը նախատեսված է տեղաշարժման սահմանափակ կարողություններով անձանց համար։ 

Ողջունելով ներկաներին՝ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն ասաց, որ այսուհետ պուրակը կդառնա Ասկերանի այցեքարտերից մեկը, ինչպես նաև համոզմունք հայտնեց, որ այն կլինի երիտասարդների համար  տարբեր միջոցառումների կազմակերպման վայր։ 

-Ապրիլյան  իրադարձություններից հետո նման ծրագրերն անհրաժեշտ են բոլորիս համար, քանզի դրանք յուրօրինակ հավատ են ներշնչում դեպի վաղվա օրը,- ասաց Ս. Աղաջանյանը՝ քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնելով Արցախի կառավարությանը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով նմանատիպ պուրակ կառուցելու համար, ինչպես նաև քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին, ով պարբերաբար աջակցություն է ցուցաբերում և սատարում նման ծրագրերը կյանքի կոչելու համար։  

Քաղաքապետը  նաև տեղեկացրեց, որ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերության գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանը որպես նվեր ասկերանցիներին խոստացել է պուրակում ապահովել անվճար WI-FI կապ։

Տոնական միջոցառումն իրենց  գեղեցիկ արտասանություններով ու պարերով  հարստացրին Ասկերանի արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, իսկ ՙԲերդ՚ համույթի կատարումները  մի առանձին շունչ ու ոգի հաղորդեցին միջոցառմանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան