[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ԵՐԿՈՒ ՇԱԲԹԻՑ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Արցախի գյուղական բնակավայրերում շարունակվում է նոր համայնքային կենտրոնների կառուցումը։

Հերթական համայնքային կենտրոնը՝ կից հանդիսությունների սրահով, կառուցվել է Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում և արդեն պատրաստ է  շահագործման։ Շինարարությունն իրականացնում է ՙՃանշին՚ ՓԲԸ-ն:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկացանք, որ շինարարությունն սկսվել է 2015 թվականին: Երկհարկանի շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, այժմ բակում ասֆալտապատման աշխատանքներ են տարվում: 

Արցախի բնակավայրերում համայնքային կենտրոնների կառուցումը, ինչպես հավաստիացնում են գերատեսչության պատասխանատուները, ոչ միայն դրականորեն է անդրադառնում գյուղերում մի շարք խնդիրների լուծմանը, այլև ապահովում  է համայնքային կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը, նպաստում տվյալ բնակավայրում համայնքային կյանքի աշխուժացմանը:

 Կոճողոտի համայնքային վարչական կենտրոնը բազմաֆունկցիոնալ համալիր է: Համայնքապետարանից բացի, այստեղ տեղակայված կլինեն նաև համակարգչային սենյակը, գյուղական գրադարանը, երիտասարդների համար նախատեսված խաղասրահը, բուժկետը: Նախատեսվում է մինչև նոյեմբեր ամսվա վերջը շենքը կահավորել  ու հանձնել շահագործման:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ