[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵՐԿՆՈՒՄ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

 

 

 

Նոյեմբերի 16-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Ղարաբաղյան շարժման նվիրյալ Մարատ Արմենի Հակոբջանյանի ծննդյան 60-ամյակին։

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Ասկերանի շրջանի տարբեր  կառույցների ղեկավարներ, զինակից ընկերներ, հարազատներ ու մերձավորներ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակը։ Ապա զեկուցման համար խոսքը տրվեց Մարատ Հակոբջանյանի գաղափարակից,  Շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանին։

- Մենք հպարտ ենք, որ Մ. Հակոբջանյանի նման վառ հայրենասերի հետ ավելի քան 10 տարի համատեղ աշխատել և միասին ձեռնամուխ ենք եղել մեր Հայրենիքի փրկությանը, որն ի վերջո վերաճեց ազգային-ազատագրական շարժման։ Նա իր տնօրինության տակ գտնվող մարդկային և նյութական ռեսուրսներն ի սպաս դրեց Արցախի ազատագրմանը։ 

Ս. Առուշանյանը ներկայացրեց արխիվում պահպանված 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանում Մարատ Հակոբջանյանի խիզախ ելույթից մի հատված, որտեղ, մասնավորապես, ասված էր. ՙՇուրջ 70 տարի Լեռնային Ղարաբաղի բնակչության հոգում միշտ էլ անմար են եղել Մայր Հայաստանին վերամիանալու արդար ցանկությունն ու հույսը, բայց միայն հիմա է հնարավոր դարձել ուղղելու պատմական, ճակատագրական այդ կոպիտ սխալը։ Ափսոսել կարելի է, որ ոմանք չեն հավատում կամ չեն ուզում հավատալ մեր ժամանակների հիրավի հեղափոխական ոգուն և ոչ միայն իրենք են շարունակում գործել լճացման տարիների դատապարտելի ոճով, այլև ուրիշներին են ուզում մոլորեցնել։ Ինչ լավ է սակայն, որ այդպիսիններից իսկույն երես են դարձնում մասսաները։ Վկան՝ մեր մարզում տիրող այսօրվա իրավիճակը։ Միայն զարմանալ կարելի է այն վայ ղեկավարների բռնած դիրքից, որոնք տարիներ ի վեր իբր խոսել են ժողովրդի շահերից, բայց այսօր մեկուսացվել են նրանից։ Կարիք կա՝ ապացուցելու, որ ով ժողովրդի հետ չէ, նա ոչնչի հասնել չի կարող՝ որքան էլ ճիգեր գործադրի։ Ժողովրդին հնարավոր չէ այլևս խաբել։ Մեզ պետք չեն կեղծ նվիրատվություններ։ Ղարաբաղում սով չէ, եթե կա՝ միայն հոգևոր սով է։ Մենք ուրիշի ունեցվածքին չենք աչք գցել, մենք մեր հողերն ենք ուզում վերամիավորել, ուզում ենք ապրել մեր ժողովրդի հետ՚։

Այո՜, ժամանակն է երկնում իր հերոսներին։ 

Մարատ Արմենի Հակոբջանյանը ծնվել է 1956թ. նոյեմբերի 16-ին։  Նախնական կրթությունն ստացել է Սղնախի ութամյա դպրոցում։ 1973 թվականին ավարտելով Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։

Ամուսնանալով Երևանի պետական համալսարանը կարմիր դիպլոմով ավարտած Լիրա Գալստյանի հետ՝ կազմել է օրինակելի և ավանդապաշտ հայկական ընտանիք։ Լիրան՝ շրջահայաց, համեստ ու անմնացորդ նվիրված այս հայուհին, ամուսնուն պարգևեց երեք զավակ, որոնց դաստիարակության հիմքում դրվեցին հայրենասիրությունն ու նվիրվածությունը, հավատարմությունը, կարեկցանքն ու ազնվությունը։ Հիրավի, զավակները, ժառանգելով սիրասուն հոր բնավորության լավագույն գծերը՝ արժանապատվորեն շարունակում են նրա կիսատ թողած գործը՝ դառնալով նրա վաստակած բարի անվան արժանի կրողները։

Մարատ Հակոբջանյանն աշխատանքային մկրտությունն ստացել է ԼՂԻՄ մարզային  ֆինանսական բաժնում՝ որպես տնտեսագետ։ Իսկ 1981թ. նշանակվել է Կապի տեխնիկական վարչության Ասկերանի շրջանի կապի հանգույցի պետ, ինչը, կարծես, նախախնամության կողմից նախօրոք ծրագրված լիներ։ Քանզի հենց այդ պաշտոնում նրա արդյունավետ գործունեություն ծավալելը նախապատրաստություն էր գիտակցական կյանքի կարևորագույն գործին՝ Արցախի և արցախահայության փրկությանը։ 

88-ի ազգային զարթոնքն ինչքան աննախադեպ, այնքան էլ սպասելի էր։ Շուրջ յոթանասուն տարի բռնի ուժով լռեցրած ժողովրդի ձայնն էր, որը հասունանալով, դարձավ համազգային պայքար։ Ու անգնահատելի է Մարատ Հակոբջանյանի դերն այդ պայքարում՝ արցախահայությանը մեծ շարժմանը նախապատրաստելուն և ժողովրդին ոտքի կանգնեցնելուն ուղղված գաղափարախոսական և  կազմակերպական աշխատանքներում։ 

Նա մեծ ավանդ է ներդրել առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման ու դրանց զենքով ու զինամթերքով ապահովման գործում։ Լինելով կապի շրջանային հանգույցի պետ՝ նա ոչ միայն իր տնօրինության տակ գտնվող նյութատեխնիկական միջոցներն է օգտագործել շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման համար, այլեւ անձնական կապերի շնորհիվ ձեռք է բերել մեքենաներ, հեռախոսակայաններ, ռադիոկապի բազմաթիվ սարքեր, որոնց մի մասը հետագայում  տրամադրվել է ԼՂՀ պաշտպանության բանակին։ 

1991թ. նոյեմբերի 26-ին ծանր վիրավորվելուց և ապաքինվելուց հետո Մ. Հակոբջանյանն աշխատանքի է  անցել կապի արտադրատեխնիկական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ 1993թ. նշանակվել է  ՙԿապշինմոնտաժ՚ ՊՓԲ ընկերության տնօրեն և անմնացորդ նվիրվել շինարարի մասնագիտությանը։ Հետագայում ստեղծել է ՙԿապավոր՚ և ՙՍերպանտին՚ ընկերությունները և ծանրակշիռ ավանդ ներդրել ԼՂ և ՀՀ շինարարության, առանձնապես ճանապարհաշինության գործում՝ արժանանալով բազմաթիվ խրախուսանքների, ինչպես նաև միջազգային մրցանակների։ 2003թ. Փարիզում հեղինակավոր կազմակերպության կողմից ՙԿապավոր՚ ՍՊ ընկերությանը շնորհվել է Որակի Ոսկե մրցանակ։ 2006թ. Լոնդոնում, իսկ  2009թ.՝ Ժնեւում հեղինակավոր կազմակերպության կողմից ՙԿապավոր՚ ՍՊ ընկերությանը շնորհվեցին Որակի Պլատինե և Որակի Ադամանդե մրցանակներ։

Անգնահատելի է Մարատ Հակոբջանյանի կատարած հայրենանվեր գործն Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնում։

ՀՀ Նախագահի հրամանագրով նա պարգեւատրվել է ՙԱնանիա Շիրակացի՚, Արցախի ազատամարտիկների միության ՙՀայրենյաց պաշտպան՚, ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ ՙԵրախտագիտություն՚, ՀՀ շինարարության նախարարի ՙՈրակի համար՚ մեդալներով։

Շատ էր սիրում հայացքը Քիրս սարին հառած հայրենի գյուղը և իրեն անչափ լավ էր զգում հայ շինականների միջավայրում։ Մարատ Հակոբջանյան մեկենասը բազմաթիվ բարեգործություններ է արել հայրենի Սղնախ գյուղում, այն համոզմամբ, որ յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է օգտակար լինել իրեն ծնած ժողովրդին, քանզի Արցախյան ազատամարտի տարիներին մեր հերոսական ժողովուրդը, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները, ապացուցեց ազատ ու անկախ երկրում բարեկեցիկ կյանքով ապրելու իր իրավունքը։

Ավաղ, նախախնամությունը շատ կարճ ժամանակ էր սահմանել նրա համար։ Շատ բան չհասցրեց կատարել, որոնք կապված էին հայրենիքի հետ։ Բազմաթիվ երազանքներ անկատար մնացին։ Հայրենիքի նվիրյալ զավակը կարճ ապրեց, բայց այդ կարճ կյանքն ամբողջովին նվիրեց իր երկրին ու ժողովրդին։ Ու իր իմաստալից կյանքով մեկ անգամ ևս ապացուցեց ապրողներիս, որ այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ։

Հուշ-երեկոյի ընթացքում ներկաները դիտեցին Մարատ Հակոբջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմ, որը պատրաստել էր ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։

Միջոցառմանը սրտի խոսք ասաց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով Մարատ Հակոբջանյանի անցած ուղին համարում էր ընդօրինակման արժանի, իսկ լավագույն ընկերոջ և համախոհի մասին անցյալով խոսելը՝ բավականին դժվար։ 

-Մարատ Հակոբջանյանի հիշատակը հարգելով՝ մենք մեծարում ենք մարդու այն տեսակը, որն այսօր պահանջված է մեր երկրում և երկար տարիներ դեռ պահանջված է լինելու։ Երիտասարդ տարիքում նշանակելով Ասկերանի կապի հանգույցի տնօրեն՝ նրա ուսերին մեծ պարտականություններ դրեցին, սակայն նա կարողացավ արժանապատվորեն հաղթահարել ծառացած բոլոր դժվարությունները՝ ապագայում դառնալով սկիզբ առած Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկը։ Եվ կարծում եմ՝ խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակի տարում մենք  գնահատում ու մեծարում ենք նման անձնավորություններին, որոնց աշխատանքի, նվիրումի և անձնազոհության շնորհիվ մենք ունենք անկախ պետականություն,- ասաց Աշոտ Ղուլյանը։

ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ում բախտ է վիճակվել աշխատել  Մարատ Հակոբջանյանի տնօրինության տակ, ներկաների հետ կիսվեց անմոռանալի հուշերով։ Շինարարության բնագավառում նշանակալից ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Մարատ Հակոբջանյանի ընտանիքին հանձնվեց ԼՂՀ քաղաքաշինության նախարարի Ոսկե մեդալ։

Մարատ Հակոբջանյանն այն անհատականություններից էր, որոնցից կազմված է Արցախյան հերոսամարտի ամենապայծառ աստղաբույլը։ Նա կենսախինդ էր ու հավասարակշռված, բարյացակամ ու գթառատ, օժտված մարդկային ամենավեհ արժանիքներով։ Եվ այդպիսին էլ կմնա հարազատների, մտերիմների ու նրան ճանաչողների հիշողության մեջ։ 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան