[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՄԱՐԵԼԻ ՈՒ ԶՈՐԵՂ Է ՀԱՅԻ ՈԳԻՆ

Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ, ՊԲ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի  ծննդյան 20-ամյակին նվիրված հուշ-երեկոն, որը նախաձեռնել էր ԼՂՀ  պաշտպանության նախարարությունը, տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում։

 Ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ  Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը, ԱԺ պատգամավորներ, ՊԲ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, հերոսի հարազատներ, հասարակայնության ներկայացուցիչներ։ Հուշ-երեկոն բացվել  է Ռ. Աբաջյանի վերջին խոսքերի ձայնագրությամբ. ՙԴիրքում մնացել եմ ես, կպայթեցնեմ նռնակս, եթե հակառակորդը մոտենա՚... Այս խոսքերն այսօր արդեն Արցախի հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի վերջին  զեկույցն էր իր հրամանատարին։

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր ելույթում ասաց, որ Ռոբերտ Աբաջյանը հերոսների շարքին դասվեց իր  սխրանքով և Հայրենիքի հանդեպ ունեցած նվիրվածությամբ սերունդներին կտակեց մեծ հպարտություն և խորհուրդն այն, որ Հայրենիքը բացարձակ արժեք է։

Ըստ զեկուցողի՝ ապրիլի 2-ից 5-ը  աշխարհն ականջալուր եղավ Արցախը կայծակնային արագությամբ գրավելու Ադրբեջանի հերթական փորձին, և հայ քաջորդիների կողմից հայրենի հողը կյանքի գնով պաշտպանելու հերոսական  դրվագներին։ Ի դեմս Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Մարատ Պետրոսյանի, Նարեկ Մալխասյանի և այլոց գործած սխրանքների՝ աշխարհն ականատես եղավ հայի խիզախության ու անձնվիրության նորանոր դրսևորումների։ Կյանքի գնով հող-հայրենին պաշտպանելը, հակառակորդին գերի չընկնելու համար 19-ամյա երիտասարդ զինվորի կողմից նռնակը պայթեցնելն ու կյանքին վերջ տալը երևույթ է, որը քաղաքական շահեր հետապնդող մեծ տերությունների համար միգուցե դժվարընկալելի, սակայն մեզ՝ հայերիս համար, ապրելու բանաձև է։

Նշելով, որ հայրենի երկրի ազատ ու անկախ ներկան և ապագան՝ որպես զորեղ ուժ շարունակում է մեր հասարակության համար համախմբող գործոն հանդիսանալ, ԼՂՀ պաշտպանության նախարարը  կոչ արեց սեփական ուժերով մարտահրավերներին դիմակայելու վստահություն ունենալ, որովհետև ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները, ոչ ոք չի պաշտպանելու մեզ, չի զարգացնելու մեր տնտեսությունը, ամրապնդելու ժողովրդավարությունն ու Արցախը դարձնելու առաջադեմ պետություն։

-Այդ ամենը պետք է անենք ինքներս։ Սա  է, թերևս, մեր նահատակ ընկերների կտակած պատգամը,- իր խոսքն այսպես եզրափակեց ԼՂՀ պաշտպանական  գերատեսչության ղեկավարը։

Ռոբերտ Աբաջյանի  զինակից ընկեր Մուշեղ Թովմասյանը մանրամասներ ներկայացրեց մարտական ընկերոջ մասին, պատմելով, թե ինչպես վայրկյանների ընթացքում Ռոբերտը կատարեց իր հերոսական քայլն, ու հրաժեշտ տալով երկրային կյանքին, գնաց միանալու այն հերոսների աստղաբույլին, ովքեր կերտել են ու շարունակում են կերտել ազգային բանակի դիմագիծը։

Ամբողջացնելով  նահատակ մարտական ընկերոջ դիմագիծը (ընկերասիրություն, հոգատարություն, քաջություն, նվիրվածություն)՝ Մ. Թովմասյանը միաժամանակ ասաց. հպարտ է, որ ծառայել է Ռ. Աբաջյանի հետ կողք կողքի, ով անգամ վիրավոր վիճակում օգնել է Անդրանիկ Զոհրաբյանին և զգալով գերի ընկնելու վտանգը, պայթեցրել է ձեռքի վերջին նռնակը՝ ոչնչացնելով թշնամու ևս մի քանի ասկյարի։

Ռոբերտի  պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, փորձելով սքողել հուզմունքը, մանրամասներ ներկայացրեց  նրա մանկության ու պատանեկության տարիներից։ Պապի բնութագրմամբ՝  Ռոբերտը տարբերվում էր իր մնացած  թոռներից. դեռ մատնաչափ երեխա՝ ուզում էր շատ բան իմանալ իր նախնիների, իր տոհմածառի մասին, փորձում էր ի ցույց դնել  սեփական անհատականությունը, անգամ իրենից տարիքով անչափ  մեծ  ընկեր ուներ Գյումրիում, բանակ գնալուց առաջ ասաց՝ գնում եմ ընկերոջս հրաժեշտ տամ։ Շատ էր սիրում զինվորական համազգեստը, հպարտանում էր մշեցու իր արմատներով, փորձում էր ստեղծել  իր շրջապատը, խոսքով կերտում էր հերոսի կերպարը՝ իր կերպարը, և պատահական չէ, որ պահը եկավ, ու նա առանց վարանելու գնաց հերոսության։

 Հիշատակի երեկոյին օրհնանքի խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը։ Հոգեշնորհ վարդապետը, շնորհավորելով հերոսի ծննդյան 20-ամյակը՝ նշեց, որ խիզախ հայորդին իր կյանքը տվեց հանուն  մայր հողի, սերունդների համար դառնալով նորօրյա հերոսի  վառ օրինակ։ Ըստ Տեր Սահակ Շաքարյանի՝ Ռոբերտը  վերստին ապացուցեց, թե անմարելի ու զորեղ է հայի ոգին։ 

-Ռոբերտը հայի ոգու լույսն ավելացրեց, ուստի բոլորիս պարտքն է շարունակել նրա գործը, հավատարիմ մնալ նրա ոգուն,- ասաց Արցախի թեմի փոխառաջնորդն ու իր խոսքն ավարտեց ՙՏերունական աղոթքով՚։

Ապրիլյան պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության համար միակ հերոսի կոչմանն արժանացած և ամենաերիտասարդ Արցախի հերոսի մասին ցուցադրվեց տեսաֆիլմ։ Այն պատրաստվել էր ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի ստեղծագործական  կազմի  կողմից և արտացոլում էր Ռոբերտ Աբաջյանի հետ կապված հիմնական անցքերն ու իրադարձությունները։ Ելույթներն ուղեկցվում էին ասմունքով, ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարմամբ։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ