[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՐՈՑ ՙԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ԲԵՐԴ՚

Ամրոցը գտնվում է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից 2 կմ արեւմուտք, Ինջա գետի աջ ափին, մի սեպաձեւ, ծովի մակերեւույթից 1567մ բարձրությամբ քարաժայռի վրա:

Գյուլիստանի բերդի մասին ստույգ տեղեկություններ են պահպանվել մասնավորապես տեղագրող  Մ. Բարխուդարյանցի մոտ, հետագայում ամրոցին անդրադարձել են Մ. Հովհաննեսյանը, Կ. Ղահրամանյանը, Ա. Ղուլյանը եւ ուրիշներ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ ճարտարապետ, առաջին անգամ մանրամասն ներկայացրել է համակառույցը համապատասխան չափագրություններով, որը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու այդ երբեմնի նշանավոր ու հինավուրց ամրոցի մասին:

Բուն ամրոցն ունի արեւելք - արեւմուտք ուղղվածություն: Զբաղեցնում է 7200 քառ. մ տարածություն (չափերը՝ 240 x 30 մ): Ամրոցի հիմարկման մասին պատմական ստույգ տեղեկություններ հայտնի չեն: Ըստ որոշ տվյալների, Գյուլիստանի մելիքության մյուս կենտրոն՝ Հոռեկավանում հիմնավորված Մելիք Բեգլար Ա - ն, հզորանալով, տիրել է Աբրահամ յուզբաշուն պատկանող Գյուլիստանի բերդին եւ այն նորոգելով, դարձրել իր նստավայրը: Սակայն, ժամանակագրական առումով, այստեղ առկա է որոշակի շփոթություն, քանզի XVII դ. կեսերին գործած Մելիք Բեգլարի եւ նրան հաջորդած մյուս մելիքների իշխանությունն անմիջականորեն մինչեւ XVIII դ. կեսը չի տարածվել Գյուլիստան գյուղի եւ նրա շրջակայքի վրա, իսկ նշված Աբրահամ յուզբաշին ապրել ու գործել է Մելիք Բեգլար Ա - ից կես դար հետո:

1720-30-ական թթ. հայ-ռուսական հարաբերությունների մասին փաստաթղթերում, որպես Գյուլիստան գավառի, գյուղի, բերդի (բնագրում՝ նաեւ ՙսխնախ՚) տեր են հանդես եկել Եսայի, Աբրահամ եւ Սարգիս յուզբաշի եղբայրները, ընդ որում XVIII դ. առաջին երեսնամյակում Գյուլիստանի բերդը եղել է Արցախի ազգային - ազատագրական պայքարի ընթացքում ստեղծված հինգ ռազմական կազմավորումներից մեկի՝ Չարաբերդ-Գյուլիստան սղնախի հենակետերից մեկը: Ժամանակին այստեղ մեծ համբավ ու հեղինակություն էին վայելում հատկապես Եսայի յուզբաշին եւ Աբրահամ սպարապետը, որոնց հաջողվել էր համառ դիմադրությամբ ու ճկուն քաղաքականությամբ երկրամասը զերծ պահել կովկասյան լեռնականների եւ թուրքական բանակի ասպատակություններից, միաժամանակ եռանդուն մասնակցություն ունենալով Արցախն ազատագրելու խնդրով Ռուսաց արքունիքի հետ տարվող նամակագրական բանակցություններում: Ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակաշրջանում էլ (XVIII դ. առաջին կես) հիմնովին վերակառուցվել են ամրոցի պարիսպներն ու շինությունները, ներառյալ՝ միջնաբերդ-ապարանքը:

Սղնախական պայքարի անկումից եւ Աբրահամ սպարապետի մահից հետո XVIII դ. կեսերին ամրոցն անցել է գավառի մյուս նշանավոր իշխանատոհմը ներկայացնող Մելիք-Հովսեփի իրավասության տակ, որի հիմնական նստավայրը Հոռեկավանի ապարանքն է եղել: Վերջինիս է վերագրվում ամրոցի ստորոտի վերը նշված փոքր ապարանքի կառուցումը, հավանաբար նաեւ՝ միջնաբերդի ապարանքի վերանորոգումը: Մելիք-Հովսեփի եւ նրա որդիների՝ Մելիք Բեգլարի եւ Մելիք-Աբովի օրոք եւս բերդը երկրամասի հզոր պաշտպանական հանգույցներից էր եւ անառիկ է մնացել դարավերջին Շուշիի խաների ոտնձգությունների շրջանում: Հիշարժան են հատկապես 1754թ. օգոստոսի 26-ի դեպքերը, երբ ամրոցի մոտ տեղի ունեցած մարտերում ջարդվեցին Փանահ խանի զորքերը: Գյուլիստանի բերդը հայ-ռուսական դիվանագիտական նամակագրության օջախներից մեկն էր Արցախում, ուստի պատահական չէ նաեւ այստեղ 1813թ. հոկտեմբերի 12-ի ռուս-պարսկական՝ պատմության մեջ հայտնի Գյուլիստանի հաշտության պայմանագրի կնքումը: 

Գյուլիստանի բերդը կրում էր նաեւ ՙԶեյվա՚ անվանումը: Հմմտ. ՙԶեվու բերդ՚ Սյունիքում: Ի՞նչ ասել է ՙԶեյվա՚: Որտեղի՞ց է այն հայտնվել այստեղ:

Հայտնի է, որ Կուր-Արաքս գետերի միջակայքում (մասնավորապես I - IV դդ., գուցեեւ ավելի վաղ) կային երեք հիմնական իշխանություններ, որոնց թվում՝ վաղ միջնադարյան պատմական աղբյուրներում հիշատակվող Ծավդեացվոց իշխանությունը: Վերջինս հյուսիս-արեւմտյան կողմից սահմանակցվում էր Գարդմանցոց իշխանությանը, հարավից, ըստ էության, Գարգարացվոց իշխանությանը: Ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն հետեւության, որ ավելի ուշ՝ ներկայիս Շահումյանի շրջանում, Ինջա գետից մինչեւ Կուրակ (արեւելյան հարակից նախալեռնային տարածքներով) տեղադրվում է ՙԱշխարհացույց՚-ի  ընդհանուր ցանկերում (ոչ հիմնական գավառների թվում) հիշատակվող, բայց զարմանալիորեն նոր հրատարակությունից դուրս թողնված Արցախի Զավե (Զավ(դ)ե(ք), Ծավդեք) գավառը, որը կարելի է դիտել որպես վերը նշված, երբեմնի հզոր՝ Ծավդեացվոց իշխանության ժառանգություն։ Բնականաբար, այդ իշխանության, հետագայում նաեւ գավառի գլխավոր իշխանանիստ կամ աթոռանիստ կենտրոն պիտի եղած լիներ Գյուլիստանի բերդը՝ նախկինում կրելով Զեյվա կամ Զեյվայի բերդ անունները: ՙԶեյվա՚-ն (Զավ, Ծավ, Սավ) հավանաբար նաեւ գետանուն է, ներկայիս ՙԻնջա՚ օտարահունչ գետի նախանվանումը (հմմտ. Խաչենագետ, Կարկառ, Ամարաս եւ այլն՝ որպես այս կամ այն տարածքի կամ իշխանության գլխավոր գետեր): Կարծում ենք՝ ՙԶավ՚, ՙԾավ՚, ՙՍավ՚ անվանումներն ունեն ՙծովագույն, երկնագույն կապույտ, աստվածային, բարձր՚ իմաստը (հմմտ. նաեւ Սիավն-Սեւան, ծավ-ծով-Ծովատեղ (Ծավդեք), Ծավ (Ծավի)՝ բնակավայր եւ՝ գետանուն Սյունիքում, ՙԶավ՚՝ Տիգրիս գետի վտակ եւ նմանատիպ այլ անվանումներ):