[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՐՈՆԽԻՏՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՒՐ ՔՐՈՆԻԿ ՏՈՆԶԻԼԻՏՆԵՐԻՆ

Բաց դռների օր՚ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում

 ԼՂՀ առողջապահության նախարարության և ՀՀ ՙԱլպենֆարմա՚ շվեյցարական դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին Ստեփանակերտի ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում կայացավ ՙԲաց դռների օր՚, որից հետո հիվանդանոցի նիստերի դահլիճում տեղի մանկաբույժների համար կազմակերպվեց սեմինար։ Ծրագիրը նվիրված էր Մանկաբույժի օրվան, որը նշվել էր մեկ շաբաթ առաջ։ Օրվա կապակցությամբ ՙԱրաբկիր՚ բժշկական կենտրոնի թոքաբանական ծառայության ղեկավար Գևորգ Բոյաջյանի և Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման և շարունակական կրթության ֆակուլտետի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դասախոս և ՙՍուրբ Աստվածամայր՚ մանկական հիվանդանոցի բժիշկ Սեյրան Հովհաննիսյանն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ անցկացրին շուրջ 60 երեխայի շրջանում։ 

Ծրագրի շրջանակներում  մասնագետները Արցախի մանկաբույժներին ներկայացան ՙԲրոնխիտները մանկական հասակում՚ ու ՙՍուր քրոնիկական տոնզիլիտ. խնդրի ժամանակակից մոտեցումները՚ թեմաներով։ Իսկ ՙԱլպենֆարմա՚ դեղագործական ընկերության ներկայացուցիչ Նոնա Փիլոսյանը ներկայացրեց մանկաբուժական պրակտիկայում կիրառվող շվեյցարական դեղորայքը։ Ընկերությունը Հայաստանում գործում է 2012 թվականից և ներկայացնում գերմանական 3 դեղարտադրողների դեղորայք։ 

Այցի շրջանակներում մասնագետները ցուցաբերեցին թոքաբանական և քիթ-կոկորդ-ականջաբանի նեղ մասնագիտական անհրաժեշտ բուժօգնություն և վստահեցրին, որ նույն ձևաչափով կիրականացնեն շարունակական ծրագրեր։ Ն. Փիլոսյանը կարևորեց ԼՂՀ առողջապահության նախարարության դերը համատեղ ծրագրի կազմակերպական հարցերում։ Նախապես պայմանավորվածության համաձայն՝  ծրագրում ընդգրկվել են Արցախում առավել մեծ  պահանջարկ  ունեցող նեղ մասնագետներ։ Սեմինարի թեմաները նույնպես ընտրվել են՝ ելնելով տեղի մանկաբույժներին առավել հաճախ հանդիպող խնդիրներից։ 

ՙՍուրբ Աստվածամայր՚  մանկական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Ս. Հովհաննիսյանն ի մի բերելով հետազոտության արդյունքները՝ նշեց, որ հիվանդ երեխաների խնդիրները սովորական պաթոլոգիաներ են, որոնք արձանագրվում են իրենց մասնագիտական ամենօրյա գործունեության ընթացքում։ Իրենք էլ իրենց հերթին փորձել են որոշակի մասնագիտական օգնություն ցուցաբերել տեղի քիթ-կոկորդ-ականջաբանին և արդյունվետ  կապեր հաստատել հետագա գործունեության համար։ ՙՏեղի մասնագետը բավականին գրագետ է աշխատում, նա ՀՀ-ում անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, և հուսով ենք,  շարունակելու է զարգացնել իր հմտությունները։ Մենք մտահոգված ենք արցախցիների խնդիրներով, ուզում ենք օգնել մասնագիտական հարցերում, կիսվել փորձով ու գիտելիքներով։ Սեմինարի թեմաներից մեկը նվիրված է տոնզիլիտներին, այսինքն՝ նշիկների բորբոքման որոշ առանձնահատկությունների։ Մենք մեկ անգամ ևս կկիսվենք թեմատիկ հարցերի արդի մոտեցումներով։ Իսկ ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններին, ապա այստեղ ստեղծված են բոլոր նախադրյալները ոլորտը զարգացնելու համար՚,- ասաց Ս. Հովհաննիսյանը։ Բժիշկը ծնողներին խորհուրդ տվեց ինքնաբուժությամբ չզբաղվել, և խնդիրների դեպքում դիմել բժշկի՝ մասնագիտացված խորհրդատվություն և բուժօգնություն ստանալու համար, որպեսզի հիվանդությունը չբարդանա և դառնա քրոնիկ։ 

ՙԱրաբկիր՚  ԲԿ թոքաբանական ծառայության ղեկավար Գևորգ Բոյաջյանն անդրադարձավ մանուկների շրջանում առավել հաճախ հանդիպող բրոնխիտ հիվանդությանը։ Այն բորբոքային հիվանդություն է և ունի առաջացման ալերգիկ, վիրուսային և այլ պատճառներ։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևերն են։ Թոքաբանն անդրադարձավ  սուր և հասարակ, օբստրուկտիվ և կրկնվող բրոնխիտներին, դրանց հիմնական ախտանշաններին, բուժման և հետագա բարդությունների կանխարգելման խնդրին։ Քանի որ ծրագրի նպատակը նաև համագործակցությունն է, տեղի բժիշկների հետ սերտ կապեր ստեղծելը, մասնագետները, ներկայացված թեմաներից բացի, պատասխանեցին մանկաբույժներին հետաքրքրող բոլոր հարցերին։ Գ. Բոյաջյանը գոհ է տեղի երիտասարդ բժիշկներից, ովքեր կարողանում են ճիշտ գնահատել հիվանդ երեխայի վիճակը և բժշկական լեզվով խոսել մասնագետների հետ։ Քանի որ թոքային խնդիրները մանկաբուժության մեջ կազմում են 70%, և երեխաներն ունենում են հիմնականում ջերմություն, հազ և մրսածություն, ուստի կարևոր է մասնագետը ճիշտ գնահատի հիվանդ երեխայի վիճակն ու ծնողներին ճիշտ բացատրի հետագա անելիքները։ Թոքաբանը գոհ է նաև հետազոտած երեխաների ծնողների ուշադիր և գրագետ վերաբերմունքից, ովքեր բավականին առաջադեմ են իրենց երեխաների խնդիրների պարզաբանման և հետագա բարդությունները կանխարգելելու հարցերում։ Ծնողներն առանց խուճապի են մոտենում խնդիրներին, ըմբռնումով են վերաբերվում հարցին, ինչը կարևոր է բժիշկ և ծնող կապի հաստատման համար։ Արցախի մանկաբույժներին հետաքրքրող հիմնական հարցերը վերաբերում էին վերոնշյալ հիվանդությունների բուժման վերջին մոտեցումներին։ Հայաստանյան մասնագետները նշեցին, որ եթե նախկինում բժշկագիտության մեջ նշանակում էին դեղորայքային ակտիվ բուժում, այժմ ապացուցողական բժշկությունը փաստում է, որ 10-15 դեղի փոխարեն հիվանդությունը կարելի է բուժել 1-2 դեղորայքով։ Կան նաև այնպիսի  վիճակներ, երբ ընդհանրապես դեղորայք չեն նշանակում։  Մանկաբուժության տվյալներով՝ ավելի հաճախ շնչուղիների և թոքային խնդիրներով հիվանդանում են 1-3 տարեկան երեխաները։ Մասնագետները դա նորմալ են համարում։ Ճիշտ է, շատ ծնողներ անհանգստանում են, բայց բժիշկները վստահեցնում են, որ կան վիճակներ, երբ հիվանդությունը պետք է ինքն իրեն անցնի։ Պարզապես պահանջվում է ծնողների կողմից զգոնություն և բժշկի խորհուրդների կիրառում։ Այդ առնչությամբ Գ. Բոյաջյանը տեղի մանկաբույժներին կոչ արեց ծնողների համար կազմակերպել դասախոսություններ, որտեղ կմանրամասնեն հիվանդության կանխարգելման և այլ վիճակների կարևոր առանձնահատկությունները։ Վիճակագրական տվյալներով՝ մանուկների շրջանում շնչուղիների հիվանդությունների 80%-ն անցնում է մինչև երեխայի  5-6 տարեկանը, իսկ եթե հիվանդությունը շարունակվում է ավելի բարձր տարիքում, այդ դեպքում մասնագիտական այլ մոտեցումներ են պահանջվում։ Բրոնխիտների զարգացմանը նպաստում են նաև աղտոտված օդը, փոշին, ծխախոտի թուխը, փայտե վառարանի ծուխը,  ժառանգական  գործոններ։ 

Վերջում սեմինարի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ