Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Անկախության ձեռքբերումը մեր երկրին հնարավորություն  տվեց լուծել օրախնդիր մի շարք հարցեր, այդ թվում նաև որոշ փողոցների` աչքի զարնվող, ականջ ծակող անվանումները վերանվանելու գործընթացը:

Վերանվանվել են ադբեջանական գործիչների անուններով  բոլոր փողոցները, սակայն մինչ օրս մի քանի փողոցների անվանումներ, որոնք անհաղորդ են հայի հոգուն, մնացել են անփոփոխ: Այդ բացը շտկելու հնարավորությունների մասին տեղեկացանք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի կառավարման բաժնի պետ Նաիրի ԳԱԼՍՏՅԱՆԻՑ` հետաքրքրվելով նաև բաժնի ծավալած գործունեության վերաբերյալ: 

Ն. Գալստյանի տեղեկատվությամբ` բաժինն այսօր ավելի շուտ զբաղվում է փողոցների վերահասցեավորմամբ, քանի որ առկա են անճշտություններ, անկանոն հաջորդականություններ և մի շարք այլ թերացումներ: Աշխատանքը ժամանակատար է, պահանջում է ճշգրտումներ: Վերահասցեավորումը ընթացքավորվում է թե՜ քաղաքացիների դիմումների հիման վրա, թե՜ բաժնի,  թե՜ ՙՀամայնքային ծառայություն՚ ՓԲԸ¬ի նախաձեռնությամբ՝ անձնագրային բաժնի հետ համագործակցությամբ: Վերահասցեավորում կատարելուց հետո համապատասխան տվյալներն ուղարկվում են ԼՂՀ առողջապահության նախարարության ՙՍտեփանակերտի շտապ բուժօգնության կայան՚ ՓԲԸ, ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության  Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչություն,  ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի (ԱԳԿ) վարչություն, ԱԳԿ վարչության  Ստեփանակերտի բաժին, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ,  ՙԱրցախգազ՚ ՓԲԸ, Ստեփանակերտ քաղաքի հարկային  տեսչություն,  ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ: 

Ինչ վերաբերում է փողոցների անվանափոխությանը, այն քննարկման է դրվում Ստեփանակերտի քաղաքապետարանին կից Ստեփանակերտի տեղանունների և վերանվանման հանձնաժողովում, եթե առկա են առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել կազմակերպությունների, մի խումբ քաղաքացիների, պատմաբանների, ինչպես և անհատների կողմից: Ընդունված որոշումն էլ կյանքի է կոչվում: Նշված հանձնաժողովի նախագահն է քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, տեղակալը` Ն. Գալստյանը: Ի դեպ, Ն. Գալստյանի հավաստմամբ` Անշարժ գույքի կադաստրի վարչության Ստեփանակերտի բաժնի կողմից վերահասցեավորումը կատարվում է անվճար: Բնակչությունը պետք է հետամուտ լինի, որ անձնագրերում և սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասցեների ուղղում կատարվի:

Շեշտենք, որ հանձնաժողովում ընդգրկված են ինչպես քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերը, այնպես էլ՝ պատմաբաններ, աշխարհագրագետներ, ավագանու անդամներ: 

Ինչպես հայտնի է, մայրաքաղաքում որոշ փողոցներ ունեն մի քանի փակուղիներ ու նրբանցքներ: Հետաքրքրվեցինք դրանց կիրառման արդյունավետությամբ. գուցե արդարացվա՞ծ լիներ այդ նրբանցքներն ու փակուղիները նոր անուններով կոչելը: Հատկապես, որ նման փողոցներում հաճախ խոչընդոտներ են առաջանում շտապօգնության, տաքսի ծառայության մեքենաների համար: Բաժնի պետը տեղեկացրեց, որ խնդիրներն առաջանում էին մինչև վերահասցեավորման աշխատանքները, այժմ խոչնդոտ առաջացնող հարցերը լուծված են: Վերահասցեավորման գործընթացը վաղուց է սկսված: Վերջին տարիներին էլ վերահասցեավորվել են Զորգե, Տիգրան Մեծ, Թումանյան փողոցները, 2016-ին` Աշոտ Գրաշի, Ս. Գորոդեցկի, Լ. Միրզոյան, Մխիթար Սպարապետ, Շիրվանզադե, Կասպարով, Դավիթ-Բեկ, Հ. Կամարի, Կամո, Սուվորով, Մուրացան, Կոմիտաս, Հ. Ադամյան, Հ. Սահյան, Շմավոն, Րաֆֆի, Պ. Սևակ, Նաբերեժնայա  փողոցները: Այժմ աշխատանքներն ընթանում են Ուլուբաբյան փողոցում և Աջափնյակ թաղամասում: 

Նոր անուններով կկոչվեն ընդարձակվող մայրաքաղաքի նոր թաղամասերի փողոցները, ինչպիսիք են Արեշը, Աջափնյակը, 38-րդ թաղամասը:  Ուշադրություն հրավիրեցինք Զորգե փողոցի վերակոչման վրա, քանզի այդ անունն անհաղորդ է հայի հոգուն. մի գործակալի  անուն, ով ԽՍՀՄ-ին այլ պետություններից գաղտնազերծված տեղեկատվություն էր հաղորդում: Մի՞թե այդ փողոցը չի կարելի անվանափոխել և կոչել, օրինակ, Ապրիլյան պատերազմի հերոսների փողոց: Ի պատասխան, բացատրվեց՝ քանի որ այդ փողոցը նոր են  վերահասցեավորել, ինչի համար բավականին ջանքեր է գործադրվել ու ֆինանսներ ծախսվել, ապա նման գործընթաց սկսելն արդարացված չի լինի: Գուցե հետագայում այդ գաղափարը կյանքի կոչվի: 

Առաջարկեցինք նաև Դանիել-Բեկ Փիրումյան փողոցը կոչել Փիրումյան եղբայրների անվամբ կամ մեկ ուրիշ փողոց անվանել Պողոս-Բեկ Փիրումյանի անունով, քանի որ նրանք միասին են գործել և հերոսացել Սարդարապատի ճակատամարտում: Ն. Գալստյանն ասաց, որ առաջարկը հանձնաժողովի իրավասության հարցերից է: 

Ինչ վերաբերում է համայնքային գույքի կառավարման բաժնի կողմից կատարած մյուս աշխատանքներին, բաժնի պետը կարևորեց համայնքային գույքի հաշվառումը, պետական և համայնքային գույքի իրավունքների պետական գրանցումը, դրանց մուտքագրումը տվյալների բազա: Համայնքային գույքի տնօրինումն ու իրավունքների պետական գրանցումը, ըստ բաժնի պետի, կրում է պարբերական բնույթ, որի ցանկը հաստատուն չէ. օրինակ՝  որոշ միավորներ այն ստացել են որպես նվիրատվություն, մի մասը կառավարության որոշմամբ է փոխանցվել, իսկ հիմնական մասը փոխանցվել է 1998 թվականին՝ Ստեփանակերտ քաղաքային համայնքի գույքի ցանկը հաստատելիս: Համայնքային գույքը տնօրինում է համայնքի ավագանին և ավագանու որոշմամբ օտարվում. այն վարձակալման կամ օգտագործման է տրամադրվում համայնքային ծրագրերն իրականացնելու նպատակով: 

Համայնքային գույքի կառավարման բաժինն առնչվում է անշարժ գույքի հետ կապված բոլոր գործառույթներին: Բաժինն իրականացնում է քաղաքապետարանի համապատասխան բաժինների կողմից ներկայացված ինքնակամ կառուցված ավտոտնակների, շենքերի նկուղային, կիսանկուղային հարկից վարձակալական  հիմունքներով  տրված ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման գործընթացը: 

Անշարժ գույքի կառավարման տարածքային քաղաքականության իրականացման նպատակով բաժինը քաղաքապետի համապատասխան որոշումների և կարգադրությունների հիման վրա կազմել է նախագծեր և դրանք սահմանված կարգով  ներկայացրել հաստատման: 

Աշխատանքներ են  տարվել նախկինում  կնքված կառուցապատման պայմանագրերի դիմաց նախատեսված վճարումների ապահովման ուղղությամբ: 

Բաժնի պետի տեղեկատվությամբ` այսօր գրեթե ավարտին է հասցված կարևոր մի գործընթաց, որը կգործի նաև ի նպաստ զբոսաշրջության խնդիրների. կենտրոնական  փողոցների խաչմերուկներում տեղադրվել են փողոցների ուղեցույցեր: Այն իրականացվում է ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ¬ի հետ համատեղ: 

Նաիրի Գալստյանը շեշտեց, որ այսօր աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտ քաղաքի հասցեների քարտեզի ստեղծման ուղղությամբ, ինչը դյուրին կդարձնի հասցեների տրամադրման և վերահասցեավորման գործընթացը: Դա կնպաստի նաև մայրաքաղաքը սպասարկող ծառայությունների աշխատանքներին, ինչպես և օգտակար ձեռնարկ կդառնա հյուրերի համար:  

Էմմա Բալայան