Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ

Հարցազրույց ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ  Իգոր ՕՀԱՆՅԱՆԻ հետ

 - Իգոր Մովսեսի, 2016թ. անցած ինն ամիսներին հանրապետությունում քանի՞ ճանապարհատրանսպորտային պատահար  (ՃՏՊ) է արձանագրվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դրանք աճե՞լ, թե՞ նվազել են։

- Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով եղել է 9 զոհ, իսկ մարմնական վնասվածքներ է ստացել 61 մարդ։ 2015թ. համեմատությամբ նվազել է թե՜ ՃՏՊ-ների, և թե՜ զոհերի ու վիրավորների թիվը (2015թ.՝ 60 դեպք, 11 զոհ և 70 վիրավոր)։

- Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը։ Հիմնականում որո՞նք են ՃՏՊ-ների պատճառները։

- Ընդհանրապես ճանապարհատրանսպորտային պատահարները տեղի են ունենում տարբեր պատճառներով, բայց դրանք հիմնականում վարորդների անուշադրության և երթևեկության կանոնների խախտման հետևանք են։ Անշուշտ, ՃՏՊ-ների մի մասի պատճառը վարորդների անսթափ վիճակն է, ինչը ճանապարհային երթևեկության կանոնների լուրջ և վտանգավոր իրավախախտում է ու հանգեցնում է դժբախտ պատահարի։ Պատճառներից են նաև սահմանված արագության գերազանցումը, որոշ ճանապարհների անմխիթար վիճակը, ինչը վտանգավոր է հատկապես անբարենպաստ եղանակներին։ Լինում են նաև ղեկին քնելու, վազանցի կանոնները խախտելու դեպքեր։ Երբեմն ՃՏՊ-ի պատճառ է դառնում մեքենայի տեխնիկական անսարքությունը։ Իսկ վրաերթի դեպքերի պատճառը հիմնականում հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է (ոչ հետիոտնային մասերով կամ ճանապարհն անուշադիր հատելը)։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատանքների կազմակերպման ժամանակ հաշվի են առնվում ՃՏՊ-ների պատճառները և դրանց նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում։ Հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին մշտապես ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Որոշ ճանապարհահատվածներում կա նաև գիշերային հսկողություն։ Բնականաբար, աշխատանքների նման կազմակերպումը տալիս է իր դրական արդյունքը։ 

Ընդհանուր առմամբ՝ ճանապարհապարեկային ծառայության միջոցով երթևեկության կանոնների խախտումներն ենք ի հայտ բերում։ Դրանք քննարկվում են խորհրդակցությունների ժամանակ, կարգազանց վարորդները ենթարկվում են տույժերի և դրամական տուգանքների, ինչն էլ իր հերթին նպաստում է պատահարների նվազմանը։ 

- Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում հատկապես անսթափ վիճակում մեքենան վարողների դեմ։ 

- Ընթացիկ տարվա հունվարի 1-ից խստացվել է նման վարորդների հանդեպ վերաբերմունքը, բարձրացվել կիրառվող վարչական տույժ-տուգանքների չափերը. նվազագույն 100.000 դրամը դարձել է 150.000 դրամ, իսկ 150.000-ը՝ 200.000 դրամ՝ ըստ արտաշնչած օդի մեջ հայտնաբերված ալկոհոլի քանակության։ 2016թ. հաշվետու ժամանակահատվածում ի հայտ է բերվել 395 անսթափ վարորդ, որոնց նկատմամբ կիրառվել են համապատասխան պատժամիջոցներ։ 

- Վերջին մեկ տարում ավելացե՞լ է ճանապարհապարեկային ծառայության աշխատողների թիվը։ Գաղտնիք չէ, որ մայրաքաղաք Ստեփանակերտում ճանապարհների թողունակության հետ կապված խնդիրներ ունենք։ Նման իրավիճակում որո՞նք են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները։

- Կարմիր շուկա - Սարուշեն ճանապարհահատվածում ավելացրել ենք մեկ ճանապարհապարեկային կարգախմբի ծառայություն։ Հիրավի, մենք մեծ խնդիր ունենք՝ կապված ճանապարհների հետ, իսկ հանրապետությունում տրանսպորտային միջոցների օրեցօր ավելացող քանակն ավելի ցայտուն է դարձնում այն։ Խնդիրն ուսումնասիրված է ինչպես ճանապարհային ոստիկանության, այնպես էլ համապատասխան մարմինների կողմից, և կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ առաջարկներ են ներկայացվել պատկան մարմիններին։ Առաջիկայում միջոցներ են նախատեսվում կանգառ-գրպանիկների կառուցման առումով։ Բացի այդ, ձգտում ենք աչալուրջ, պատշաճ ծառայություն տանել խցանումներից խուսափելու, երթևեկությունը կարգավորելու համար, առանձնապես Ստեփանակերտ քաղաքում, որտեղ հատկապես օրվա որոշակի ժամերի ծանր է լինում տրանսպորտի վիճակը։ Կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը։ Ամեն առավոտ և օրվա մյուս պիկ ժամերին, ճանապարհային ոստիկանության տեսուչները կանգնում են քաղաքի խաչմերուկներում ու դպրոցամերձ փողոցներում, անձամբ օգնում են երեխաներին անցնելու ճանապարհը։ Սա թերևս բացառիկ երևույթ է համաշխարհային պրակտիկայում ու նաև ուսուցողական բնույթ է կրում։ Արդյունքում զգալիորեն նվազել են  երեխաների մասնակցությամբ ՃՏՊ-ները։ Ընդհանրապես բոլոր խաչմերուկներում և այնտեղ, որտեղ կա տրանսպորտի ինտենսիվ շարժ, նման վայրերում միշտ էլ ՃՈ ծառայողները կարգավորում են երթևեկությունը։ Այսինքն՝ կան ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող պայմաններ, որոնք վերացվում են ծառայության աշխատակիցների կողմից։ Այդ մասին են փաստում նաև համակարգում մշտապես արվող վերլուծությունները։

 - Մայրաքաղաքի որոշ տեղերում բացակայում են լուսացույցները, իսկ  ճանապարհային երթևեկության կարգը պահպանելու համար արվող գծանշանները միշտ չէ, որ հստակ, պարզ  երևացող են։ Ճանապարհային ոստիկանությունն այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում։

- Այսօրվա դրությամբ քաղաքի ամենավտանգավոր հատվածներում ունենք լուսացույցներ։ Վերջին տարիներին ժամանակակից լուսացույցներ են տեղադրվել մայրաքաղաքի Վիլյամ Սարոյան-Կամոյի, Արթուր Մկրտչյան-Վարդան Մամիկոնյան, Վազգեն Սարգսյան-Զորավար Անդրանիկի և Վազգեն Սարգսյան-Գարեգին Նժդեհի փողոցները հատող խաչմերուկներում։ 

Ինչ վերաբերում է գծանշաններին՝ ժամանակ առ ժամանակ մեր միջնորդությամբ և առաջարկությամբ, դրանք թարմացվում են քաղաքային համայնքի կողմից։ Ճանապարհային ոստիկանությունն ունի ավագ տեսուչ-ինժեներ, ով մշտապես ուսումնասիրում, հետևում է ճանապարհային  բոլոր տեսակի նշաններին՝ դրանց անհրաժեշտությունն ու թարմությունն ապահովելու համար և կատարում համապատասխան նպատակային միջոցառումներ, որոնք պատկան մարմինների կողմից լուծվում են։ 

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ինչպես ինժեներական աշխատանքների, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով, մեր կողմից առաջարկություններ են ներկայացվում համապատասխան մարմիններին՝ ճանապարհների թողունակության, դրանց բարեկարգման, խաչմերուկներում լուսացույցների տեղադրման և այլ հարցերով։  

- Ի՞նչ մակարդակի է հետիոտնի կարգապահությունը։ Մեզ մոտ, ինչպես եվրոպական երկրներում, հետիոտնը պատժվո՞ւմ է երթևեկության կանոնների խախտման համար։ Ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները։

- Անկարգապահ հետիոտնը զգուշացվում է ճանապարհապարեկային ծառայողի կողմից։ Հետիոտնի հետ բացատրական աշխատանք է տարվում, բարձրախոսներով տեղեկացվում է, որ ճանապարհն անցնեն միայն հետիոտնային անցումներով։ Անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շարքում հատկապես պետք է նշել դպրոցականների հետ տարվող աշխատանքը։ Ունենք քարոզչության գծով ավագ տեսուչ, ով պարբերաբար լինում է դպրոցներում, հանդես գալիս հատուկ ծրագրերով ու դասընթացներով և տարեվերջին ստուգարքի ձևով քննություն է ընդունում յուրաքանչյուրից։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար հարկ է, որ ծնողները ևս բացատրական աշխատանք տանեն երեխաների հետ։  

- Ներկայում հանրապետության տարածքում հաշվառված քանի՞ տրանսպորտային միջոց կա։

- Ընթացիկ տարում Արցախի Հանրապետության տարածք է ներկրվել 1820  տրանսպորտային միջոց։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ներկայում հանրապետությունում հաշվառված է 25393 տրանսպորտային միջոց, որից 21992-ը՝ ֆիզիկական, իսկ 3401-ը՝ իրավաբանական անձանց մեքենաներ են։

- Կադրային ինչպիսի՞ քաղաքականություն եք վարում։ Տեխնիկական հագեցվածության առումով ինչպիսի՞ն է ոլորտի վիճակը։

- Ճանապարհային ոստիկանության գործունեությունը բարձր մակարդակի վրա դնելու նպատակով մշտական աշխատանքներ են տարվում կադրերի մասնագիտական գիտելիքների  մակարդակի բարձրացման ուղղությամբ. կազմակերպվում են սեմինարներ, հատուկ դասընթացներ։ Շնորհիվ ԼՂՀ ոստիկանապետի՝ վերջին տարիներին թարմացվել  և համալրվել է նյութատեխնիկական բազան, այդ թվում ծառայողական տրանսպորտային միջոցներով ու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, որոնք նպաստում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն օպերատիվ կերպով տեղում հայտնաբերելուն (տեսանկարահանող արագաչափեր, ալկոթեստեր)։

- Մեկ տարուց ավելի է՝ ղեկավարում եք հանրապետության ճանապարհային ոստիկանության ծառայությունը։ ՃՈ գործելաոճում նորամուծություններ կա՞ ն։ Որքանո՞վ է իրատեսական ՙօրենքի առջև պատասխանատու են բոլորը՚ սկզբունքը։  

- Ինչ - որ տեղ ճիշտ չի լինի, եթե ինքներս գնահատական տանք մեր կատարած աշխատանքին։ Բոլոր դեպքերում կարող եմ ասել, որ պատշաճ մակարդակի վրա է դրվել ճանապարհապարեկային հսկողությունը։ Իսկ յուրաքանչյուր նորամուծություն բխում է քաղաքացիների անվտանգության շահերից։ Ճանապարհային ոստիկանությունը ծառայության բարդ տեսակ է, և նման ծառայություն իրականացնողը պարտավոր է լինել կիրթ, քաղաքավարի անձնավորություն, հաշվի առնելով, որ նա շփվում է հասարակության լայն խավերի հետ։ Մշտական ուսուցողական աշխատանքներ են տարվում անձնակազմի հետ՝ քաղաքացիների, հատկապես դրսից ժամանած հյուրերի հետ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Այս ուղղությամբ և մասնագիտական գիտելիքների կատարելագործման առումով բավականին ձեռքբերումներ ունենք։ 

Ինչ վերաբերում է գործող սկզբունքին՝ իհարկե, ճանապարհային ոստիկանությունն առաջնորդվում է վերոնշյալ  կարգախոսով։

Ավարտելով՝ հորդորում եմ բոլորին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ծնողներին՝ սովորեցնել երեխաներին ճիշտ անցնել ճանպարհը և ոչ թե երեխաների ձեռքից բռնած խախտել կարգը, որի ականատեսը հաճախ ենք դառնում։ Մենք էլ մեր հերթին ձգտում ենք լինել հետևողական, ծառայությունը կազմակերպել հնարավորինս արդյունավետ, անվտանգ։ Կանաչ ճանապարհ եմ մաղթում բոլորին։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ