Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ս. ԹԱԴԵՈՍ ԵՎ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՈՆԸ

Հայ Առաքելական Եկեղեցին դեկտեմբերի 3-ին հանդիսավոր կերպով նշում է Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ և Հայ Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: 

 Սուրբ Գիրքը պատգամում է, որ երկինք համաբարձվելուց առաջ Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին պատվիրեց  Ավետարանը քարոզել բոլոր  ազգերին ու նրանց մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով (Մտթ. ԻԸ 19, Մարկ. ԺԶ 15): Այս պատգամին հնազանդ՝ առաքյալներն Երկնային Արքայության Ավետարանը սկսեցին քարոզել բոլոր ազգերին:

Սրբազան ավանդությունը, որ տեղ է գտել սրբոց վարքերի ու վկայաբանությունների ժողովածուներում և մեր պատմիչների երկերում, բովանդակում է նաև առաքյալների քարոզչությունը Հայաստանում: Ավանդության  համաձայն` Տիրոջ  առաքյալներից  երկուսին՝ Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին վիճակվեց Հայաստանը: Առաջինը  Հայաստան  է  գալիս  Թադեոսը,  ով  հայտնի է նաև Ղեբեոս (Մտթ. Ժ 3) և Հուդա Հակոբյան (Ղուկ. Զ 16, Գործք Ա 13) անուններով: Թադեոսը նախ քարոզում է ասորական  Միջագետքում, այնուհետև  Եդեսիայում (Ուռհա), ուր բազմաթիվ հրաշքներ է գործում և բուժում  Աբգար  թագավորին, ապա գալիս է Հայաստան և սկսում քարոզել ու բուժումներ կատարել Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, որտեղ գտնվում էր Հայոց Սանատրուկ թագավորի ամառանոցը: Առաքյալի քարոզչությամբ դարձի են գալիս բազմաթիվ մարդիկ, որոնց թվում էր նաև արքայադուստր Սանդուխտը: Սանատրուկ արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ  Սանդուխտին՝ բանտարկել: Սանատրուկը տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն վերջինիս համոզելու եկած իշխանն ու նրա ուղեկիցները, անգամ բանտապահները, նույնպես քրիստոնեություն են ընդունում: Արքան հրամայում է նահատակել շատերին, սակայն Սանդուխտն անհողդողդ է մնում: Հրաշքով քանդվում են նրա կապանքները, սպանվում է նրան սպանել պատրաստվող դահճապետը, իսկ նորադարձների թիվը հետզհետե ավելանում է: Ի վերջո, մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, ով դառնում է հայ առաջին կին մարտիրոսը: Սպանվում է նաև Թադեոս առաքյալը, ում սկզբում գցում են գազանների առաջ, ապա հնոցը, այնուհետև սրով նահատակում: Նրա նահատակության պահին լույս է ծագում, բացվում է այն վեմը, որով Թադեոսը ծածկել էր Սանդուխտի գերեզմանը, և առաքյալի մարմինն ամփոփվում է այնտեղ: Հետագայում Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է Թադեոս առաքյալի, Սանդուխտ կույսի ու նրանց հետ նահատակվածների նշխարները: Ցայսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Իրանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադեի վանքը: 

Պատմահայր Խորենացին, խոսելով Թադեոսի մասին, գրում է, որ հայերիս վիճակվեց նաև Բարդուղիմեոս առաքյալը: Բարդուղիմեոսը, ով հայտնի է նաև Նաթանայել անունով (Հովհ. Ա 45, ԻԱ 2), նույնպես Հիսուսի տասներկու աշակերտներից էր, ում Տերը բնորոշել էր որպես մի ՙճշմարիտ իսրայելացի, որի  մեջ  նենգություն չկա՚ (Հովհ. Ա 47), և ով առաջինը Հիսուսին Աստծո Որդի դավանելու համար (Հովհ. Ա 49) կոչվել է Նախադավան առաքյալ: 

Ավանդության համաձայն՝ առաքյալը նախ քարոզում է Պարսկաստանում, ապա հասնում մինչև Հնդկաստան, այնուհետև ութ պարսիկ հետևորդների հետ անցնում է Հայաստան: Արտաշատի բլրի մոտ իրար են հանդիպում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, գիշերում այնտեղ, ապա խաչ կանգնեցնում, որի համար էլ այդ վայրը հետագայում անվանվել է Օթյաց խաչ: Այնուհետև Թադեոսն անցնում է Արտազ, իսկ Բարդուղիմեոսը՝ Հեր և Զարևանդ գավառներ, այնտեղից  էլ` Անձևացյաց գավառ և Աղբակ: Բարդուղիմեոս առաքյալի քարոզչությամբ դարձի են գալիս Սանատրուկ արքայի քույր Ոգուհին, Տերենտիոս հազարապետը և ուրիշ շատեր: Սանատրուկը, նրանց համոզելու ապարդյուն փորձերից հետո, հրամայում է սպանել: Նորադարձները նահատակվում են սրով, իսկ Բարդուղիմեոսը՝ փշոտ մահակների հարվածների  ներքո: Ավանդության համաձայն՝ առաքյալի գերեզմանը գտնվում է պատմական Աղբակ գավառում (այժմ՝ Թուրքիա, Բաշկալե), որի վրա կառուցվել է Ս. Բարդուղիմեոսի վանքը: 

Առաքյալների քարոզչությամբ Հայաստանում հիմնադրվեց Քրիստոնեական Եկեղեցին, որն ստացավ Հայ Առաքելական Եկեղեցի անվանումը: Ուստի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը որոշակիորեն համարվում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրման տոն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների: Ս. Գեղարդը, որն իր հետ Հայաստան էր բերել Թադեոս առաքյալը, համաքրիստոնեական սրբություններից է և այժմ պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: 

Առաքյալների տոնին Ս. Գեղարդը բերվում է Մայր Տաճար, և հավատացյալները կարող են ողջ օրվա ընթացքում հաղորդակից դառնալ նրա օրհնաբեր սրբությանը:

Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի

տեղեկատվական համակարգի տնօրեն