Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄԵՆԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

2016թ. կատարած աշխատանքներն ամփոփեց հանրապետության ամենազանգվածային, ասել է թե` ամենաժողովրդական հասարակական կազմակերպությունը:

Դեկտեմբերի 24-ին  ԼՂՀ արհեստակցական միության աշխատողի օրն էր, ինչի  կապակցությամբ  վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, ասվում էր. ՙԱրցախի արդեն 25-ամյա անկախության քառուղիներում տնտեսության զարգացման գործում արհմիություններն իրենց ուրույն տեղն են ունեցել` ձեռք ձեռքի քայլելով աշխատողների և պետական մարմինների հետ: Կառավարությունը բարձր է գնահատում ձեր ներդրումը թե՜ տնտեսության զարգացման և թե՜ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Մյուս կողմից՝ մենք գիտակցում ենք, որ առկա են նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է հասնենք համատեղ ջանքերով: Ուստի, մաղթում եմ ձեզ այնպիսի պայմաններ, որոնք կերաշխավորեն ձեր դերակատարման աճը` որպես տնտեսության և հասարակության զարգացման լոկոմոտիվ՚:ԼՂՀ  ԱՖ նախագահ Արա Ղահրամանյանի տեղեկատվությամբ` գործող 5 ճյուղային և 8 քաղշրջանային արհմիություններն ընդգրկում են 744 արհկազմակերպություններ` 23810 անդամներով: Միայն այս տարի ստեղծվել է 17 արհկազմակերպություն` 740 անդամով: Գրանցվել է  1231   դիմում-բողոք, որից ԱՖ-ին՝  100, ինչը խոսում է այն մասին, որ աճել է նաև սկզբնական կազմակերպությունների հեղինակությունը, և դա շնորհիվ ԱՖ-ի վարած ապակենտրոնացման քաղաքականության:

Ինչպես միշտ, կազմակերպության գլխավոր խնդիրներից են եղել  իր անդամների հանգստի և բուժման հարցերը: Արհմիության 363 անդամ, այդ թվում` 30  ընտանիք և   1 նորապսակ զույգ, հանգստացել են ՀՀ ՙՋերմուկ՚ և ՙԱրզնի՚ առողջարաններում:

Կազմակերպության գործունեության առանցքում են եղել Աշխատանքային  օրենսգրքի հետ  կապված   հարցերը: ԱՖ-ն միշտ կարևորել է գործատուների կողմից Աշխատանքային օրենսգրքի պահանջների կատարման վերահսկողությունը: Այդ առումով  արդեն որերորդ տարին  է` հաստատվել է պլան գործատու-աշխատող հարաբերությունների  կարգավորման  ուղղությամբ: Մուտքագրված դիմումների  18%-ը վերաբերվում էր Աշխատանքային օրենսգրքի  պահանջների խախտումներին: 187 կազմակերպությունում ստուգվել են աշխատավարձերի և արձակուրդների ժամանակին տրման հարցերը, 4 հոգի վերականգնվել են աշխատանքում, 236 կազմակերպությունում ստուգվել են  աշխատանքային   պայմանագրերը, 671 անդամին տրվել են անվճար իրավաբանական կոնսուլտացիաներ, տարբեր ատյաններ է ուղարկվել    141  առաջարկություն, ստուգվել են  առևտրի և հացաթխման  164 օբյեկտներ, 66 դպրոցներում և համայնքային բուժկետերում՝ առաջին անհրաժեշտության  դեղորայքի առկայությունը և ձմռան նախապատրաստվածությունը, գործատուների հետ համագործակցմամբ վերականգնվել են  չվճարված  աշխատավարձերը`  180 հազ. դրամ և վերջնահաշվարկները՝   380 հազ. դրամ:

ԱՖ-ն ակտիվորեն համագործակցում է պետական ու հասարակական կազմակերպությունների հետ,   գործնական է   դարձել կապը ԼՂՀ մարդու  իրավունքների  պաշտպանի գրասենյակի  հետ. մասնակցել է դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների  պաշտպանության միջազգային օրվա առթիվ դպրոցականների շրջանում կազմակերպված ՙԻնչու են  մարդու իրավունքները  կարևոր՚  խորագրով շարադրությունների մրցանակաբաշխությանը` ավելի  հեղինակավոր դարձնելով  այն:

Ա. Ղահրամանյանն ընդգծեց արհմիության աշխատանքները   ապրիլյան չորսօրյա պատերազմի  ժամանակ: Արհմիության անդամներից  շատերը մասնակցել են անմիջապես պատերազմական գործողություններին, ապահովել են  թիկունքը,   կազմակերպել սննդամթերքն  առաջին գիծ հասցնելու գործընթացը։

ԼՂՀ ԱՖ¬ն բանակի հաշվեհամարին է փոխանցել համապատասխան գումար, օգնել  է Թալիշի  միջնակարգ  դպրոցի ուսուցիչներին, այցելել մանկական հիվանդանոց` վիրավոր  աշակերտներին տեսության, նյութական  օգնություն  տրամադրել պատերազմի  մասնակիցներին,  ուղեգրեր`  ՀՀ  առողջարաններում առողջությունը վերականգնելու համար: 

ԱՖ-ն ակտիվորեն մասնակցել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Աշխատանքային օրենսգրքի նախագծի քննարկմանը, ներկայացրել առաջարկություններ:

Անելիքների, չլուծված խնդիրներն էլ քիչ չեն, նշեց Ա. Ղահրամանյանը: Թեկուզ կան հաջողություններ, բայց արհմիություններին չի հաջողվել աշխատողների  աշխատանքային և սոցիալ-տնտեսական  իրավունքներն ու շահերը լիարժեք պաշտպանել գործատուներից:

Անելիքներ կան սկզբնական արհկազմակերպությունների աշխատանքների ակտիվացման, նոր կազմակերպությունների ստեղծման և անդամների թվի աճի ուղղությամբ: 

Ըստ ԱՖ ղեկավարի, պետք է ավելի գործնական դարձնել կապը  արհկոմների հետ և վերահսկել գործատուների  կողմից Աշխատանքային օրենսգրքի պահանջների  կատարման գործընթացը:

Դեռևս շատ են դիմում-բողոքների ընթացքավորման գործում սկզբնական կազմակերպությունների անելիքները: Այդ ոլորտներից տարբեր ատյաններ  և ֆեդերացիա  են հղվում տարաբնույթ դիմումներ: Ուրեմն դեռևս առկա է անվստահությունը տվյալ արհմիության և արհկազմակերպության հանդեպ. այս կարծիքին է ԱՖ նախագահը:

Նա թերություն համարեց նաև այն, որ դեռևս կան  արհկազմակերպություններ, որոնք, խախտելով արհմիությունների մասին օրենքը և կանոնադրությունը,  իրենց գործունեությունն իրականացնում են  միանձնյա, որը բերում է գործավարական և ֆինանսական թերությունների և խախտումների: Այսուհետ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու  արհմիության այն նախագահներին, ովքեր  կխախտեն  ՙԱրհմիության մասին՚  օրենքը, կանոնադրությունը և կստանան համապատասխան  տույժեր:

Ա. Ղահրամանյանը արհկազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գումարվող նիստերը, որոնք  քանակով շատ են,  ինքնանպատակ չպետք է լինեն. քննարկվող հարցերը պետք է համահունչ լինեն այսօրվա մարտահրավերներին, և հորդորեց նրանց հետամուտ լինել դրանց լուծմանը: 

Խորհրդի անդամներին հանձնարարվեց տարեկան հաշվետվությունների և  հաշվետու ընտրական ժողովների ժամանակ վերլուծել արհկոմների նախագահների  հաշվետվությունները, վարել ճիշտ  կադրային քաղաքականություն, ընտրել արհկոմի գործունյա անդամներ և վերստուգիչ հանձնաժողովներ:

Ա. Ղահրամանյանն իր շնորհակալությունը հայտնեց արհկազմակերպություններին` համատեղ աշխատանքի համար, շնորհավորեց բոլոր արհմիութենականներին` Ամանորի  և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` մաղթելով նրանց  ու նրանց ընտանիքներին բարեհաջողություն, առողջություն, ամենայն բարիք:

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ