[ARM]     [RUS]     [ENG]

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ԱՆԿՈւՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԵԼՔՆԵՐԻ 2016-Ը

Ապրիլյան պատերազմի հետեւանքներն առաջիններից մեկը զբոսաշրջության ոլորտում են զգացել: Որ ոլորոտում 2016-ին որոշակի մարտահրավերներ ենք ունենալու, որ միջազգային զբոսաշրջիկների թվի անկում կարող է գրանցվել՝ պատասխանատուները հայտարարել էին ավելի վաղ՝ դեռ ապրիլյան պատերազմի հաջորդած ամիսներին:

Հայտարարել, սակայն ձեռքները ծալած չեն նստել: Արդյունքում՝ մտավախություններից անհամեմատ քիչ նվազում արձանագրվեց: Այսպես, եթե ամռանը, զբոսաշրջային ակտիվ շրջանում, Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի քան 20 տոկոսով պակաս էր, ապա ինն ամսվա կտրվածքով ցուցանիշներն ավելի հուսադրող են. 2015-ին դեռ զիջում էինք, բայց ոչ այդքան ընդգծված: 2016-ի ընթացքում զբոսաշրջության ոլորտում ձեռքբերումներն ու խնդիրներն է ամբողջացրել Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:- Շնորհավորում եմ տոների առթիվ, պարոն Շահվերդյան։ Մաղթում,  2017-ին զբոսաշրջիկներ շատ ունենանք, սահմանային միջադեպեր՝ քիչ: Իսկ զրույցն առաջարկում եմ սկսենք ոչ թե 2016-ից, այլ ավելի վաղ շրջանից: Որ զբոսաշրջիկների թվում կարող ենք անկում ունենալ՝ Դուք հայտարարել էիք դեռ մինչեւ ապրիլյան պատերազմը՝ հերթական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այսօր անկում ենք արձանագրում՝ մոտ 17 տոկոս: Այդ ցուցանիշի ո՞ր մասն եք համարում Ձեր կանխատեսումերի իրականացումը, որ մասը՝ ապրիլյան պատերազմի հետեւանքը:

-Ես այդ հայտարարությունը ոլորտին կատարվող հատկացումների հաշվարկով էի արել: Եվ դա միջազգային զբոսաշրջիկների թվին էր վերաբերում: Այդպես էլ եղավ: Իսկ ապրիլյան պատերազմն իր հերթին շատ նկատելի ազդեցություն թողեց այցելությունների վիճակագրության մեջ, քանի որ զբոսաշրջությունը շատ զգայուն ոլորտ է, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունների փաստը չէր կարող չազդել: Թե այդ գործոններից որն ինչ չափով նպաստեց՝ դժվար է հաշվելը: Բայց կարող ենք ասել, որ այս տարի արձանագրված անկման հիմնական պատճառը ապրիլյան պատերազմն էր:

-Ըստ ամիսների՝ ինչպիսի՞ն է այցելությունների վիճակագրությունը: 2016-ի համար դա բավական հետաքրքիր է: Ե՞րբ ենք ունեցել ամենաշատ նվազումը, ե՞րբ է իրավիճակը սկսել շտկվել:

-Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո միջազգային զբոսաշրջիկների թվում շուրջ 40 տոկոս նվազում արձանագրեցինք: Ամռանն անկումը հասավ մոտ 20 տոկոսի: Իսկ տարեվերջին 17 տոկոսի չափով անկում ունենք՝ նախորդ տարվա համեմատ: Սա դեռ նախնական թիվ է: Վստահ եմ, որ լրացուցիչ հաշվարկների արդյունքում նվազման տոկոսն ավելի փոքր է լինելու: 

-Նշեցիք, որ, ընդհանուր առմամբ, օտարերկրյա զբոսաշրջիկների թվում մոտ 17 տոկոս անկում ունենք: Արդյո՞ք միայն այդ հասարակ թվաբանությունն է բնութագրում 2016-ին Արցախում զբոսաշրջության ոլորտի ընդհանուր վիճակը:

-Ոչ: Ասեմ, թե ինչու: Անկումը միայն միջազգային զբոսաշրջիկների թվում ենք ունեցել: Իսկ ՀՀ-ից այցելությունների նկատելի աճ է արձանագրվել: Այդ աճը հստակ թվերով ներկայացնելը դժվար է, քանի որ չկա հաշվառման մեխանիզմ: Բայց կան դրա օգտին փաստող անուղղակի ապացույցներ: Միայն մեկ օրինակ բերեմ: 2015թ. հունվար-սեպտեմբերին Արցախի հյուրանոցային տնտեսությունների համախառն շրջանառությունը մեկ միլիարդ դրամ է կազմել: 2016-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է վեց տոկոսով: Դա դրական միտում է: Մենք ասել էինք, որ պետք է փորձենք միջազգային զբոսաշրջիկների թվի անկումը փոխհատուցել հայկական միջավայրից դեպի Արցախ հոսքի ակտիվացմամբ: Կարող ենք ասել, 2016-ին մեր ջանքերն արդյունք տվել են: Ըստ հաշվետվությունների՝ 2016-ի հունվար-սեպտեմբերին 28 հազար մարդ է գիշերել հյուրանոցներում: Դա մի փոքր գերազանցում է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

-Այդ աճն ապրիլյան պատերազմին հաջորդած բնական հայրենասիրական մղումների արդյո՞ւնք եք համարում, թե՞ նաեւ զբոսաշրջության ոլորտում պատկան մարմնի աշխատանքներն են իրենց դերն ունեցել:

-Ավելորդ է ժխտել, որ հայրենասիրական մղումները կային եւ դրանք իրենց դերն ունեցել են: Սակայն նաեւ մեր ջանքերն են արդյունքներ տվել: ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերության հետ, օրինակ, պայմանավորվածություն ունենք: Այդ ընկերությունն իր աշխատակիցների համար պարբերաբար տուրեր է կազմակերպում դեպի Արցախ: Հույս ունենք, որ դա վարակիչ կլինի նաեւ այլ ընկերությունների համար: Եվ դա դեռ մեկ օրինակն է:

-Սոցփաթեթների ծրագիրը շարունակվում է: Այդ հատվածում ի՞նչ ցուցանիշներ ունենք:

-Դա ՀՀ պետական ծառայողների եւ քաղծառայողների հանգստի կազմակերպման ծրագիրն է: Արցախն այս ծրագրում ներառվել է ի սկզբանե: Այդ ծրագրի շրջանակներում 2016-ին Արցախ այցելության 1500-ից ավելի ուղեգիր է վաճառվել: 

-Գիշերակացի տեւողության փոփոխություն ունե՞նք: 

-2007-ից մինչեւ 2016-ը կատարված աշխատանքի արդյունքում հաջողվել է գիշերակացի տևողությունն Արցախում կրկնապատկել: Սակայն ճիշտ չէր լինի այդ մասով ամեն տարի աճ սպասել: Ի վերջո, դա գործընթաց է, որի համար պետք է բավական շատ աշխատանք կատարել, Արցախում ավելի երկար մնալու պայմաններ ու պատճառներ ապահովել:

-2015-ին Արցախը միջազգային զբոսաշրջիկների այցերի շնորհիվ մոտ 6 միլիոն դոլար եկամուտ ունեցավ: 2016-ի համար այդ ցուցանիշը գոնե մոտավոր ունե՞նք:

-Ունենք 9 ամսվա համար հաշվարկված թիվ՝ 5-5,5 միլիոն դոլարի շրջանակներում:

-Միջազգայի զբոսաշրջային ցուցահանդեսներին՝ Արցախի մասնակցության մասին խոսենք: 2016-ը ի՞նչ տվեց այդ առումով:

-2015թ. տարբեր պատճառներով գրեթե չենք մասնակցել միջազգային ցուցահանդեսների: 2016-ին նոր թափով ենք սկսել այդ աշխատանքները: Եվ հաջողություններ ունենք: Վերջապես կարողացանք ապահովել մեր մասնակցությունը Մոսկվայում եւ Բեռլինում անցկացվող խոշոր ցուցահանդեսներին: Զբոսաշրջության ոլորտում սրանք բացառիկ միջոցառումներ են իրենց նշանակությամբ: Մեկ այլ ձեռքբերում Բրյուսելում Հայ Դատի գրասենյակի եւ Արցախի պատկան կառույցների համագործակցությամբ ՙԱրցախ. թաքնված գանձ՚ տուրիստական ֆոտոցուցահանդեսի անցկացումն էր: Դա բացառիկ էր նրանով, որ կազմակերպված էր հատուկ արցախյան թեմատիկայով: Այցելուների թվում նաեւ եվրապատգամավորներ են եղել, տեղի իշխանության ներկայացուցիչներ:

-Նման ցուցահանդեսներին մասնակցելու-չմասնակցելու առթիվ տարբեր կարծիքներ կան, եւ դրանց տեղյակ եք: Որոշ ժամանակահատված, ինքներդ նշեցիք, չէինք մասնակցում, հետո նորից սկսեցինք մասնակցել:

-Ծանոթ եմ այդ կարծիքներին: Պատկերացնում եմ դրանց հիմքերը. ի վերջո, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը բավական ծախսատար է: Սակայն այլ բան չի հնարվել. այդ ցուցահանդեսները երկրի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու ամենաարդյունավետ տարբերակն են մնում: Եվ դա մենք պարտավոր ենք անել:

-2017-ի ծրագրերի մասին. պետբյուջեից հատկացվող գումարը մնաց նո՞ւյնը:

-Ընդհանուր առմամբ՝ նույնն են մնացել նաեւ այս ոլորտում մեր ծրագրերը:

-Զբոսաշրջության ոլորտում բավական հավակնոտ ծրագրեր կային նաեւ մասնավոր հատվածում: Համենայն դեպս կային  մինչեւ ապրիլյան պատերազմը: 2017-ը ի՞նչ է խոստանում այդ առումով:

-Խոսքը հավանաբար Նորագյուղի հարեւանությամբ էկոգյուղի հիմնադրման ծրագրի մասին է: Սա սպասվող ամենախոշոր ծրագիրն է: Նախապատրաստական աշխատանքներն սկսվել են մի քանի տարի առաջ, այս տարի էլ շարունակվել են: Ապրիլյան պատերազմն այդ առումով ոչինչ չի փոխել: Պարզապես ծրագիրը բավական մեծ է, նրանից ակնկալիքներն էլ, համապատասխանաբար, մեծ են։ Բնականաբար, նախքան բուն աշխատանքների մեկնարկը, անխուսափելի են երկար քննարկումներն ու նախապատրաստական շրջանը:

Հարցազրույցը՝ 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ