[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԵԿԱՆ ԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ՍԱ Է ՆՈՐԱԲԱՑ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ

2015թ. հունիսին Ստեփանակերտում հիմնադրվեց ՙԷմպատիա՚ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, որի նպատակը  արցախահայության շրջանում հոգեբանական և սոցիալական աջակցության ծրագրերի կենսագործումն է։ Մեկուկես տարվա գործունեության, ծրագրերի մասին է մեր հարցազրույցը կառույցի տնօրեն Անահիտ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։

 -Մի քանի խոսք Կենտրոնի հիմնական նպատակների, հանրապետությունում կառույցի կողմից բնակչությանը ցուցաբերվող ծառայության պահանջարկի մասին:  

-2015թ. ստեղծելով նման կենտրոն` մտադիր էինք ոչ միայն հոգեբանական և սոցիալական աջակցության բազմաբնույթ ծրագրեր իրականացնել մեր բնակչության շրջանում, այլև հրավիրել արտերկրի առաջատար մասնագետների և տեղում կազմակերպել մասնագիտական օգնության և մասնագետների որակավորման դասընթացներ։ Քանի որ ժամանակակից աշխարհում բժշկական, այդ թվում` հոգեբանական օգնության մի շարք ծառայություններ վճարովի են,  հետամուտ եղանք հոգեբանական աջակցության  որոշ ծրագրերի անվճար իրականացմանը` ներգրավելով արտերկրի լավագույն մասնագետների։ Չէ՞ որ շատ¬շատերը ֆինանսական և տնտեսական այլ խնդիրների պատճառով հնարավորություն չունեն մասնագիտական անհրաժեշտ օգնություն ստանալու համար մեկնել արտերկիր։ Ստեղծելով ՙԷմպատիա՚ կենտրոնը՝  նպատակ ունենք մասնավոր և պետական հատվածների օժանդակությամբ որակյալ մասնագիտական աշխատանք իրականացնել։ 

-Այսինքն՝ Կենտրոնը մասնավոր կառույց է, բայց համագործակցում է հասարակական և պետական տարբեր կազմակերպությունների հե՞տ։ 

-Այո, համագործակցում ենք մեզ հետ առնչվող բոլոր հատվածների հետ։ Պետական հատվածից առաջին հերթին մեզ արձագանքեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպեսզի համատեղ ուժերով իրականացնենք հոգեսոցիալական աջակցության անվճար ծրագրեր սոցիալական առանձին խմբերի քաղաքացիների շրջանում. այդպիսիներին հնարավորություն է տրվել օգտվել 12-ժամյա անվճար հոգեբանական ծառայությունից։ Ծրագիրը ներկայացվել է 2015-ին և կյանքի կոչվել 2016-ին։ Մեր ազգաբնակչությանը մատուցված անվճար ծառայություններն իրականացվել են ոչ միայն տեղի, այլ առավել շատ ՀՀ¬ից, ԱՄՆ¬ից, ՌԴ¬ից հրավիրված  հոգեբանների, հոգեբույժների, նյարդաբանների օգնությամբ։ Կենտրոնն ապահովել է հրավիրված մասնագետների կեցության և մյուս անհրաժեշտ պայմանները։ Ծրագրի ավարտից հետո էլ նշյալ մասնագետները հեռահար օնլայն տարբերակով շարունակում են իրենց աշխատանքները՝ փորձելով   հնարավորինս մատչելի ու շարունակական դարձնել օգնությունը։ 2016թ.-ից համագործակցել ենք ՀՀ¬ում հայտնի ՙԴավիդյանց լաբորատորիաներ՚ ընկերության հետ։ Նրանց հետ կնքել ենք պայմանագիր, որի արդյունքում մեր Կենտրոնը իրավունք է ստացել մատուցելու լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ։ Վերցված հետազոտման նմուշներն էլ ուղարկվում են ՀՀ նշյալ ընկերություն, որի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են  Կենտրոն և ցուցաբերում  մասնագիտական օգնություն։ Ախտորոշիչ հետազոտությունների համար ապահովված ենք անհրաժեշտ սարքավորումներով։ 

-Իսկ ծառայությունը վճարովի՞ է։

-Բնականաբար, ցանկացած հետազոտություն ժամանակակից բժշկության մեջ վճարովի է, բայց մենք պայմաններ ենք ստեղծել, որպեսզի սոցիալական առանձին խմբերը կարողանան անվճար օգտվել այս  ծառայություններից։ Այդ նպատակով համագործակցում ենք ՀՀ որոշ կառույցների և ֆոնդերի հետ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։ Կենտրոնին կից ունենք նաև լիցենզավորված դեղատուն, որտեղ գործում են զանազան բոնուս¬ծրագրեր։ Եթե այցելուն դեղատանը կատարում է 5 հազ. դրամից ավել գնումներ ստանում է զեղչային քարտ։ Կենտրոնն Արցախում եզակի է իր մասնավոր նման ծառայություններով։ Հետագայում կշարունակենք ավելի ընդլայնել մեր ծրագրերի շրջանակները ոչ միայն մեծահասակների, այլև հատուկ խմբերի երեխաների համար։ Մեզ մոտ նրանց համար գործում է հաճելի ժամանցի ծրագիր: Մեկ այլ ծրագրի շրջանակներում  հոգեբանական և մանկավարժական հատուկ օգնություն են ստանում ուսման մեջ խնդիրներ ունեցող երեխաները: Այստեղ իրականացվում են անհատական և խմբային աշխատանքներ։ 

-Նմանատիպ ծրագրերին ընդգրկվելու համար պարզապես պետք է դիմեն ՙԷմպատիա՚ կենտրո՞ն։

-Ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է դիմել Կենտրոն, ծանոթանալ պայմաններին, գրանցվել և ըստ ցուցումի ընդգրկվել անհատական կամ խմբային ծրագրերում։ Նախագծերից առանձնանում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը, որի օգնությամբ փորձեցինք օժանդակել բժշկական կրթություն ունեցող մի շարք մասնագետների որակավորման բարձրացմանը: Այն  հաստատվել էր ՀՀ բարձրագույն կրթության ազգային ակադեմիայի, Բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի  և վավերացվել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից։ Վերոնշյալ հաստատությունների հետ համատեղ քննարկելով և հաստատելով դասընթացների թեմաները՝ որոշել ենք դասավանդողների շարքում ընդգրկել հայաստանյան առաջատար մասնագետների։ Վերջում մասնակիցներին տրվել են հավաստագրեր և կրեդիտներ՝ պրակտիկ աշխատանքներին ընդգրկվելու համար։ Այս դասընթացները նպաստեցին, որ մասնագետները ծանոթանան պրակտիկ հոգեբանության վերջին մոտեցումներին և, ինչու չէ, նաև հետագայում աշխատեն մեր Կենտրոնի շրջանային մասնաճյուղերում. վերջիններս մտադիր ենք բացել ընթացիկ տարում։ Ծրագիրն անչափ անհրաժեշտ է  հասարակության տարբեր հատվածների, հատկապես շրջանների բնակիչների մասնագիտական լիարժեք օգնության համար։  Կենտրոնը հավատարիմ է նաև հոգեբանական գաղտնապահությանը, ուստի մեր հաճախորդն ավելի հանգիստ կարող է օգտվել ծառայություններից։ 

-Ծրագրերում ի՞նչ ծավալով են ընդգրկվում կրթօջախները:  

-Մենք ծրագրում ենք աշխատել այն դպրոցներում, որտեղ կիրառվում է ներառական կրթություն: Համագործակցելով Երևանի պետական և մանկավարժական համալսարանների դասախոսական կազմի հետ, 2016թ. նոյեմբերին մշակել ենք համատեղ փաթեթ, որի շրջանակներում 2017թ. փետրվար¬մարտ ամիսներին վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք դպրոցներում աշխատող հոգեբանների և հատուկ մանկավարժների համար։ Քանի որ մեր մասնագետները հաճախակի են դիմում ներառական կրթությամբ ուսուցանվող երեխաների հոգեբանական աջակցության և ինտեգրման հարցերով, ուստի մտադրվեցինք կազմակերպել դասընթացներ, որտեղ կներկայացվեն ինկլյուզիվ ուսուցման նոր մեթոդներն ու վերջին մոտեցումները։ Զուգահեռաբար նախատեսում ենք կազմակերպել մի քանի գիտական կոնֆերանսներ առաջատար մասնագետների մասնակցությամբ։ 2016թ. ամռանը Երևանում կայացած Համաշխարհային հոգեբանական ասոցիացիայի գիտական համաժողովի ընթացքում հանրաճանաչ մասնագետների հետ պայմանավորվեցինք Արցախում 2017-ին համատեղ հրավիրել մեծ գիտաժողով՝ նվիրված փորձի ու գիտելիքների փոխանակմանը, ոլորտի արդի մեթոդներին: Նման մասնագիտական մոտեցումներով պետք է այնպես անենք, որ մեր քաղաքացիներն ունենան հոգեկան կայուն վիճակ։ 

-Դուք նշեցիք, որ համագործակցում եք  հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում ավագ դպրոցներում այդ տարիքի երեխաների` անցումային փուլում ծագած հոգեբանական որոշ խնդիրների լուծման առնչությամբ։

Որպես հոգեբան, անձամբ 7 տարի է համագործակցում եմ ԼՂՀ ոստիկանության, կրթության և գիտության նախարարության հետ։ Ինձ պարբերաբար հրավիրում են դասախոսությունների և զրույցների, որոնց ընթացքում հանդիպում եմ երեխաների հետ, ծանոթացնում նրանց հոգեսեռական դաստիարակության, դեռահասների տարիքային առանձնահատկությունների թեմաներին և աշխատում պարզաբանել այն խնդիրները, որոնց հետ առնչվում են անչափահասները։ Նրանցից շատերը հետո ցանկություն են հայտնել հանդիպել հոգեբանի հետ և շարունակել աշխատանքները։ Այս տարիների փորձը ցույց է տվել, որ նման ծրագրերն արդիական են և պետք է զարգացնել։ Ողջունելի է, որ  այժմ  դպրոցներում գործող հոգեբանները նույնպես աշխատում են այդ ուղղությամբ։ 

-Հիմնականում մարդիկ հոգեբանական ի՞նչ խնդիրներով են դիմում մասնագետին։ 

-Ինչպես ցույց տվեցին ապրիլյան  իրադարձությունները, մեր բնակչության մեծ մասը տառապում է հետպատերազմյան համախտանիշով։ ՙԷմպատիա՚-ն կատարել է փոքրիկ հետազոտություն, որի արդյունքում ակներև է դարձել մեր քաքաղացիների բարձր տագնապայնության աստիճանը։ Մարդիկ ունեին հոգեսոմատիկ տարբեր խնդիրներ՝ անքնություն, գլխացավեր, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, նյարդային համակարգի տարբեր արտահայտություններ նևրոզների և այլնի տեսքով։ Այս բոլոր ախտանշաններն ավելի շատ մեծահասակների (20-50 տարեկան) շրջանում են արձանագրվել։ Մենք ցուցաբերեցինք մասնագիտական օգնություն և միշտ պատրաստ ենք ցանկացած իրավիճակներում աջակցել։ Այս աշխատանքներում կարևորում ենք նաև ԶԼՄ¬ների դերը. մարդիկ պետք է տեղեկացված լինեն, մենք էլ  պատրաստ ենք այդ հարցում համագործակցել։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ