ՙՏԱՇԻՐ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Յուրաքանչյուր պետության, հատկապես՝ Արցախի Հանրապետության, գերակա խնդիրներից մեկը ծնելիության և բազմազավակության խթանումն է։

Հունվարի 20-ին Ստեփանակերտի ՙՆադեժդա՚ հանդիսությունների սրահում կայացած նշանակալից միջոցառման ժամանակ հաճելի անակնկալ մատուցվեց Արցախում 2016թ. ընթացքում 4-րդ երեխան ունեցած 213 ընտանիքներին։ Սիջոցառմանը ներկա են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, Կարապետյան ընտանիքի անդամ Նարեկ Կարապետյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պետական այրեր, հյուրեր։ Օրը հիշարժան էր, որովհետև ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը 4 հազարական ԱՄՆ դոլար նվիրեց 2016թ ընթացքում ԼՂՀ ընտանիքներում ծնված 4-րդ երեխաների ծնողներին։ 

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի խոսքով՝ անկախության հռչակումից առ այսօր պետության կայացման ճանապարհին առկա դժվարություններին զուգահեռ, մեր իշխանությունները միշտ ուշադրության են արժանացրել կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը՝ ընտանիքի և երեխաների հիմնահարցերը։ Այդ նպատակով իրականացվել են բազմապիսի ծրագրեր։ ՙՀայերիս համար ընտանիք, օջախ հասկացություններն ունեն բացառիկ նշանակություն, որովհետև դրանք դարեր շարունակ եղել են մեր ազգային արժեքների և ավանդույթների պահպանման յուրահատուկ միջավայր, որտեղ դաստիարակվել են հայրենասեր սերունդներ, ինչն էլ եղել է մեր հայ ազգի հարատևման գրավականը։ ԼՂՀ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ ընտանիքների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար՚,¬ նշեց Ս. Ավանեսյանը։ Վերջին 10 տարիներին ծնելիության խթանման նպատակով պետության կողմից արցախյան ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ բացվել են 4մլրդ 163մլն դրամի ժամկետային ավանդներ, ընդ որում տրամադրվել է 5մլրդ 683մլն դրամ ծննդյան միանվագ ու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար 7մլրդ 420 մլն նպաստ։ Եթե մինչև 2016թ. հունվարի 1-ը 6 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար պետության կողմից ձեռք են բերվում կամ կառուցվում առանձին բնակարաններ, ապա 2016թ. հունվարի 1-ից նշված ծրագրում ընդգրկվել են նաև 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ Պետության հիմնախնդիրներին աջակցում են նաև բարերարները։ Ավելի քան մեկ տարի առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի  օժանդակությամբ  մեկնարկեց արցախյան ընտանիքներում 2016-2018թթ. ծնված 4-րդ երեխայի կապակցությամբ վերոնշյալ ֆինանսական աջակցության տրամադրման բարեգործական ծրագիրը։ 

Հանդիսավոր միջոցառմանը ներկա ծնողները ստացան անդորրագրեր, ըստ որոնց ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ¬ի մասնաճյուղերում նրանց կտրամադրեն հասանելիք գումարը։ Բացի դրանից, նրանց տրվել են ծանուցագրեր՝ 18 տարի ժամկետով 700 հազարական դրամի չափով բացված ավանդի մասին։ Հիշարժան այս օրվա արարողությանը առանձին երանգ հաղորդեցին ՙԱրցախի ձայն՚ նախագծի փոքրիկ երգիչներ Միշան, Անին, Տիգրանը և մյուսները։ Ցուցադրվեց նաև կարճ տեսաֆիլմ ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի տնօրեն Կ.Կարապետյանի հայրենանվեր գործունեության վերաբերյալ։ 2008թ. մեծ հայրենասերը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուներից է։ Նրա ներդրումներով ԼՂՀ-ում և ՀՀ-ում մեկնարկել են մի շարք առանցքային ծրագրեր. ի պատիվ բարերարի ծնողների՝ Սարգիս և Ամալյա Կարապետյանների հիշատակի, Ստեփանակերտում կառուցվեց Հանրապետական բժշկական կենտրոնը, իրականացվեց ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման համակարգի շինարարությունը, Ջավախքից և Արցախից ՀՀ¬ում սովորող ուսանողների կրթաթոշակների տրամադրումը և բազում այլ ծրագրեր։ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խորին շնորհակալություն հայտնեց անվանի բարերարին` բազմաթիվ նման հայրենանվեր ծրագրերի համար։ Շնորհիվ այս վերջին ծրագրի՝ 2015թ. համեմատ 4 երեխաներ ունեցող ընտանիքների թիվը աճել է 47%-ով։ Կարապետյանների ընտանիքը պատրաստակամություն է հայտնել միշտ սատարել Արցախի ժողովրդի երջանկությունն ապահովվող բոլոր նախագծերը։ Բարեմաղթանքի իր խոսքում Նարեկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արցախահայությանը հաղթական ոգու և բազմազավակ ընտանիքների համար, նշելով, որ մայրերն են մեր ազգին նոր ծնունդ և օրհնություն բերում։ Անվանի բարերարին մաղթանքի խոսքեր հղեցին նաև ծրագրի շահառու ծնողները։ Նրանք բարձր գնահատեցին Ս.Կարապետյանի մարդասիրական վեհ արարքները և խոստացան այնպես անել, որ ծնված երեխաները դառնան Արցախ աշխարհի արժանի զավակներ։ Չէ որ յուրաքանչյուր նոր մանկան ծնունդ մեր փոքրիկ երկրամասի շենացման և պահպանման հիմնաքարն է։ 

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ս.Կարապետյանին համեմատեց անցյալ դարի մեծ բարեգործ Մանթաշովի հետ։ ՙՍ.Կարապետյանը հանդիսանում է 21-րդ դարի հայ բարեգործության գլխավոր ներկայացուցիչը և ամենամեծ բարերարը։ Իհարկե, այդ գումարի հաշվին չեն ծնվել մեր երեխաները, բայց  նպաստել են նրանց լույս աշխարհ գալուն։ Իսկ նրանց թվում կլինեն մեր ապագա հայրենանվեր գործիչներն ու բարերարները։ Այս դահլիճում մենք, հաստատ, կունենանք նաև Սամվել Կարապետյան, ով տարիներ հետո կշարունակի անվանի հայրենասերի գործը։ Եվ տա Աստված այդպիսի համբավ ունենան բոլոր այս երեխաները։ Ծրագիրն անշուշտ իր նշանակությունը կունենա Արցախի զարգացման գործում՚,¬ հավելեց Ա.Հարությունյանը։ Միջոցառման ներկաները շնորհակալության և մեծարանքի ջերմ խոսքեր հղեցին Ս.Կարապետյանին՝ Արցախում բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ