[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ` ՄԱԴՐԻԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ունվարի 18-22-ը Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է Իսպանիայի ՙՖիտուր Մադրիդ-2017՚ միջազգային ցուցահանդեսում։ Եվրոպայի խոշորագույն տուրիստական ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված` Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի այցելուների և մասնակիցների մոտ։

 Ըստ ԼՂՀ պատվիրակության անդամ, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արսեն Բարսեղյանի,  ցուցահանդեսը անցել է բնականոն հունով, տաղավարի այցելուներին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային ներուժի մասին: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության աշխատանքները եղել են արդյունավետ։

Պաշտոնական Բաքուն կրկին անհանգստություն է ցուցաբերել միջոցառմանը Արցախի ներկայության համար. Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը հերթական բողոքի գրություն է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ այլ մարմինների, իսկ ցուցահանդեսի օրերին Մադրիդում գտնվող՝ մշակույթի եւ տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաեւն իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին,  հաղորդում է  ադրբեջանական կայքերից մեկը։ Անդրադառնալով վերոնշյալին` Ա. Բարսեղյանը նշեց, որ այս անգամ մեր հարևաններին չի հաջողվել երկար ժամանակով խանգարել ցուցահանդեսի աշխատանքներին՝ շնորհիվ անվտանգության աշխատակիցների։ Միաժամանակ նա շեշտեց, որ այս տարի Ադրբեջանի ներկայացվածությունը ցուցահանդեսին շատ պասիվ էր, ընդամենը մեկ մասնավոր ընկերություն էր տաղավար զբաղեցրել` ի տարբերություն նախորդ ցուցահանդեսների ժամանակ նրանց ճոխ ներկայացվածության (նախկինում մեծ ու թանկարժեք տաղավարներ էին վարձակալում)։ Դա, ըստ Ա. Բարսեղյանի, հավանաբար, պայմանավորված է Ադրբեջանի ֆինանսական ծանր վիճակով։

Անկախ ամեն ինչից, ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացվել է հավուր պատշաճի։

Վերջում հավելենք, որ ՙՖիտուր Մադրիդ –2017՚ ամենամյա ցուցահանդեսը թվով 37-րդն էր, որին մասնակցել է 9605 ընկերություն 164 երկրից: