[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԻՔ

ԼՂՀ  Սահմանադրության և քրեական դատավարության օրենսդրության համաձայն, դատախազությունն այն մարմինն է, որի լիազորություններից են հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, դատարանում մեղադրանքի պաշտպանությունը։

Սրանք գործառույթներ են, որոնք ուղղված են ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ մինչդատական վարույթում հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից իրականացվող դատավարական գործառույթների օրինականության ապահովմանը, որն իրագործված համարվելու դեպքում, եթե առկա են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բավարար հիմքերը, դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկում է դատարան՝ դատական համակարգի կողմից արդարադատություն իրականացնելու համար։ 

Ամբողջ մինչդատական վարույթը  քրեադատավարական մի փուլ է, որը հիմնված է հետաքննության և նախաքննության մարմինների, դատախազի` օրենքով սահմանված կարգով ձեռք բերած ապացույցների վրա հիմնված և ներքին համոզմունքով ձևավորված ենթադրության վրա, որը նպատակ ունի ենթադրյալ հանցագործության դեպքի շուրջ հավաքագրված ապացույցներն ի վերջո ներկայացնել և ստանալ դատարանի գնահատականը այնպիսի հարցերի կապակցությամբ, ինչպիսիք են հանցագործության դեպքի առկայությունը կամ բացակայությունը, կատարված արարքին անձի մասնակցությունը, նրա մեղավորությունը կամ անմեղությունը, և այլ հարցեր, որոնց թվում է նաև հանցանք կատարած անձի նկատմամբ համաչափ և արդարացի պետական հարկադրանքի միջոց կիրառելու հարցի լուծումը։

Թեև նշված վերջին խնդիրը դրված է դատարանի առջև, այդուհանդերձ, դատախազն անմասն չի մնում դրանից և, բնականաբար, իր սեփական կամ դատախազության կողմից հստակ ձևավորված դիրքորոշումն է ունենում և, հետևաբար, միշտ չէ, որ կարող է համաձայն լինել դատարանի կողմից հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակված պատժատեսակին ու պատժաչափին։

Ընդհանուր առմամբ` հասարակության մոտ այն կարծիքն է գերիշխում, որ դատախազությունը պատժատեսակի ու պատժաչափի ընտրության հարցում միշտ խիստ է տրամադրվում հանցանք կատարած անձի հանդեպ, իսկ դատարանը համեմատաբար մարդասեր և հումանիստական է։ Բնականաբար, դատախազության հանդեպ ձևավորված նմանատիպ կարծիքն առանց հիմքերի չէ, դա, երևի, նկատելի է տարբեր դատավարությունների ժամանակ դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազի կողմից պատժատեսակի ու պատժաչափի վերաբերյալ արտահայտած կարծիքներից կամ դատական ակտերի դեմ  բողոքներից։ Սակայն սա ևս պետք է ընդունել որպես օբյեկտիվ իրողություն, որովհետև այն նույնպես իր հիմքերն ունի։ Նախ նշենք, որ դատախազի համեմատական կոշտ դիրքորոշումը համատարած և կամայական բնույթ չի կրում, բայց դատախազությունը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարելու պարտականություն ունեցող ԼՂՀ իրավապահ այլ, հատկապես կոնկրետ գործի քննությանը մասնակցած հետաքննության ու նախաքննության մարմինները, ունենալով հանցավորության կանխարգելման խնդիր, փորձում են նշված նպատակին և արդյունքի ապահովմանը ծառայեցնել նաև պատժի սպառնալիքը, պատժի անխուսափելիությունը, ինչպես նաև պատժի հիմնական նպատակներից մեկը` կանխարգելումը` կոնկրետ դեպքը օրինակ ծառայեցնելով այլ անձանց հակաօրինական արարքներից զերծ պահելու համար։

Սոցիալական արդարությունը վերականգնելու և հանցանք կատարած անձին ուղղելու նպատակներից բացի պատժի նպատակն է նաև այլ հանցանքների կանխարգելումը։ Եթե կոնկրետ օրինակում անձի նկատմամբ նշանակենք անհամաչափ պատիժ կամ այնպիսին, որը չի կարող իրացնել պատժի նպատակները, այդ թվում` երրորդ անձանց քրեական հանցանք կատարելուց զերծ պահելը, ապա մենք պետք է արձանագրենք, որ պատժի քաղաքականության մեջ թերացել կամ սխալվել ենք։

Հատկանշական է, որ հասարակությունը յուրաքանչյուր հանցագործության դեպքի քննություն ուսումնասիրում կամ դրանով հետաքրքրվում է մեկանգամյա տարբերակով. մարդիկ, որպես կանոն, հետևում են բացառապես իրենց համար հետաքրքրություն ներկայացնող գործերով և դատախազության, դատարանի կամ քննություն իրականացրած սուբյեկտների գործունեության վերաբերյալ կարծիք, բնականաբար, ձևավորում են այդ խիստ սահմանափակ գործի շրջանակում, մինչդեռ, օրինակ` դատախազության համար ցանկացած հանցագործության դեպք նախ անհատական է, իսկ հետո դիտարկվում է նաև որպես ընդհանուր հանցավորության ամբողջության մաս և, հետևաբար, դրա կանխարգելման կամ դրանց դեմ պայքարելու միջոցներն ու եղանակները ընտրվում են ոչ միայն անհատապես, այլև որպես ընդհանրության մաս։

Պատահական չէ, որ պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն վարելու պարտականությունը ևս կրում է դատախազությունը։ Ընդ որում` ինքնին նշանակված պատիժը ոչինչ է, եթե չեն պահպանվել այն կրելու պայմաններն ու կարգը, եթե դրա ընթացքում չեն կատարվել անձի ուղղմանը նպատակաուղղված անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Պատժի քաղաքականության և հանցավորության թվի միջև կապը գուցե որոշներին անիրական թվա, բայց այն գոյություն ունի, որը կարելի է նկատել ցանկացած տարվա հանցավորության  վիճակագրության մեջ։ Բավական է տարածում գտած որևէ հանցատեսակի դեմ պայքարում պատժի քաղաքականության հարցում նկատելի մեղմացում ցուցաբերել, երբ նույն կամ դրան հաջորդող տարում անմիջապես նկատվում է տվյալ հանցատեսակի թվի աճ, հանցագործության որակական կամ քանակական հատկանիշներում փոփոխություն։ Հենց նմանատիպ պատճառներն են, որ դատախազությանը պարտադրում են պատժի քաղաքականության հարցում լինել ուշադիր և պատասխանատու։Ներկայացվածն առավել պատկերավոր կարելի է նկատել 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում տարված պատժի քաղաքականության ամենամյա պատկերի ուսումնասիրությամբ։ Այսպես. 2011թ. ԼՂՀ-ում կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 62 քրեական գործերով դատապարտվել է 94 անձ, որից 77-ը` որոշակի ժամկետով ազատազրկման, (27-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), իսկ 17-ի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրվել տուգանքը։

2012թ. նույնաբնույթ հանցատեսակներով 61 քրեական գործով դատապարտվել է 88 անձ, որից 57-ը` որոշակի ժամկետով ազատազրկման, նրանցից 18-ի նկատմամբ ազատազրկման տեսքով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 31-ի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրվել տուգանքը։

2013թ. կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 55 քրեական գործերով դատապարտվել է 79 անձ, որից 55-ը` որոշակի ժամկետով ազատազրկման, 25-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 24-ի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրվել տուգանքը։

2014թ. 56 քրեական գործով դատապարտվել է 79 անձ, որից 69-ը` որոշակի ժամկետով ազատազրկման, ընդ որում` նշված 44-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 10-ի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրվել տուգանքը։

2015թ. 44 քրեական գործով դատապարտվել է 76 անձ, որից 66-ը` որոշակի ժամկետով ազատազրկման, ընդ որում` 43-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 10-ի նկատմամբ որպես պատժատեսակ է ընտրվել տուգանքը։

2016թ. առաջին կիսամյակում 16 քրեական գործով դատապարտվել է 21 անձ, որից 19-ը` որոշակի ժամկետով ազատազրկման, 12-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 2 անձ ենթարկվել են տուգանքի։

Եթե համեմատենք 2010-2011թթ. հանցավորության վիճակը, ապա կնկատենք, որ 2010թ. կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել էր 289, իսկ միայն սեփականության դեմ ուղղվածները` 229, 2011թ. տարված պատժիչ քաղաքականության շնորհիվ նաև հնարավոր եղավ տվյալ տարում կտրուկ նվազում ապահովել. ընդհանուր թիվը նվազեց 87-ով, իսկ սեփականության դեմ ուղղվածները` 56-ով։

Նշված քաղաքականությունն իր արդյունքը տվեց նաև 2012թ., քանի որ այդ տարում, 2011թ. համեմատությամբ, ևս արձանագրվեց հանցավորության ընդհանուր թվի նվազում, սակայն 2012թ. պատժի քաղաքականության մեջ աննկատ մեղմացումը հանգեցրեց հաջորդ տարում` 2013թ. աճի արձանագրման։ Օրինակ` 2011թ. որոշակի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 77 անձ, 2012թ.` 57, կամ` 2011թ. տուգանքի էր դատապարտվել 17 անձ, 2012թ.` 31։ 2013թ. որոշակիորեն փորձ արվեց համեմատական հավասարակշռության մեջ պահպանել պատժի քաղաքականության մեղմացման միտումը, սակայն այն կրկին, այսպես ասած, իր ապտակը հասցրեց. և՜ 2014, և՜ 2015 թվականներին ևս ունեցանք հանցավորության ընդհանուր թվի համեմատական աճ։

Իհարկե, պետք չէ հանցավորության աճի կամ նվազման հիմքերում տեսնել միայն պատժի քաղաքականությունը, բայց ներկայացված համոզիչ այս օրինակներում դրա դերակատարությունը միանշանակ անհերքելի է։

Հանցավորության դեմ պայքարում պատժի քաղաքականությանը զուգահեռ կանխարգելիչ մեծ նշանակություն ունի իրավապահ մարմինների, առավելապես ԼՂՀ ոստիկանության դերակատարությունը, որը հատկապես արտահայտիչ է այդ գործառույթի նախականխիչ տեսակում։ Եթե սրա իմաստը կամ նշանակությունը որևէ մեկը չհասկանա կամ թերահավատորեն մոտենա, ապա բավական է ներկայացնել մեկ վառ օրինակ, որպեսզի իսկապես տեսնենք ոստիկանության նախականխիչ գործառույթի շոշափելի ու իրական լինելը։

2016թ. առաջին կիսամյակում ԼՂՀ-ում արձանագրվել էր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ, ընդ որում` այն հիմնականում աճել է  Մարտունու, Մարտակերտի և Շահումյանի շրջաններում, իսկ դրա պատճառն այն է, որ այդ շրջաններն ապրիլյան դեպքերի հիմնական թիրախ էին, որտեղ այդ օրերին ոստիկանությունը լուծում էր նաև կարևոր այլ խնդիրներ։ Այլ կերպ ասած, եթե ոստիկանությունը և առհասարակ իրավապահ մարմինները մի պահ կտրվում են հանցավոր երևույթի վերահսկողական գործառույթից, ապա այն պարտադիր բացասական հետևանք է թողնում։

Պատժի հետ միասին կարևոր նշանակություն ունի նաև պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատելու արդարացված ու հիմնավորված մոտեցումը։ Խրախուսանքի մեթոդը  դաստիարակության ցանկացած տեսակի առանցքային արդյունավետություն ապահովող միջոցներից է, ինչն իր յուրահատուկ տեղն ունի նաև հանցավորի ուղղման և վերադաստիարակման գործում։

Բացառապես պետությանն է վերապահված պետական հարկադրանքի միջոցը կիրառելու իրավասությունը, բայց և ներելը նույնպես պետության առաքելությունն է։

Քրեական պատիժը կրելուց ազատելու եղանակներ են պատիժը պայմանականորեն չկիրառելը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը, պատժից ազատելը ներման կամ համաներման ինստիտուտների կիրառմամբ և այլն։ Պատժից ազատելու առավել զանգվածային կամ համատարած բնույթ ունի համաներման ակտի կիրառումը։

Ինչպես գիտենք, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ 2016թ. օգոստոս ամսում ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց համաներում հայտարարելու մասին որոշում, որն անմիջապես սկսվեց կիրառվել իրավասու մարմինների կողմից։ Երբ իրավակիրառ մարմինը որևէ անձի ազատում է քրեական պատասխանատվությունից կամ պատժից, բնականաբար, սա կատարում է՝ հույս ունենալով, որ դա կարող է այդ նույն անձի օգտակարության վերականգնելը կամ նրան ուղղելն ավելի արդյունավետ դարձնել, քան նրա նկատմամբ կիրառված իրական պատիժը։ Ընդ որում` նույնիսկ պատժի կրումից ազատելու դեպքում համապատասխան մարմինը չի դադարեցնում այդ անձի հետ աշխատելու և նրան հակաօրինական քայլերից զերծ պահելուն ուղղված իր գործառույթը, բայց, ցավոք, միշտ չէ, որ հանցավորի նկատմամբ դրսևորված նմանատիպ խրախուսական քայլն իր ցանկալի արդյունքն է տալիս։ Դժբախտաբար, մենք ունենում ենք դեպքեր, երբ կրկին հանցանք է կատարում այն անձը, ում նկատմամբ նախկինում նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել էր, կամ նախկինում ներում էր շնորհվել կամ ազատվել էր պատժից համաներման ակտի կիրառման հիմքով։ Նմանատիպ ցանկացած դեպք ինչպես ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից դառնում է քննարկման առարկա, շատ հաճախ տարբեր անձինք ենթարկվում են կարգապահական պատասխանատվության հանցավորի հետ տարված աշխատանքի արդյունավետության բացակայության կամ նվազ արդյունավետության համար, բայց այդպիսի գրեթե յուրաքանչյուր դեպքում մենք նաև առնչվում ենք այնպիսի երևույթի հետ, ինչպիսին է հասարակական անտարբերությունը։ Սա այն հիմնական գործոններից է, որը մեզ զրկում է հանցագործ պիտակը ստացած կամ այն կրող սուբյեկտներին անվնաս հանրային կյանք վերադարձնելու գործը անթերի իրականացնելու հնարավորությունից։ Որքան էլ մենք մեծ ջանք թափենք, հասարակությունն է այն ուժը, որի  օգնությամբ  կարող է իր պաշտպանությունն ու անվտանգությունը գտնել մարդը, անկախ նրա վարքային դրսևորումներից։ Հասարակությունն է տալիս այն ջերմությունը, որը կարող է իր գրավչությամբ անձին պարտադրել, համոզել զերծ մնալ այնպիսի արարքներից, որոնք կարող են վնասել այդ նույն հասարակությանը կամ անընդունելի համարվել դրա կողմից, իսկ հասարակության կողմից անձի վանումը կամ անտարբերությունն ուղղակի ոչնչացնում են հանցավորի կողմից հասարակություն վերադառնալու բոլոր ճանապարհները։ Մենք պետք է գիտակցենք և հաշտ լինենք այն մտքի հետ, որ իրավապահ մարմինների կողմից հանցավորության դեմ պայքարն ունենալու է բիրտ, բռի և կոշտ գործունեության տեսք, եթե դրան չի միացել և դրա մաս չի կազմել ինքը` հասարակությունը։ Իսկ եթե հասարակությունը հավասարապես ցավի հանցագործության դեպքի, հանցագործության հետևանքների և հանցագործ անձի դատապարտման յուրաքանչյուր դեպքի համար, մենք կունենանք ամբողջական, համախմբված հանրություն, որի առաջ պատասխանատու կլինի ինչպես հանցավորը, այնպես էլ իրավապահպան գործառույթ իրականացնող յուրաքանչյուրը։

Բոլորիս պարզ է, որ որևէ մեկին քրեական պատժի ենթարկելը հաճելի կամ ցանկալի գործընթաց չէ, անձի հակաօրինական վարքագիծը բացառելու կամ նրան հանրային կյանքը հարգելուն պարտադրելու միջոցներից քրեական պատիժը պետք է լինի բոլոր եղանակներից ամենավերջինը, բոլոր հնարավորությունների սպառված լինելը փաստելուց հետո, իսկ դրա բանալին նախևառաջ գտնվում է հասարակության և մեզանից յուրաքանչյուրի ձեռքում։

 

Գուրգեն ՆԵՐՍԻՍՅԱՆ

ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական