[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Հունվարի 31-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը ԶԼՄ-ներին ներկայացրեց ոլորտի 2016թ. գործունեության մասին հաշվետվություն։ 

 Համակարգում գործում են 19 բուժհիմնարկ.13 ՓԲԸ, 6 ՊՈԱԿ, որոնցից 7-ը շրջանային բուժմիավորումներ են: Նախարարության ենթակայության տակ գործում են նաև 5 տեղամասային հիվանդանոց, 20 գյուղական բժշկական ամբուլատորիա և 205 բուժմանկաբարձական կետ: Բուժհիմնարկներում աշխատում են 330 բժիշկ, 1353 բուժքույր։ Տարվա կտրվածքով ստացիոնար հիմունքներով բուժում է ստանում միջինը 20000 մարդ: Համակարգում առկա 78 միավոր տրանսպորտային միջոցներից 6-ը ռեանիմոբիլներ են: 

ՙԱռողջապահության նախարար իմ նշանակվելուց մի քանի օր հետո սկսվեց ապրիլյան պատերազմը, և ողջ համակարգն` ուժային կառույցներին զուգահեռ, աշխատում էր արտակարգ ռեժիմով,-նշեց Կ. Աթայանը: -Ստեփանակերտի և շրջանային բոլոր բուժհիմնարկներում սահմանվել էր շուրջօրյա հերթապահություն, իսկ սահմանամերձ շրջաններում աշխատում էին մասնագիտացված բրիգադներ: Ստեփանակերտի վիրաբույժները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, վնասվածքաբանները և այլ մասնագետներ հերթապահում էին շրջաններում։ Օգնության էին հասել նաև ՀՀ բազմաթիվ մասնագետներ: Ընդհանուր առմամբ` Հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) սպասարկվել է 31վիրավոր, որից 27-ը` զինվորական, 4-ը` քաղաքացիական անձինք, իսկ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում` 3 երեխա։ Մարտակերտի, Մարտունու և Քարվաճառի ԲՄ-ներում բուժօգնություն է ստացել 16 վիրավոր: Պատերազմի ընթացքում բուժաշխատողները կատարել են իրենց առջև դրված խնդիրները, նրանց գրագետ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ փրկվել են բազմաթիվ մարդկային կյանքեր՚:

ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված` առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 5 մլրդ 949,8 մլն դրամ, որը համախառն ներքին արդյունքում կազմում է 2,3 %: Համակարգի 2016թ. կատարողականը կազմել է 5 մլրդ 748 մլն 454,4 հազ. դրամ: 

Նախարարությունը հաշվետու տարում ուշադրություն է դարձրել հանրապետության բնակչության, մոր և մանկան առողջության պահպանմանը, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, բոլոր բուժհիմնարկների անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրման գործընթացին, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը, անվճար և արտոնյալ պայմաններում դեղորայք ստանալու իրավունք ունեցող բնակչությանն անհրաժեշտ դեղերով ապահովմանը, ինչպես նաև ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը:

Հետևողական աշխատանք է տարվել համակարգը բժշկական կադրերով համալրելու գործում: Ընդհանուր առմամբ՝ 2016թ. աշխատանքի է ուղեգրվել 20 բժիշկ։ Հանրապետության բուժհաստատություններում առկա նեղ մասնագետների հարցը լուծելու նպատակով 2016թ. պետպատվերի շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 24 շրջանավարտ, որոնց հետ մշակվել է նոր պայմանագրի ձև։ Համաձայն դրա, շրջանավարտը պարտավորվում է ուսում ստանալուց հետո 5 տարի աշխատել Արցախում։ Նախարարության միջնորդությամբ կլինիկական օրդինատուրա է ընդունվել 8 բժիշկ՝ հետդիպլոմային մասնագիտացում անցնելու նպատակով։ Իսկ կլինիկական օրդինատուրան ավարտած 3 մասնագետներից 2-ն արդեն անցել է աշխատանքի, մեկն էլ զորակոչվել է զինվորական ծառայության։ ՙԵս հանդիպել եմ մագիստրատուրա ավարտած 8 հոգու հետ, և բացատրական զրույցի արդյունքում երիտասարդները, ըստ նախարարության պահանջարկի (կարդիոլոգիա, գինեկոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն, ճառագայթային ախտորոշում և ներզատաբանություն), շարունակել են մասնագիտական կրթությունը։ Ոմանք փոխել են իրենց ուղղվածությունը, որպեսզի հետագայում հնարավոր լինի համակարգն ապահովել անհրաժեշտ մասնագետներով՚,¬նշեց Կ.Աթայանը։ ՀՀ առողջապահության նախարարության և տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ տեղի բժիշկները մասնագիտական որակի բարձրացման նպատակով պարբերաբար վերապատրաստվում են Հայաստանի ու արտերկրի տարբեր կլինիկաներում։ Տարվա ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ, որոնց մասնակիցներին տրվել են համապատասխան շարունակական կրեդիտներ։ 

2016թ. ոլորտի առանձնահատուկ ձեռքբերումներից է ՙՈւռուցքաբանական դիսպանսեր՚ ՓԲԸ-ի նոր շենքի կառուցումը, որն առաջիկայում կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով և կհանձնվի շահագործման։ Իսկ ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպության և պետական աջակցության շնորհիվ վերանորոգվել է ՙՀակապալարախտային դիսպանսեր՚ ՊՈԱԿ¬ի հիվանդանոցային մասնաշենքը։ Բացի դրանից` ՙԿարմիր խաչ՚-ի միջազգային կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել է ՙԴատաբժշկական փորձաքննության բյուրո՚ ՊՈԱԿ¬ի շենքի մի մասը, տրամադրվել անհրաժեշտ պարագաներ։ Տարվա ընթացքում նախարարության կողմից համագործակցության պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՀՀ ԱՆ, ՙՋինիշյան՚ հիշատակի հիմնադրամի, ՙՀովարդ Կարագյոզյան՚ բժշկական բարեգործական ՀԿ¬ի, ՙՔերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՚ ՊՈԱԿ¬ի հետ։ Նախանշվել է աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների համար վերականգնողական կենտրոնի ստեղծումը, որի նպատակն է նպաստել նման երեխաների զարգացմանը և ստեղծել նրանց վերականգնման, կրթության և սոցիալական միջավայրում հարմարվելու պայմաններ։ 

2016թ. ԼՂՀ բուժհիմնարկներում արձանագրվել են շուրջ 450 հազ. ամբուլատոր հաճախումներ, 2015թ. 496¬ի դիմաց։ Հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19209 մարդ։ Կատարվել է լաբորատոր գործիքային 197526 հետազոտություն, որից 19899-ը դժվարամատչելի էին։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման առումով կատարվել են 12491 ֆլյուորոգրաֆիկ, արգանդի վզիկի քաղցկեղի բացահայտման 36 ֆիտոլոգիական հետազոտություններ, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի բացահայտման համար 1621 մամոգրաֆիա  և ոսկրանյութի խտության որոշման 336 դենսիտոմետրիա։ Իրականացվել է անգիոգրաֆիայի 364 հետազոտում, որի արդյունքում կատարվել են 201 կորոնարոգրաֆիական հետազոտում և 163 ստենտավորում։ Ընդհանուր առմամբ՝ հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 5594 վիրահատություն։ Նախարարը ներկայացրեց վերջերս ԼՂՀ Նախագահի հանձնարարականով հաստատված անգիոգրաֆիկ ծառայությունների նոր գնացուցակը, որն ավելի մատչելի է։ Բացի դրանից, ոլորտի կարևոր ձեռքբերումներից էին  անգիոգրաֆիայի բաժանմունքում իրականացված էնովասկուլյար վիրահատությունները։ Դեկտեմբերին Զալցբուրգից ժամանած մասնագետների հետ համատեղ իրականացվեց անոթային տիպի 15 վիրահատություն, որից 11-ը՝ էնդովասկուլյար, իսկ 4-ը՝ բաց եղանակով։ 

Շրջանների բնակչության մասնագիտացված օգնության ծրագրով կազմակերպվել է 424 գյուղական այց։ ՀՀ¬ից և արտերկրից ժամանած մասնագետների հետ համատեղ Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկներում կազմակերպվել է ՙԲաց դռների օրեր՚ ծրագիրը, որի շրջանակներում կատարվել են 2500 խորհրդատվություն, 1754 հետազոտություն և 254 վիրահատություն։ 2016թ. արձանագրվել է 1222 մահվան դեպք, որոնցից 222-ը` հիվանդանոցային պայմաններում։ Մահացության ցուցանիշը 2015թ. նկատմամբ նվազել է 68 դեպքով, իսկ 2014¬ի համեմատ` 87-ով։ Կ. Աթայանի պարզաբանմամբ` մահացածների մեծ մասը տարեցներ էին։ Մահացությունների հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Ու եթե միջազգային վիճակագրական տվյալներով վերակենդանացման բաժանմունքներում մահացությունը կազմում է 35-40%, ապա ԼՂՀ ԱՆ ՀԲԿ-ի նշյալ  բաժանմունքում 2016թ. կազմել է 31%։ ՀՀ տարբեր բուժհաստատություններ է ուղեգրվել 798 հիվանդ: 

2016թ. շարունակվել է ուշադրություն դարձվել մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին: Հանրապետության բուժհիմնարկներում գրանցվել է 2471 նորածին։ Մայրական մահացության դեպք չի գրանցվել: 

Դիտարկվող ժամանակահատվածում համաճարակաբանական իրավիճակը ԼՂՀ-ում համեմատաբար հանգիստ էր: ԼՂՀ 2016-2020 թթ. իմունիզացիայի պետական ծրագրի շրջանակներում 2016թ. ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից բարեգործական հիմունքներով տրամադրվել են մոտ 129մլն դրամի պատվաստանյութ, ներարկիչներ, ինչը բավարարել է Արցախի բնակչության, այդ թվում նախազորակոչիկների և զորակոչիկների իմունիզացիայի ամբողջ պահանջարկը: 

Վերջում նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ամենահաճախ հանդիպող հիվանդություններին, պոլիկլինիկաներում գոյացող հերթերին, ինչի կապակցությամբ Կ. Աթայանն առաջարկել էր հիվանդներին երկու շաբաթվա գրանցման հերթացուցակ, սակայն նրանք հրաժարվել են նման ձևաչափով բժշկի մոտ հետազոտվել։ Խոսվեց նաև պետական և մասնավոր դեղատների, դեղերի վերահսկման գործընթացի, Արցախից դուրս գտնվող ուսանողների բուժման խնդիրների, դժվարամատչելի հետազոտությունների հնարավորությունների, ակնաբուժության ոլորտի նոր վիրահատական մեթոդների և տեղի մասնագետների որակավորման բարձրացման հարցերի շուրջ։  

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ