[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՀԱԿԱՊԱԼԱՐԱԽՏԱՅԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԻ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

ՙԲժիշկներ առանց սահմանների՚ ֆրանսիական կազմակերպության և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերանորոգվեց ԼՂՀ ԱՆ ՙՀակապալարախտային դիսպանսեր՚ ՊՈԱԿ-ի ստացիոնար բաժանմունքը։

Փետրվարի 1-ին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը շինարարական աշխատանքների պատասխանատուների, ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ շրջայց կատարեց վերանորոգված մասնաշենքում։

Կ.Աթայանը կարևորեց սոցիալական նշանակություն ունեցող վերանորոգման այդ ծրագիրը և շնորհակալություն հայտնեց համագործակցող կազմակերպությանը, որ պարբերաբար աջակցում է Հակապալարախտային դիսպանսերի աշխատանքներին։ Ավելի քան 100 տարի է, ինչ մարդկությանը հայտնի է տուբերկուլյոզ հիվանդությունը, և 50 տարի է, ինչ գոյություն ունեն հակատուբերկուլյոզային արդյունավետ դեղամիջոցներ։ Վիճակագրությունը վկայում է. աշխարհում ամեն տարի տուբերկուլյոզից մահանում է ավելի քան 2 մլն  մարդ, և դրա հիմնական պատճառը հիվանդներին ոչ ժամանակին հայտնաբերելը և ոչ լիարժեք բուժում կազմակերպելն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տուբերկուլյոզի դեմ պայքարի գծով միջազգային միությունը մշակել են հիվանդության դեմ պայքարի ռազմավարություն, որով առաջնորդվում են տարբեր երկրների առողջապահության համակարգեր։ 

1997թ. ԼՂՀ առողջապահության նախարարության և ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպության միջև կնքվել էր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաձայնագիր։ Նույն տարում վերանորոգվել է Ստեփանակերտի հակապալարախտային դիսպանսերի գործող շենքը, կառուցվել է մուֆելային վառարան, իսկ 1999թ. շահագործման է հանձնվել ստացիոնար  բաժանմունքի նորակառույց շենքը։ Կ. Աթայանի պարզաբանմամբ` նշյալ կազմակերպության կողմից բավականին մեծ աշխատանքներ են տարվել տուբերկուլյոզի դեմ պայքարի գործում։ Կազմակերպվել են թրենինգներ բուժանձնակազմի համար, տրամադրվել տրանսպորտային միջոցներ։ ՙՀիվանդները մշտապես ապահովված են դեղորայքով, գործում է լաբորատոր բաժանմունքը, որտեղ կազմակերպության կողմից տեղադրվել են անալիզատորներ։ Ստացիոնար բաժանմունքի վերանորոգումն սկսվել է 2016թ. հոկտեմբերից։ Երախտիքի խոսքս եմ ուղղում ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպությանը` երկար տարիների համագործակցության համար և համոզված եմ, որ այն կկրի  շարունակական բնույթ՚,- նշեց Կ. Աթայանը։ Երկարատև  և արդյունավետ համագործակցության համար ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպությանը հանձնվեց շնորհակալագիր։ 

Իր հերթին կազմակերպության առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեն շնորհակալություն հայտնեց ուշադրության և կատարված համատեղ աշխատանքների համար։ ՙԱյս ոլորտի ցանկացած աջակցություն շատ եմ կարևորում, հատկապես երբ հիվանդի ախտորոշումից հետո նա հնարավորություն է ունենում ստանալ բուժման  անհրաժեշտ պայմաններ։ Եվ եթե հիվանդանոցում համապատասխան վարակազերծման և այլ աշխատանքներ չեն տարվում, հաճախ հիվանդը հանդիսանում է վարակի աղբյուր։ Իսկ ստեղծված պայմանները կապահովեն հիվանդների երկարատև  բուժման անվտանգ գործընթացը՚,- ասաց Մարի Ժան Պարեն։ 

Քանի որ տուբերկուլյոզի դեղորայքային բուժումը տևում է երկու տարի, պահանջվում է բացառել բազմաթիվ կողմնակի ազդեցությունները։ Կազմակերպության ներկայացուցիչը խոսեց նաև հակատուբերկուլյոզային վերջին սերնդի ավելի արդյունավետ դեղորայքի մասին։ Դիսպանսերի բուժակ, շրջանային համակարգող Վրեժ Հախումյանը ներկայացրեց կատարված աշխատանքը, որի արդյունքում բաժանմունքն այժմ ունի ուլտրամանուշակագույն ճառագայթներով դեզինֆեկցիոն վահանակներ, օդափոխիչ և օդամղիչ հարմարանքներ, առանձին սանհանգույցներ։ Նա դիսպանսերի բուժանձնակազմի կողմից խորին շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կազմակերպությանը աջակցության և ՙՊայքար պալարախտի դեմ՚ ծրագրի համատեղ իրագործման համար։ 

Հակապալարախտային դիսպանսերի գործադիր տնօրեն Կարինե Անդրյանը խոստովանեց, որ շենքային անմխիթար պայմանների պատճառով որոշ հիվանդներ բուժման համար մեկնում էին Երևան։ Այժմ նրանք տեղում կստանան որակյալ բուժօգնություն։ Վերանորոգումից հետո բաժանմունքն ունի առանձնացված մուտք, իսկ տեղադրված օդափոխիչ համակարգը  կանխում է  վարակի տարածումը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ