Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՆԱՉԱՌ, ԱՐԴԱՐԱՑԻ, ԽՂՃԻ ՁԱՅՆԻՆ ՈՒՆԿՆԴԻՐ

Փետրվարի 2-ին բոլորեց մեր գործընկեր, ՙԱզատ Արցախ՚ թերթի բաժնի վարիչ, ՙԼուսարար՚ կրթագիտական թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանի ծննդյան 60-ամյակը։

Մի անձնավորություն, ով ճշմարիտ մտավորականի իր կեցվածքն ունի, և որից նա կյանքի ոչ մի իրավիճակում քայլ անգամ չի նահանջել։ Լրագրող, ով մեր երկրի համար ճակատագրական օրերի՝ անկումի ու խոյացումի զգայուն հետևողն է ու մասնակիցը՝ոչ հեռու անցյալում ու նաև մեր օրերում։

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում փետրվարի 2-ին տեղի ունեցած միջոցառումը՝  նվիրված հոբելյարին, մեծարումի խորհրդանշական օր էր։ Ներկա էին գերատեսչության աշխատակազմը, գործընկերներ։ 

Հոբելյարին շնորհավորեց և աշխատանքային գործունեությունը ներկայացրեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը։ 

Ս. Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սկզբում աշխատել է ԼՂԻՄ գիտատեխնիկական ինֆորմացիայի և հետազոտության կենտրոնում՝ որպես խմբագիր։ Այնուհետև 1981-1994թթ. աշխատել է Ասկերանի շրջանային ՙԿարմիր դրոշ՚ (հետագայում՝ ՙԽաչեն՚) թերթում՝ սկզբում որպես նամակների բաժնի վարիչ, այնուհետև՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ Որոշ ժամանակ աշխատել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ.7 միջնակարգ դպրոցում՝ դասավանդելով հայոց լեզու և գրականություն։ 1997թ. աշխատանքի է անցել ՙԼՂ Հանրապետություն՚ (ներկայում՝ ՙԱզատ Արցախ՚) թերթում՝ նախ որպես թղթակից, այնուհետև՝ սոցիալական հարցերի բաժնի վարիչ։ 2000 թվականից (համատեղությամբ) ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ՙԼուսարար՚ թերթի խմբագիրն է։ ԿԳՍ նախարարի հավաստմամբ՝ շնորհիվ Ս. Խաչատրյանի անխոնջ ու արդյունավետ աշխատանքի, ՙԼուսարար՚-ը մեծ լսարան է ձեռք բերել. բաժանորդագրության և տպաքանակի առումով թերթը հանրապետությունում առաջնային տեղ է զբաղեցնում։ ՙԼուսարար՚-ը փաստորեն դարձել է մեր գերատեսչության տարեգիրը։ Բոլոր առումներով բազմաբովանդակ ու գրագետ, աչք շոյող թերթ է, ու թերևս դա է պատճառը, որ այն մշտապես յուրաքանչյուր մանկավարժի սեղանին է։ Եռանդուն, աշխատասեր, հասարակությանը նվիրված անձնավորություն է մեր հոբելյարը։ Որպես լրագրող՝ նա դեռ խոսք ունի ասելու, և համոզված ենք, որ այդ մեծ առաքելությունը նա հետայսու ևս պատվով է կատարելու՚,- ասաց Ս. Ասրյանը։

Ս. Խաչատրյանը Արցախի լրագրողական ընտանիքի այն անդամներից է, ում անցած ճանապարհը միայն հարգանք, համակրանք ու վաստակած ճանաչում է բերել՝ արժևորելով բարեկիրթ ու դաստիարակված մտավորականի հատկանիշները։ Երկրի ղեկավարությունը բարձր է գնահատել շուրջ չորս տասնյակ տարիների նրա լրագրողական գործունեությունը. Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով ս. թ. փետրվարի 2-ին Ս. Խաչատրյանին շնորհվել է վաստակավոր լրագրողի կոչում։ Հրամանագրի և կոչումը հավաստող վկայականի հետ միասին ԼՂՀ ԿԳՍ նախարարը գերատեսչության կողմից նվեր հանձնեց հոբելյարին՝ մաղթելով նրան երկար տարիների բեղմնավոր գործունեություն։

Շնորհավորանքների և բարեմաղթանքների պակաս չկար։ Հոբելյարի աշխատասիրությամբ ու գործին հիմնովին նվիրվելու եռանդով շատերն էին հիացած։ Լուսինե Ղարախանյանն իր  խոսքում նշեց, որ Ս. Խաչատրյանին իր ուսուցիչն է համարում։ Լինելով նրա ակտիվ ընթերցողը՝ ոգևորվել, ներշնչվել է հոբելյարի հոդվածներից, ու ինքն էլ է սկսել գրելը։ 

ԿԳՍ նախարարության երկարամյա աշխատող Սոս Արզումանյանի կարծիքով՝ Սվետլանան արժանի է նման բարձր գնահատականի։ ՙԻր ակտիվ գործունեությամբ նա մեզ ևս ստիպում է անընդհատ որոնումների մեջ լինել,- ասաց Ս. Արզումանյանը։- Տարիների ընթացքում նրա գրչի հանդեպ հետաքրքրությունը ոչ միայն չի մարում, այլև մեծանում է։ Չէ՞ որ յուրաքանչյուր տեղին ու ժամանակին ասված խոսք շատ հաճախ ավելին է անում, քան այս կամ այն ծրագրի իրականացմանը միտված գործողությունների մի ամբողջ շարքը։ Անվրեպ աչքով հետևում-հետաքրքրվում է համակարգում տեղի ունեցող փոփոխություններին ու նորություններին՝ դրանք առանց ուշացնելու ընթերցողին մատուցելու համար։ Այն, որ ՙԼուսարարը՚ մեծ հարգանք է վայելում հանրապետության ուսուցիչների մոտ՝ Սվետլանայի շնորհքն է՚։

ՙԳեղեցիկ է, երբ մարդու անունը համապատասխանում է իր բնավորությանը,- ասաց Արտակ Ղուլյանը։- Իր անվանը վայել հոբելյարը լույս է սփռում ամենուր։ Մշտապես փնտրտուքների մեջ, միշտ մտահոգ առօրյա խնդիրներով. այսպիսին է տիկին Սվետլանան։ Նրա շնորհիվ է նաև անաղարտ մնում մեր մայրենին։ Համոզված եմ, որ նա իր առաքելությունը կշարունակի կատարել ավելի մեծ ոգով՝  ի շահ մատաղ սերնդի՚։  

Պետական բարձր պարգևի կապակցությամբ հոբելյարին շնորհավորեց նաև Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը։ Նա չկամեցավ առանձնակի գնահատականներ տալ՝ նշելով, որ լրագրողի գործունեությունը հրապարակային է ու բոլորին տեսանելի։ Միայն նշեց, որ շատ լավ է հասկանում լրագրողի կատարած ծանր աշխատանքը։ Շուրջ 35 տարի՝ Սվետլանայի հետ համատեղ կյանքում լրագրողական աշխատանք են կատարում։ Գիշերները նստել՝ հոդված գրելը հիմնականում կին-լրագրողներին է հատուկ, ասում է Կ. Գաբրիելյանը և հավելում, որ աշխատասիրության առումով ինքը ևս դասեր է առել նրանից։

Արցախյան շարժման սկզբնական շրջանում, լինելով Ասկերանի շրջխորհրդի պատգամավոր, Ս. Խաչատրյանն ընդգրկված էր Շարժման առաջամարտիկների խմբում։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում Արցախում՝ արտացոլվում էր նրա հոդվածներում։ 

Հիրավի, դժվար է հավատալ, որ Սվետլանա Խաչատրյանը 60 տարեկան է։ Չհավատալու պատճառը դարձյալ նրա կենսագրականով է պայմանավորված։ ՙԼուսարար՚-ի հետ զուգահեռ նա նաև ՙԼուսայգ՚ մանկապատանեկան թերթն է լույս ընծայում՝ մանուկների համար բացահայտելով իրական աշխարհի հեքիաթն ու մանկության մոլորակի գաղտնիքները։ Պատանիների հետ նրա երկխոսության նպատակը հայրենիքի սրբություններով ապրող քաղաքացիներ և զինվորներ դաստիարակելն է։ Եվ այս ամենը ոչ միայն կենսագրական շտրիխներ են, այլև ապրելակերպ ու կենսաձև, բովանդակություն ու ճակատագիր։ Լուսավորի, մաքուրի, մանկական գունավոր երազանքների միջավայրը նաև նրա աշխարհն է, աշխարհ՝ առանց հավակնությունների, անմիջական՝ ինչպես իր նվիրումը սիրած գործին։

Հուզված ու երախտապարտ հոբելյարը շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին և ԼՂՀ ԿԳՍ նախարարությանը՝ իր աշխատանքը բարձր գնահատելու համար։ ՙԵս աշխատել եմ երկու հասարակարգերում, բայց ունեցել եմ մեկ սկզբունք՝ միշտ լինել անաչառ, արդարացի, խղճիս ձայնին ունկնդիր։ Աշխատել եմ ինքս ինձ համար ու երբեք չեմ մտածել պարգևների արժանանալու մասին։ Բայց, միաժամանակ, ճիշտ չի լինի ասել, թե գոհունակություն ու բերկրանք չես ապրում, երբ կատարածդ աշխատանքը գնահատվում է վերադասի կողմից, հատկապես՝ պետական բարձր պարգևի պարագայում։ 

Շնորհակալություն նախարարներին, որոնց հետ աշխատել եմ և որոնք վստահել են ինձ այդ բարձր ամբիոնը։ Շնորհակալություն ԿԳՍ նախարարության աշխատակազմին և ծայրամասային գյուղերում ապրող ուսուցիչներին, որոնց հետ միշտ համագործակցել ենք, և որոնցով էլ պայմանավորված են մեր հաջողությունները։ Իմ համեստ գրչով ձգտել եմ փոքր-ինչ ներդրում ունենալ հայրենի երկրի շենացմանը՚։

Առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ ու լավատեսություն մաղթենք մեր գործընկերոջը՝ համոզված, որ Սվետլանայի համար 60-ն ընդամենը թվաբանություն է և ոչ տարիք։ Տարիքի համար նա դեռ ճանապարհ ունի անցնելու։           

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ