[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉՄԱՉ. ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՀԱՄԱՅՆՔ

Ռաֆիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Խաչմաչի համայնքի ղեկավարի պաշտոնում է  ոչ առաջին անգամ։ Այն  զբաղեցրել էր նաև  1998-2011թթ.-ին։

Լավ ծանոթ է գյուղի հին ու նոր  խնդիրներին, հոգսերին։ Արցախի մյուս գյուղերի նման հոգսառատ գյուղ կլիներ Խաչմաչը, եթե համագյուղացի բարերարների օժանդակությունը չլիներ։ Սեյրան Կարապետյանի, Արա Հարությունյանի, Նորայր Հարությունյանի  անունները  երախտագիտությամբ են տրվում այս համայնքում։

Համայնքապետարանի նոր, հարմարավետ շենքն աչք է շոյում. տիպային շենք է՝ ժամանակակից լուծումներ, բարեկարգ բակ։ Այստեղ են տեղակայված նաև մշակույթի տունն ու բուժկետը։ Ունի  գրադարան,  հարմարավետ դահլիճ, որտեղ էլ անցկացվում են համայնքային միջոցառումները։ Համայնքապետարանի շենքը շահագործման է հանձնվել 2 տարի առաջ։ Կառուցվել է ՙԽաչմաչ՚ հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ 


Տեղեկացնենք, որ ՙԽաչմաչ՚ հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականի սեպտեմբերին։ Համայնքի ղեկավարը միաժամանակ այդ Հիմնադրամի փոխտնօրենն է, իսկ դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը՝ Հիմնադրամի տնօրենը։ Կառույցի  հիմնական եկամուտը գոյանում է բարերարների նվիրատվություններից և, ինչպես իրազեկեց Ռ.Գրիգորյանը, համայնքի բոլոր ներքին հարցերը լուծվում են հենց Հիմնադրամի  միջոցներով։ Յուրաքանչյուր տարի  ավելի քան 4մլն դրամի աշխատանք է կատարվում: Այս տարի Հիմնադրամի ծախսը կազմել է  5մլն 998հազ. դրամ: ՙԽաչմաչ՚ հիմնադրամի գումարներով ընդհանուր առմամբ գյուղում 9000 քառ.մ  տարածքի վրա 110 հազարից ավելի քարե խորանարդիկ է օգտագործվել՝ ճանապարհների սալահատակման համար: Գյուղը չունի հանդիսությունների տուն, բայց առաջիկայում, համայնքապետի խոսքով, փորձ է արվելու լուծել այդ խնդիրը ևս։

 Արդեն  մի քանի տարի է, ինչ Խաչմաչն ունի վերանորոգված գործող եկեղեցի՝ շնորհիվ բարերար Սեյրան Կարապետյանի, որը լրիվությամբ  իր վրա է վերցրել ինչպես եկեղեցու, այնպես էլ նրա հարակից տարածքի բարեկարգումը։ 

Ռ. Գրիգորյանի հետ շրջեցինք գյուղում, եղանք վերանորոգված եկեղեցում.  գյուղը բավականին բարեկարգ տեսք ուներ, փողոցները հիմնականում սալահատակված էին, տները՝ կոկիկ։ Բնակչության կենսամակարդակը համեմատաբար բարձր է երևում. շատ բակերում անձնական  օգտագործման ավտոմեքենաներ, մի մասի բակում՝ գյուղտեխնիկա կային։ Խիստ կարիքավոր ընտանիքներ Խաչմաչում չկան։ ՙՈվ  հնարավորություն ունի, աշխատանքի է մեկնում  Ստեփանակերտ. այն մեր համայնքին շատ մոտ է և տրանսպորտային կապով ապահովված՚,-ասաց համայնքի ղեկավարը։ Գյուղը գազիֆիկացված է, ապահովված է ջրով. վերջերս լրիվությամբ փոխվել է ներքին ջրատար ցանցը։ 

Ինչպես տեղեկացանք Ռ.Գրիգորյանից, արդեն 5 տարի է, ինչ համայնքի սեփական հողատարածքները, բնակիչների հետ պայմանագրային հիմունքներով, մշակում է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը,  հողի սեփականատերերին տրամադրելով  վարձավճար:

Մեր հարցին, թե ինչպես են Խաչմաչում վերաբերվում գյուղատնտեսական նոր հայեցակարգին, որի շրջանակներում այսուհետ պիտի իրականացվի պետության գյուղատնտեսական քաղաքականությունը, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ գիտեն այդ մասին, բայց ի մասնավորի ոռոգման նոր մեթոդը համայնքում կիրառելու հնարավորություն և անհրաժեշտություն չունեն։ ՙԱյստեղ ոռոգովի տարածքները քիչ են, հիմնականում ցանում են հացահատիկային մշակաբույսեր՚,-ասաց նա։ Խաչմաչն ունի 240 հա մշակովի ցանքատարածություն, որից 132 հա-ը սեփական վարելահողեր են, որոնք, ինչպես նշվեց, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն է մշակում։ 108 հա-ից   90-ն օգտագործվում է աշնանացանի կամ գարնանացանի համար (հիմնականում` ոռոգման կարիք չունեցող մշակաբույսեր)։

Անասնապահության  զարգացման հնարավորությունները գյուղում ավելի շատ են, բայց  գլխաքանակը մեծ չէ. ամբողջ համայնքում 53 գլուխ խոշոր եղջերավոր  կա։ Մի քանի տարի առաջ դրանց թիվը մոտ  100 էր, բայց  արձանագրված՝ բրյուցելոզի  վարակից հետո այն նվազեց։ Գյուղացիների մի մասը հիմա չի էլ ուզում զբաղվել անասնապահությամբ։ Այս մասին համայնքի ղեկավարն  ափսոսանքով է խոսում, քանի որ Խաչմաչն այդ ճյուղի զարգացման համար ունի բոլոր պայմանները. մոտ 210 հա արոտավայր կա, կլիման մեղմ է, բարենպաստ, իրացման հնարավորությունները՝ շատ։ Ճյուղի զարգացումը  հեռանկարային է  պետական  աջակցության դեպքում՝ կոոպերատիվ համակարգի ստեղծման ձևով։

Ծնված յուրաքանչյուր երեխայի համար ծնողները բարերարներից 2000-ական դոլար նվեր են ստանում, ինչը ևս   խթանում է, որպեսզի գյուղում երեխաներ  ծնվեն։ Համայնքում  4-5 բազմազավակ ընտանիք կա, նրանցից մեկի՝ 10 երեխա (8 որդի, 2 դուստր) ունեցող  Ղազարյանների ընտանիքի համար պետությունը տուն է կառուցել։ Վերջինիս պատմությունը մեզ հետաքրքրեց, և մենք այցելեցինք  նրանց։ Ճիշտ է՝ բոլոր երեխաներին տանը չգտանք.  գյուղում օրվա այդ ժամին դժվար է տնեցիներին  հավաքել հարկի տակ: Ընտանիքի ամեն անդամ իր անելիքն ունի. որը դաշտում է, որը՝ քաղաքում՝  աշխատանքի։ Անցյալ տարի կորցրել են ընտանիքի հորը, և ավագներն արդեն օգնում են, որպեսզի տան ամբողջ ծանրությունը մոր ուսերին  չընկնի։

Սվետլանա Ղազարյանը Խաչմաչ է եկել 30 տարի առաջ՝ Լենինգրադ քաղաքից։ Ամուսինը՝ Գրիգորի Ղազարյանը, որի հետ սովորում էին նույն ինստիտուտում, այս գյուղից էր։ Սիրում էին իրար և ազգությամբ ռուս, մեծ քաղաքում մեծացած աղջիկն ամուսնանալով, 1990 թ.-ին տեղափոխվում է այստեղ։ Բոլոր դժվարությունները հաղթահարել են միասին, սովորել է ամուսնու  մայրենի լեզուն, հարմարվել տեղի հոգեկերտվածքին, փոխել կարծրատիպերը և այսօր, չնայած ամուսինն արդեն չկա, իրեն լրիվությամբ ղարաբաղցի է համարում։ Չի ափսոսում, որ  տեղափոխվել  է Արցախ, չնայած ամուսնու մահից հետո օրվա հացը վաստակելն ավելի է դժվարացել։ Երբ հարցրինք խնդիրների մասին, չցանկացավ  մանրամասնել, պատասխանեց, որ ապրում են այնպես, ինչպես  ապրում են գյուղում բոլորը։ Ավագ աղջիկն ամուսնացել է, որդին 28 տարեկան է արդեն և որոշ չափով կարողանում է ձեռք հասցնել։ Կրտսերը 6 տարեկան է և, կարելի է ասել, նույնպես աշխատուժ է: Ունեն փոքրիկ տնտեսություն, տնամերձ հողամաս, որի հաշվին էլ հոգում են ընտանիքի հոգսերը։ Մեզ հաճելիորեն զարմացրեց այս ընտանիքը. չնայած տեսնում էինք, որ նրանք բավականին համեստ, եթե չասենք` կարիքի մեջ են ապրում, այնուամենայնիվ, որևէ պահանջ չներկայացրին:

Խաչմաչում 240 բնակիչ է ապրում։ Աճող համայնք է, երիտասարդները գյուղում շատ են: Աշխատում  են՝ հոգալով օրվա ապրուստը, ապրում՝ Աստծուց գոհ։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, գյուղմթերքն իրացնում Ստեփանակերտի շուկայում։ Հիմնականում ինքնազբաղվածներ են: Ոմանք   աշխատում են  համայնքապետարանում, դպրոցում։ Դպրոցը  միջնակարգ է, կա  20 ուսուցիչ, 38 աշակերտ։ Ռ. Գրիգորյանը նշեց, որ համայնքում այսօր հրատապ է մանկապարտեզի հարցը, քանի որ նախադպրոցական հասակի 27 երեխա կա, սպասվում է , որ այդ թիվը տարեցտարի կաճի։ Համայնքի ղեկավարն ուրախությամբ և ներքին հպարտությամբ է նշում, որ արցախյան առաջին պատերազմից հետո գյուղից հեռացող գրեթե չի եղել։ 

Գյուղի դպրոցի շենքը հին է, կառուցված նախորդ դարի սկզբին։ Փոքր շենք է,  մասնակի վերանորոգված, բայց առայժմ բավարար է նորմալ ուսուցում կազմակերպելու համար: 

Բարերար Ս. Կարապետյանը նոր դպրոցական կահույք է տրամադրել, երեխաների հասակին համապատասխանեցվող նստարաններ,  դպրոցն ապահովված է համակարգիչներով։ Տնօրեն  Ս. Մնացականյանը տեղեկացրեց, որ դասերը կազմակերպվում են հիմնականում կաբինետային  համակարգով, 100%-ով ապահովված են մասնագետ-ուսուցիչներով։ Ունեն  ֆիզիկայի  լաբորատորիա, քիմիայի, ինֆորմատիկայի կահավորված կաբինետներ։  ՙՃիշտ է, դպրոցի շենքը  տիպային չէ, և նոր չէ՝ կառուցվել է 1900թ.-ին, բայց  այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մեր երեխաները լիարժեք ուսում ստանան՚,-ասաց Ս. Մնացականյանը։ Դպրոցի միակ խնդիրը, որն ապագայում նախատեսում են լուծել, մարզադահլիճն է, որը կլուծվի համայնքում նոր դպրոցական շենքի կառուցմամբ։ Դպրոցում խմբակներ էլ են  գործում, որոնցում ըստ  նախասիրությունների ներգրավված են   աշակերտները։ Դպրոցի  գրադարանն ունի շուրջ 7000 կտոր գիրք։ Ֆոնդը պարբերաբար համալրվում է։ 

Համայնքի ղեկավարը դպրոց-համայնք համագործակցությանը մեծ տեղ է տալիս, գտնում է, որ բոլոր նախաձեռնություններում համայնքի գլխավոր աջակիցը դպրոցն է։

ՙՄեր ապագան մեր երեխաներն են: Այն, ինչ այսօր արվում է համայնքում,  արվում է նրանց համար: Հուսով ենք, որ այդ ներդրումը  կբազմապատկենք ու ավելի բարգավաճ համայնք կփոխանցենք սերունդներին՚,-եզրափակեց համայնքի ղեկավարը:

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ