[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆԸ ՄԻՇՏ ԱՉՔԻ Է ԸՆԿԵԼ ԻՐ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՄԲ

Հարցազրույց Մարտունու շրջվարչակազմի  ղեկավար Կարեն ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ 

 -Կարեն Ռաֆայելի, տարին դեռ նոր-նոր է իր իրավունքների մեջ մտնում. Որո՞նք են այն հաջողությունները, այն նախապայմանները, որոնց վրա հենվելով՝ 2017-ը դարձնելու եք նոր ձեռքբերումների տարի։

-Արցախն ընդհանրապես համարվում է ագրարային երկիր։ Մեր շրջանի աշխատունակ բնակչության հիմնական մասը ևս զբաղվում է հողագործությամբ, առաջնահերթությունը տրվում է հացահատիկի արտադրությանը։ Ասեմ, որ նախորդ տարի  մեզ մոտ այդ առումով արձանագրվել է ռեկորդային ցուցանիշ։ Այդ հենքի վրա էլ նախատեսված է 2017 թվականին ոչ միայն ընդլայնել հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը, այլև գարնանացան նոր մշակաբույսերի ներդրմամբ ևս մեկ մակարդակ բարձրացնել ոլորտը։ Վերջինիս համար ստեղծված են բոլոր նախադրյալները, իսկ կառավարության կողմից կա գործուն աջակցություն։ Տարբեր եղանակներով՝ սուբսիդավորման, սերմերի տրամադրման, նոր յուղատու մշակաբույսերի՝ հնդկաձավարի, կտավատի, արևածաղկի ցանքատարածությունների մշակմամբ կզբաղվենք ավելի լուրջ։ Դրա հետ մեկտեղ, արդեն երրորդ տարին է` շրջանում մեծ թափ է ստանում ծխախոտագործությունը։ Տարեցտարի այն ավելի մեծ  տարածքներ է զբաղեցնում, արդյունքներն էլ գոհացուցիչ են։ Ծխախոտի արտադրության համար գործում է չորանոց, մթերումներն իրականացվում են ՙՄասիս Տոբակո՚ ընկերության կողմից,  համապատասխան  վճարումները կատարվում են ժամանակին։ Ծխախոտի արտադրանքի ընդլայնումը նպաստում է նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը, հասկանալի է, մեծ նշանակություն ունի բնակչության զբաղվածության խնդիրը լուծելու գործում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտագործության մեջ յուրաքանչյուր հեկտարի ընդգրկումը ստեղծում է 4-5 աշխատատեղ։

-Տարվա կտրվածքով որո՞նք են այն առաջնահերթությունները, որոնց պիտի լուծում տրվի։

-2017թ. նախատեսված է 100 հա ծխախոտի դաշտերի մշակություն, որն ինքնըստինքյան բերելու է մինչև հինգ հարյուր աշխատատեղի ստեղծման։ Սա շրջանի համար կենսական նշանակության խնդրի լուծում է։ 

Մեծ ուշադրություն է դարձվում ոռոգովի տարածքների ավելացմանը։ Շրջանը սակավաջուր է, հիմնականում արտեզյան ջրհորերի ավելացմամբ և հորատմամբ փորձում ենք բացը լրացնել։ Նախորդ տարիներին ևս նշյալ բնույթի աշխատանքներ են կատարվել, և այնտեղ, որտեղ առկա են արտեզյան  ջրհորերը, հողօգտագործողներն ակտիվ աշխատանքով են զբաղված։ Այն դաշտերը, որոնք դրված են ոռոգովի ծխախոտագործության տակ, պլանավորում ենք ընդլայնել, և դրան զուգահեռ  ներդնել   ու զարգացնել պտղաբուծությունը: Արտեզյան ջրհորերի օգտագործումն արդյունավետ դարձնելու համար գյուղատնտեսության մեջ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ՝ կաթիլային ոռոգման համակարգերը, ինչը նույնպես սուբսիդավորվում է պետության կողմից։ Ջրի արդյունավետ օգտագործմամբ  հնարավորություն է ստեղծվում առավել մեծ հողահանդակներ ոռոգման տակ դնել։

Ունենք գյուղատնտեսական մթերքների մթերման կետ։ ՙՄասիս Տոբակո՚ ընկերության կողմից նախորդ տարի ծխախոտի հումքի մթերումներն իրականացվել են հենց տեղում։ Այս տարի նախատեսվում է ընդլայնել այդ աշխատանքների ծավալները։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսվում է բնակարանաշինական աշխատանքների իրականացում։ Ընթացիկ տարում հինգ և ավելի  երեխաներ ունեցող ընտանիքների (որոնց թիվը շրջանում հիսուն է)  համար կառավարության կողմից նոր ծրագրի շրջանակներում իրականացվելու է բնակարանաշինություն։ Տարվա կտրվածքով առավել կարիքավորների համար նախատեսված է տասը բնակելի տան կառուցում։

-Կա՞ որևէ (թեկուզ երկարաժամկետ) ռազմավարական ծրագիր, որով շրջանը դուրս կբերվի զարգացման ցանկալի հարթություն։

-Ինչպես քիչ առաջ նշեցի, հենց կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ երկարաժամկետ  աշխատանքներ են իրականացվելու։ Պտղաբուծությունը ևս հեռանկարային է մեր շրջանի համար։ Միայն 2016թ. Գյուղնախարարության աջակցությամբ երկու հազար հատ թթենու տնկիներ ենք բաժանել համայնքներին։ Իսկ անցած տարեվերջին շուրջ վեց հազար այլ պտղատու տնկիներ ենք ձեռք բերել, որոնց մի մասը տնամերձերում, իսկ մյուս մասը` առանձին այգիների տեսքով է տեղադրված։

2017թ. գարնանը նախատեսվում է 12 հազար տնկիների (տարբեր ծառատեսակներ) բաշխում համայնքներին` առանձին այգիներում տեղադրելու համար։ Ինչն, անկասկած, հենք կհանդիսանա հետագա տարիների ընթացքում պտղաբուծությունը շրջանում զարգացնելու ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ միանգամից հնարավոր չէ պտղատու այգիներ հիմնել և արդյունքներ ստանալ։ Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, սուբսիդավորում։ Մնում է համբերել, աշխատել և սպասել արդյունքներին։

-Տնտեսական, սոցիալ-կենցաղային և բազում այլ խնդիրների լուծմանը զուգահեռ առանձնակի ուշադրություն է դարձվում ժողովրդի անվտանգության խնդրին...Հակառակորդը նենգ է և ստոր. դեռևս մեր հիշողության մեջ թարմ են թշնամու հեռահար հրետակոծությունից դպրոց շտապող երեխաների վիրավորվելու և մահվան դեպքերը։ Ի՞նչ եզրակացության եք հանգել այդ ողբերգությունից հետո, և ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեիք քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը։

-Միանշանակ ապրիլյան դեպքերից հետո մենք որոշակի եզրահանգումների եկանք։ Վերանայեցինք մեր բոլոր ծրագրերն ու մոտեցումները։ Ոչ զորակոչային տարիքի յուրաքանչյուր քաղաքացի կարողացավ արագ արձագանքել զարգացող դեպքերին։ Նրանց հետ համագործակցելով, վարչական միջոցներ կիրառելով` կարողացանք համապատասխան աշխատանքներ իրականացնել թե՜ առաջնագծում և թե՜ խորքում` տանելով թիկունքային համապատասխան աշխատանք։ Անցած շաբաթ  շրջանում անցկացրինք  քաղպաշտպանության պարապմունքներ` քաղպաշտպանության հանրապետական շտաբի վերահսկողությամբ։ Համապատասխան առաջարկություններ կատարեցինք, հետեւություններն ու եզրակացությունները ներկայացրինք որոշակի շտկումներ կատարելու և թերությունները վերացնելու համար։ Ընդհանրապես քաղպաշտպանության ծրագրերի մեջ, բացի տնտեսության անխափան աշխատանքից, կա նաև բնակչության անվտանգության խնդիրների լուծման հարցը` նրանց ավելի ապահով վայրեր տեղափոխելու, հակառակորդի կրակային ազդեցությունից հեռու պահելու նկատառումներից ելնելով։

Բոլոր երթուղիները ճշտված են, վերջնարդյունքում մենք կունենանք ստեղծվող իրավիճակին համապատասխան պայմաններ` որոշումների և գործողությունների հստակ պլանով։ Կարծում եմ` ցանկացած բարդության խնդրի կարող ենք կարճ ժամանակում լուծում տալ։ 

-Իսկ հակառակորդը խանգարո՞ւմ է գյուղատնտեսական կամ, ասենք, այլ բնույթի աշխատանքներին։

-Սահմանամերձ գոտիներում կան որոշակի տարածքներ, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ չենք իրականացնում` անվտանգության նկատառումներից ելնելով։ Դրանք կրակի հասանելության  գոտիներն են։ 

-Կխնդրեի առանձին անդրադառնայիք շրջանի ժողովրդագրական վիճակին, սա ևս ռազմավարական նշանակության խնդիր է։

 -Ժողովրդագրական  վիճակը Մարտունու շրջանում կայուն է, բնական աճը միանշանակ առկա է: Վերաբնակիչների հոսք մեզ մոտ այդպես ընդգծված չկա, աճը ներքին ռեսուրսի հաշվին է, իսկ ցուցանիշներն, իմ կարծիքով, հուսադրող են։

Փորձում ենք նոր աշխատատեղեր ստեղծելով հետ պահել սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողներին։ Նաև փորձում ենք լուծել բնակարանային խնդիրները, սա ևս հաճախ արտահոսքի պատճառ է հանդիսանում։ Պետությունը երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու համար մոտ 3 մլն դրամի աջակցություն է ցուցաբերում։

-Մարտունին միշտ էլ աչքի է ընկել իր համախմբվածությամբ, իսկ Ավոյի ոգին յուրաքանչյուր մարտունեցու մեջ ամուր է նստած։ Ապրիլյան պատերազմի օրերին և ընդհանրապես ինչպե՞ս արձագանքեց աշխարհազորը, թիկունքը։ Չնայած ի վերջո թիկունք ու ճակատ ասվածը Ձեր պարագայում հարաբերական հասկացություններ են։

-Մարտունու համար թիկունք չկա, ամբողջովին առաջնագիծ ենք։ Ապրիլյան օրերին էլ առաջիններից մեկը թիրախավորվեց Մարտունին։ Երբ հայտնի դարձան հակառակորդի նկրտումները ողջ պաշտպանական գծի երկայնքով, զենք բռնելու ունակ բոլոր քաղաքացիներն անմիջապես ներկայացան զինկոմիսարիատ, շրջվարչակազմ ու քաղաքապետարան, իրենց մասնակցությունը բերելու պաշտպանական գործողություններին։ Համախմբումը տեղի ունեցավ շատ կարճ ժամանակամիջոցում, համակարգումն էլ հավուր պատշաճի իրականացվեց։ Զորամասերի գործող ստորաբաժանումներին անմիջապես օգնության հասանք։ Ասեմ նաև, որ մշտապես անցկացվում են կրակային պատրաստության պարապմունքներ։ Չի բացառվում, որ նման իրավիճակներ  դարձյալ կլինեն, մենք ամեն օր պատրաստվում ենք, քանի որ  հակառակորդն անկանխատեսելի է, նրա համար անպատեհ ժամ ու եղանակ չկա, իսկ նրա դրսևորումների մասին նոր չէ, որ պիտի տեղեկանանք։ Նա մշտապես իր սև գործին է։

 Քաղպաշտպանության առումով ասեմ. բոլոր նկուղները, որ նախատեսված են կարճաժամկետ ապաստանների համար, վերանորոգել ենք, թվով 19 տարածք, որը բավարար է մեր քաղաքացիներին տեղավորելու համար։

Գյուղերում ևս` ըստ քաղպաշտպանության պլանի, առկա են համապատասխան շինությունները։ Կան ապաստարաններ` նախատեսված թե՜ մեծ և թե՜ փոքր խմբերի համար։ Զինվորն իր գործին է, հողագործն ու շինարարը իրենց, իսկ մեր ժողովուրդը, վստահ եմ, դժվարություններից վախեցողը չէ և ապրելու-արարելու է, ինչպես իր ապուպապերը դարեր ի վեր`  մի ձեռքին զենք, մյուսին` աշխատանքի գործիքներ։  

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ