[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԻՑ ԵՎ ԿՐԿԻՆ....ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հեռուստատեսությունը ողողված է բազմաոճ, այդ թվում նաև զվարճալի և ճանաչողական բնույթի հաղորդումներով։

Մոդայիկ են ՙբում՚ առաջացնող սերիալները՝ բրազիլիական, հնդկական, հայկական... Դրանք եթերում մեծ տեղ են գրավում. դա զարմանալի է և մտածելու տեղիք է տալիս։ Ամենազարմանալին սերիալների որակն է, ավելի ճիշտ՝ անորակությունը։ Հարգելի ընթերցողը, անշուշտ, նկատած կլինի, որ ՙսերիալ՚ կոչվող բացիլը, անկախ ամեն ինչից, հեռուստադիտողին հանգիստ չի տա, մինչև որ  վերջինս չնայի ամենավերջին սերիան։ Եվ ի՞նչ  հանգստության մասին է խոսքը, եթե չիմացար ինչով  ավարտվեց Ռոդրիգեսի և Աննա-Մարիայի սրտառուչ սիրավեպը, ո՞վ է, վերջապես, խեղճ  Խորխեի  իսկական մայրը։ Իսկ այդ ՙկարևոր՚ հարցերը պարզաբանելու համար 100-150 սերիա է անհրաժեշտ...

Զայրացնելու և լացելու աստիճան տաղտկալի է  սերիալների 90 տոկոսից ավելին։  Ոչ հեռու անցյալում, մեր ՙդժվար ապրուստը՚  թողած, դիտում  էինք  սերիալի վարկածը։ Հիմա էլ  ՙդարդեր՚ ունենք, ՙառաջնորդներ՚, ՙԷմիգրանտներ՚, ՙփոխնակ մայր՚։ Իսկ  մտածե՞լ եք` որքանով են  դրանք արտացոլում մեր իրականությունը։  Մի՞թե առօրյայում մենք այդպես ենք խոսում իրար հետ։  Ի՞նչ են իրարից ուզում մարդկային կերպարանքով այդ ՙգայլերը՚, ի՞նչ չեն կարողանում իրար մեջ կիսել։ Վերջապես, այս ի՞նչ բարբարոսություն է մայրենի լեզվի նկատմամբ։ Փողոցային ժարգոնի հրավառություն, զոռբաների հաղթարշավ... Հապա հայտնի ֆավորիտները՝ ՙՖուլ Հաուսն՚ ու ՙԴոմինոն՚։ Խե՛ղճ դերասաններ, որոնք փող աշխատելու համար ստիպված են  իրենց ունեցած  շնորհքն ու ուժերը ներդնել այդպիսի  ՙգլուխգործոցներում՚։ Որպես ՙդոմինոյի էֆեկտ՚` երեխաների խեղված  մտածելակերպն ու ճաշակը։  Կարծում եմ` մերօրյա ՙազգային ջոջերը՚ հավակնում են փոխարինել  Մաշտոցին, Խորենացուն, Կոմիտասին, Անդրանիկին, Ավոյին....

Սիրելի՜ հայրենակից, երբևէ մտածե՞լ ենք՝ ինչով ենք լցնում մեր օրը, մեր երեկոյան ժամերը, երբ գործից հոգնած տուն ենք գալիս։ Իրոք, ի՞նչ են տալիս մեզ սերիալները, փոխարենը խլելով մեր ժամանակը, աչքերի լույսը, ավերելով մեր միտքն ու հոգին, թելադրելով մեզ միանգամայն կասկածելի ճաշակ ու արժեհամակարգ։ Հեռուստացույցը միացնում ես՝ սերիալ է ու գովազդ, գովազդ  է ու սերիալ։ Քիչ են հոգևոր, ճանաչողական, գիտահանրամատչելի հաղորդումները։  Ոմանք կժպտան՝ մի՞թե այլընտրանք չկա։ Հապա ինչի՞ համար է համացանցը։ Հերիք չէ համակարգիչը կլանում է մեր  ժամանակի մոտ 40 տոկոսը, դեռ փոքրերի թեթև  ձեռքից, ավելի շատ կամակորությունից, մեծերին հերթ էլ չի հասնում։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան  տխուր չլիներ... Տասը-տասնհինգ տարի առաջ տեսողության հետ կապված խնդիրներով  տառապում էին հիմնականում մեծերը։ Հիմա երեխան դպրոց է գնում` գրքերի հետ  շալակած տանելով նաև կարճատեսությունն ու  ողնաշարի  ծռվածությունը։ Պարզ է, որ այդ վիճակը նրան նվիրել է  համացանցը՝ որպես պարգև այն  անթիվ ժամերի, որոնք փոքրիկն անց է կացրել դրա առջև։ Ողբամ ապրողաց, կոչեմ նախնյաց... Բայց այդ մասին հետո։ Վերադառնանք սերիալներին։ Միայն հայկականները չէ, որ փայլում են ՙհանճարեղ՚ սյուժեներով, երկխոսություններով և  երաժշտությամբ։ Հապա մեր եթերն ու առօրյան ներխուժած հնդկական սերիալնե՞րը։ Մի՞թե, իսկապես, դրանք  ի զորու են ներկայացնել Հնդկաստանի նման հեքիաթային երկրի  բազմաշերտ մշակույթն ու քաղաքակրթությունը, արտացոլել նրա հարուստ ավանդույթներն ու  նիստուկացը։ Ես խոսում եմ ռեժիսորական և  օպերատորական հմտությունների, առինքնող երաժշտության, հասարակությանը հուզող  հարցերը երևակելու տաղանդի, գոնե շնորհքի մասին։ Մտածեք միայն, ՙի՞նչ կոչել այս սերը...՚։ Սրտի խորքից գոչել ես ուզում. իսկ ի՞նչ կոչել այս երևույթը։ Կատակ բան չիմանաք, մարդ մտածում է  հետք թողնել հնդկական, և եթե  բախտը բանի, նաև  համաշխարհային կինոինդուստրիայի անդաստաններում։ Եվ  ահա՝ էվրիկա՛։ Ձեռք է  զարկում սերիալի նկարահանմանը։  Ու  իր այդ  ՙմտքի թռիչքը՚ փաթաթում է  մասսաների վզին։ Մասսաներն էլ ընդունում են, և որովհետև  ցորեն հաց տվող չկա... Հոգու և սրտի քաղց է, իսկ սերիալը սրտի լարեր է թրթռացնում։ Եթե կախարդական փայտիկի զորությամբ անհետացնես բնակարանների կտուրները, այսպիսի զավեշտական մի տեսարան կբացվի. բոլորը` հատկապես տանտիկինները, համակ ուշադրությամբ հետեւում են ասենք` հնդկական սերիալի հերթական իրադարձություններին, որոնք ուղեկցվում են անչափ տաղտկալի ՙերաժշտությամբ՚:

Մեր՝ հայերիս հոգու և սրտի քաղցը մեր գենետիկ հիշողությունն է։ Չեմ կարծում, որ մենք չենք կարող սիրո մասին  ֆիլմեր նկարահանել՝ ասելիքս  այլ է։ Մեր աշխարհայացքն այլ է, պետք չէ մեր ուղեղին պատվաստել օտարը, մանավանդ վատորակը։ Հետևում են մնացել, բայց ոչ մոռացվել Ավարայրն ու Սարդարապատը։ Անցանք Եղեռնի, Բաքվի և Սումգայիթի դժոխքով, երկրաշարժը կոտրեց մեր մեջքը, բայց ոչ հոգին և արարող միտքը։ Թրծվեցինք Արցախյան ազատամարտի դարբնոցում և Ապրիլյան պատերազմի  հնոցում։  Մեր հազարամյակների երթը շարունակվում է, որովհետև  առաջնորդներ արդեն ունենք՝ Մաշտոցի քաջարի տառ-զինվորները, Լուսավորչի աղոթք-կանթեղը, Կոմիտասի ՙՀորովելն՚ ու Ավոյի  խոսքը՝ ՙԻմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք՚։ 

 

Դիանա ՎԱՆՅԱՆ