[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ` ՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Հոգևոր խնդիրների շուրջ է ԼՂՀ ՄԵՀ նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ հարցազրույցը:

 -Պարոն Սարգսյան, արդեն մեկ տարի է, ինչ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը, որ երկար տարիներ Կառավարության աշխատակազմի ենթակայության տակ էր, գործում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում: Ձեր գործառույթները, իրավասություններն ու պարտականությունները փոփոխության ենթարկվե՞լ են: Եթե այո, ապա որո՞նք են դրանք և ի՞նչ կարգով  են կյանքի կոչվում:  

-Նախարարության կազմում մեր բաժինը շարունակում է կատարել նույն աշխատանքը, ուղղակի, ոլորտի հետ առնչվող հարցերի վերլուծությունները, եզրակացությունները, իրավական ակտերի մշակված նախագծերը ԼՂՀ կառավարության, ԼՂՀ վարչապետի քննարկմանն է փոխանցվում  Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ավելին` միջոցառումների կազմակերպման համար հատկացվում են նյութական եւ ֆինանսական միջոցներ:

 -Աշխարհում այսօր շատ երկրներ պետական մակարդակով պայքարում են տարբեր կրոնական կազմակերպությունների և համայնքների գործունեության ծավալման դեմ: Ի՞նչ ապակառուցողական գործունեություն են դրանք ծավալում և որքանո՞վ են վտանգավոր պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի համար:

 -Կրոնական կազմակերպությունների մեջ առանձնանում են քայքայիչ աղանդավորական կառույցները, որոնց նպատակն է` օգտվելով մարդկանց մեծամասնության  կրոնական հարցերում ոչ տեղեկացված լինելուց (70 տարվա Սովետական Միության թշնամական քարոզչությունը Եկեղեցու դեմ), սոցիալական ծանր կամ անօգնական վիճակից, ինչպես նաև օգտագործելով աղանդավորական կրոնի քարոզիչների հիպնոսի կամ խաբեության միջոցները, հնարավորինս շատ հոգիներ որսալ: Դրանից հետո գործի են դրվում հոգեբանական ճնշման կամ հատուկ մշակված ուժային մեթոդներն ու մեխանիզմները, որոնց միջոցով մարդկանց դարձնում են կամազուրկ, կամակատար, ինչը թույլ է տալիս նման մարդկանց միջոցով իրագործել իրենց ապակառուցողական ծրագրերը տվյալ պետության դեմ: Դրանք խարխլում  են պետության հիմքերը` քայքայելով ընտանիքներ, ընդունված բարոյական  նորմեր, արդյունքում` ժողովրդին հեռացնում են իր ավանդույթներից` պատմական, սոցիալական, մշակութային, ինչը, որպես կանոն, բերում է ազգային խնդիրների հանդեպ անտարբերություն, հաճախ` շրջապատի նկատմամբ համընդհանուր թշնամանքի:

Արցախում գործում են մի շարք կրոնական համայնքներ և  խմբեր, մասնավորապես` ՙԼՂՀ  Ավետարանի Հավատքի Քրիստոնյաներ՚,  ՙԱրթնության կրակ՚, ՙԱվետարանական քրիստոնյա բապտիստներ՚, ՙԵհովայի վկաներ՚, ՙ7-րդ օրվա ադվենտիստներ՚,  ՙՌեմա՚, ՙԱգապե՚, ՙԱստծո ժողովուրդ՚ եւ մի քանի ՙտնային՚  խմբեր,  որոնք  խաթարում են պետական և հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյական սկզբունքները:  Նշված բոլոր  համայնքներն  ու խմբերը  ապազգային կառույցներ են, ֆինանսավորվում են արտերկրից`տարբեր  պետությունների ու կառույցների  կողմից:  Դրանց բոլորի գործունեությունը համակարգվում  է միեւնույն կենտրոնի կողմից: Նպատակն Արցախի հասարակությունը  բաժանելն է իրար չհանդուրժող կրոնական համայնքների, պետության եւ Հայ Եկեղեցու հիմքերը սասանելը, արցախահայության համախմբմանը հնարավորինս վնասելը, ինչը պատերազմական իրավիճակում գտնվող Արցախի համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: 

-Դարեր շարունակ պայքար է գնում հոգեորսության դեմ, ինչն ինքնին վկայում է հոգևոր դաշտը վերահսկելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ վիճակում է գտնվում հայկական երկու պետությունների հոգևոր դաշտը:

-Արցախում հոգեորսության դեպքերը համեմատաբար նվազել են, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո: Աղանդավորականները ներկայումս ավելի զգուշավոր են գործում,  բայց էլի կազմակերպում են հավաքներ, տարածում են հոգևոր գրականություն, մասնակցում  Հայաստանի Հանրապետությունում եւ այլ երկրներում կազմակերպվող հավաքների: Նման կրոնական համայնքների խնդիրներից մեկն է թափանցել պետական կառավարման ոլորտներ, ուսումնական հաստատություններ, մշակութային հիմնարկներ, ինչը թույլ է տալիս արդյունավետ իրագործելու իրենց ՙվերադասի՚ կողմից առաջադրված քայքայիչ հանձնարարությունները: Ավելի վատ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, որտեղ գրանցված 68 կրոնական կազմակերպությունների բացարձակ մեծամասնությունը` 49-ը, աղանդավորական են: Հայաստանի Հանրապետությունը աղանդավորական մի շարք կազմակերպությունների անդամների թվաքանակով ( ՀՀ բնակչության համեմատ) աշխարհում գրավում է առաջին տեղը: Այս ցուցանիշը ոչ թե վկայում է ՀՀ-ում խղճի ազատության բարձր մակարդակի, այլադավանների նկատմամբ հանդուրժողականության մասին: Եվ դա` պատերազմական վիճակում գտնվող երկրի համար: Հիշեցնենք, որ աղանդավորական կազմակերպություններին հարող երիտասարդների համար ընդունված է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, ինչը նման կազմակերպությունների անդամներին հնարավորություն է տալիս խուսափել հայոց բանակում ծառայելուց: Պետական շահերը մի շարք եվրոպական երկրներում լուծվում են օրենսդրական դաշտի միջոցով` համապատասխան օրենքներ ընդունելով: Մասնավորապես, վերջերս Ռումինիայում ընդունվել է օրենք, ըստ որի գրանցվում են այն կազմակերպությունները, որոնց թվականակը կազմում է Ռումինիայի ընդհանուր բնակչության մեկ տոկոսը, այսինքն 23000 մարդ: Այդ օրենքի կիրառման շնորհիվ բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, հիմնականում աղանդավորական, դուրս են մնացել պետական գրանցումից:

Նշեմ, որ Արցախում պետականորեն գրանցված աղանդավորական կրոնական կազմակերպություններ չկան: 

-Չե՞ք գտնում, որ հոգևոր դաշտի բազում մարտահրավերների առկայության պայմաններում ՀԱԵ-ն պետք է ավելի մեծ քարոզչական գործունեություն ծավալի:

Պետք է ասել, որ Եկեղեցին` լինելով պետությունից սահմանադրությամբ անջատված, իրավասու չէ պայքարելու աղանդների դեմ: Նման պարագայում պայքարել կարող է միայն պետությունը` ընդունելով համապատասխան օրենքներ: Եկեղեցու պայքարի միակ եղանակն իր քարոզչության մակարդակը բարձրացնելն է, ժողովրդի կողքին կանգնած լինելը: Ստեղծված վիճակում Հայ Առաքելական Եկեղեցին և,մասնավորապես, Արցախի թեմն անելիքներ շատ ունի: Արցախի բոլոր շրջանները չէ, որ ունեն հոգևոր պատասխանատուներ: Պատճառը քահանաների սակավությունն է: Իսկ ինչո՞ւ Արցախի թեմն իր գործունեության 28 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ գոնե 20  քահանա ունենալ, հարցը մնում է անպատասխան: Իմ կարծիքով, նման հարցը  պետք է լուծել համազգային խնդիրների համատեքստում, քանի որ քահանաների բավարար քանակ չունենալու դեպքում հնարավոր չէ ստեղծել հոգևոր իշխանություն, առանց որի թերի է ազգային իշխանությունը: Ի դեպ, հոգևոր իշխանությունն Արցախում թեմական և ծխական խորհրուդներն են նաև, որոնց միջոցով, ըստ Սահմանադրության և օրենքի, պետք է իրականացվեն ազգային մշակույթի զարգացումը, ազգի բարոյական նկարագրի կերտումը և ազգապահպանությունը: 

Արցախի այն բնակավայրերում, որտեղ առկա են գործող եկեղեցիներ, մեծամասամբ չկան համայնքային ծխական խորհուրդներ, առանց որոնց դժվար է պատկերացնել համայնքային հոգևոր կյանքը և պայքարը աղանդների դեմ: Համայնքային ծխական խորհուրդների ստեղծումը խիստ անհրաժեշտ է: Պարզ է, որ եթե կարևոր այս օղակը բացակայում է, ապա հնարավոր չէ ապահովել դարերի խորքից եկած հային բնորոշ դիմագիծը` բարոյականությունը, ազնվությունը, ընտանիքի նկատմամբ առաքինի վերաբերմունքը, աշխատասիրությունը…  

 Չնայած Արցախում գործում է  Թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, որի նպատակն է  Արցախի Հանրապետությունում կազմակերպել և իրագործել քրիստոնեական, կրոնաբարոյական ու ազգային-հոգևոր քարոզչություն և դաստիարակչական աշխատանքներ` համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի և վարդապետության, դրա արդյունավետությունը գրեթե չի երևում:

 -Որքան տեղյակ ենք, Դուք հաճախ եք հանդիպում երիտասարդական կազմակերպությունների հետ: Որքանո՞վ է երիտասարդությունն  ընկալում վերը նշված հարցերի խորությունը և մտահոգ դրանց լուծում գտնելու  խնդրով:

- Ավետարանում նշված է. ՙԵթե երկու կամ երեք հոգի միաբանվում եք իմ անունով, ապա ինչ որ խնդրեք, ձեզ կտրվի Աստծո կողմից՚: Մեր պարագայում այնպես է ստացվել, որ թշնամիների հարձակման պահին ենք միաբանվում: Այնինչ` պետք է հակառակը լիներ: Հաճախ ենք տարբեր լրատվամիջոցներից, տարբեր ամբիոններից  տեղեկանում, որ հրաշալի երիտասարդություն է աճում: Թվում է, թե նրանք խնդիրներ չունեն: Այնինչ` ներկայիս երիտասարդների չլուծված և չլուծվող խնդիրներն ավելի շատ են, քան եղել են ավագ սերնդի մոտ (հասկանալի է, վերջինիս երիտասարդության շրջանում): Այն  ժամանակ դրանց լուծումները հիմնականում կատարվում  էին պետության կողմից հատուկ մշակված ծրագրով և գաղափարախոսությամբ, ինչի համար հատկացվում էին ահռելի գումարներ:     

Հոգևոր տեսանկյունից ներկայիս երիտասարդությունը, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները և այն, որ գաղափարախոսության հայեցակարգը  թերի է գործում, ստանում է տարաբնույթ, երբեմն իրար հակասող հսկայածավալ տեղեկատվություն:  Նման պարագայում  ավելի է մեծանում  Հայ Եկեղեցու հոգևոր  քարոզչության դերը: Եթե պետությունն ու Եկեղեցին չկարողանան լուծել այդ խնդիրը, երիտասարդության մեծամասնությունը կդառնա թերահավատ, կամ էլ` աղանդավորականների պոտենցիալ ՙորս՚: Հարցի լուծումը, ինչպես արդեն նշել եմ, Արցախի թեմի հոգևոր քարոզչության ուժեղացումն է, հնարավորինս համայնքային ծխական խորհուրդների ստեղծումը, ուսումնական հաստատություններում ՙԿրոն՚ առարկայի ընդգրկումը, ինչպես աշխարհի մի քանի տասնյակ պետություններում է արվում: Ասվածը հաստատելու համար բերեմ Գերմանիայի օրինակը. անգամ այդ հզոր երկիրն իր Հիմնական օրենքում (Սահմանադրություն) ներգրավել է կրոնի պարտադիր ուսուցումը բոլոր կրթական հաստատություններում:

Անշուշտ, ունենք երիտասարդություն, որը մտահոգված է վերը նշված խնդիրներով: Մի շարք երիտասարդական կազմակերպություններ իրենց ծրագրերում հատուկ տեղ են հատկացրել աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին` հետևողականորեն այն իրագործելով: Բայց, ընդհանուր առմամբ, Արցախի երիտասարդությունը հոգևոր և քաղաքական առումով պասիվ է:

-Դուք մասնակցե՞լ եք Արցախի սահմանադրական բարեփոխումների քննարկմանը: Խնդրո առարկա ոլորտը փոփոխության ենթարկվե՞լ է:

 -Ուսումնասիրել եմ բարեփոխման ենթակա Սահմանադրության նախագիծը, կատարել եմ գրավոր մի շարք առաջարկություններ, բայց, ցավոք, ոչ մի առաջարկություն չի ընդունվել, հիմնավորված պատասխան էլ չեմ ստացել:

Բնականաբար, ինձ ավելի շատ հետաքրքրել են հոգևոր բնագավառին վերաբերող հոդվածները, մասնավորապես հոդված 17-ը, որտեղ գրված է, որ ԱՀ-ում ճանաչվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Ընդունելով նման ձևակերպում, հետագայում  կարող են խնդիրներ առաջանալ ՙԽղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՚ ԼՂՀ օրենքի փոփոխման հետ, որի դեպքում հնարավոր է աղանդավորական կրոնական կազմակերպությունները և ՀԱԵ-ն ունենան գրեթե հավասար կարգավիճակ, ինչն էլ ավելի կբարդացնի թվարկած խնդիրների լուծումը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ