[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Փետրվարի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Սարգիս զորավարի, նրա որդու՝ Մարտիրոսի և 14 զինվորների տոնը:

 Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Սարգիսը կապադովկյան Կեսարիա քաղաքից էր, ապրել է 4-րդ դարում և եղել է Հայոց Տրդատ Մեծ թագավորի և բյուզանդական Կոստանդիանոս Մեծ կայսեր ժամանակակիցը: 

Քրիստոնյա զորավարը, օժտված լինելով բազմաթիվ շնորհներով, մեծ անուն էր հանել իր աղոթասիրության, արիության և մարտերում տարած հաղթանակների շնորհիվ: Բարեպաշտ զորավարը նաև միշտ օգնության ձեռք էր մեկնում բոլոր կարիքավորներին, ինչի համար շարականագիրը նրան անվանել է ՙերագահաս՚ (արագահաս)` բոլորին արագ օգնության հասնող: Նրա բարի համբավն այնքան էր տարածվել, որ Կոստանդիանոս կայսրը նրան արժանացրել է ստրատեգի աստիճանի:

361թ. հռոմեական կայսր է դառնում Հուլիանոս Ուրացողը, որն սկսում է հալածել քրիստոնյաներին: Սարգիս զորավարն իր դեռահաս որդու` Մարտիրոսի հետ գալիս է քրիստոնյա Հայաստան և ջերմ ընդունելություն գտնում Հայոց Տիրան արքայից: Այնուհետև անցնում է հարևան Պարսկաստան, և Շապուհ արքայի կողմից ընդունվում ծառայության` որպես զորագնդերի հրամանատար: Այստեղ էլ Սարգիս զորավարը շատ արագ հայտնի է դառնում իր քաջագործություններով և բարեպաշտությամբ: Շատերը նրա քարոզչությամբ դարձի են գալիս և մկրտվում: 

Որոշ ժամանակ անց ոմանք չարախոսում են Շապուհ արքայի առաջ Ս. Սարգսի մասին` ասելով, թե նա ապստամբել է արքայի դեմ` քարոզելով Աստծո խոսքը: Երբ Շապուհն իմանում է, որ Սարգիսը քրիստոնյա է, պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. ՙԵրկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել՚: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է ատրուշանը: Գազազած ամբոխը հարձակվում է զորավարի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է 14-ամյա Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և այնուհետև, աներեր մնալով իր հավատքի մեջ, գլխատվում:  Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ 14 զինվորները:  

Ըստ ավանդության` Ս. Մեսրոպ Մաշտոցը հետագայում սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան: Աշտարակի շրջանի Կարբի գյուղը, ուր և եկեղեցի է կառուցում նրա անունով:

Ս. Սարգսի տոնը մեզանում ամենամեծ ժողովրդականություն վայելող եկեղեցական տոներից է, որի հետ կապվում են մի շարք ժողովրդական սովորույթներ և ավանդություններ: Մասնավորապես` Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ են կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը: Ընտրյալին տեսնելը հավատքի արդյունքում կատարվող հրաշքն է: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա սիրահարի երազանքը: Տոնի առթիվ սիրահար երիտասարդները միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ս. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր: Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթք բարձրացնում առ Աստված, հայցում սրբի բարեխոսությունը` մասնակցելով Ս. Պատարագին և երիտասարդների օրհնության հատուկ կարգին:

Ուրախալի է տեսնել, որ խորհրդային տարիներին խաթարված ազգային-եկեղեցական ավանդույթների վերականգնման դրական միտումները տարեցտարի աստիճանաբար լայն թափ են ստանում նաև Արցախում: Արձանագրվող արդյունքները միանգամայն վստահություն են ներշնչում առ այն, որ հոգևոր և ազգային վերածննդի հերթական դրսևորումներից մեկը ևս հասնում է հաղթական հանգրվանին:

Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ  

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն