[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՄԵԾ ՇՈՒՔՈՎ

Փետրվարի 11-ին մայրաքաղաքի Շահումյանի անվան օղակաձեւ պուրակում նշվել է Սուրբ Սարգիս զորավարի տոնը:

Միջոցառման նախաձեռնողներն էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը: Չնայած ցրտաշունչ ձմռանը, տոնին մասնակցելու էին եկել մայրաքաղաքի բնակիչներ, հյուրեր և զինծառայողներ:

Միջոցառման սկզբում հայ քրիստոնյա երիտասարդության սիրո բարեխոս ու հովանավոր Ս. Սարգսի կերպարը խորհրդանշող հերոսը (մեր թատրոնի դերասան Գենադի Առուշանյանը) շրջել է ճերմակաթույր նժույգով, ինչը միանգամից բարձրացրել է ներկաների տրամադրությունը և միջոցառմանը հաղորդել ջերմ ու հաճելի մթնոլորտ: Ստեղծված մթնոլորտը պահպանելու և էլ ավելի ջերմացնելու համար Ստեփանակերտի և Շուշիի մշակութային օջախների սաները հանդես եկան ազգային երգուպարով, ասմունքով: Անց են կացվել տարբեր մրցույթներ, այդ թվում՝ սիրո յուրահատուկ խոստովանության, որի հաղթողներին տրվեցին խորհրդանշական  նվերներ: Նվերներ բաժանվեցին նաև ներկա գտնվող Սարգիս անունով մարդկանց:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանի՝ մի օր առաջ մայրաքաղաքի տարբեր փողոցներով շրջել են ազգային տարազներ հագած երիտասարդներ և շուրջ 600 աղաբլիթ և քաղցրավենիք բաժանել ցանկացողներին: ՙՍտեփանակերտի քաղաքապետարանն ամեն տարի նշում է Ս. Սարգսի տոնը, և պետք է փաստեմ, որ տարեցտարի այն ավելի հետաքրքիր ու մարդաշատ է դառնում՚,- շեշտեց բաժնի պետը: Իր խոսքն ասաց նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը. ՙՄեզ համար շատ կարևոր է, որ հայ քրիստոնյա երիտասարդները ճանաչեն իրենց ինքնությունը, եկեղեցին ու նրա սրբերին: Մեծ թափ հաղորդելով ազգային տոներին` հնարավոր է պահպանել մեր ազգային դիմագիծը, ինչը նաև երիտասարդությանը զերծ կպահի այլ ազգերի տոները սեփականելու մղումից՚:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ