[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Տեառնընդառաջը` քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը, Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է և ամեն տարի նշվում է Սուրբ Ծննդից 40 օր հետո` փետրվարի 14-ին:

 Հին Ուխտի օրենքի համաձայն՝ ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ գնում էր Տաճար, զոհ մատուցում և ստանում քահանայի օրհնությունն իր զավակի համար։ Ղուկաս Ավետարանիչը նշում է, որ, ընդունված կարգի համաձայն՝ 40-օրյա մանուկ Հիսուսը նույնպես տարվում է Տաճար. ՙԵրբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. ՙԱմէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի՚։ Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ՚ (Ղուկ. 2։22-24 )։ 

Եկեղեցական սրբազան ավանդությունը հաղորդում է, որ երբ մանուկ Հիսուսին գրկած Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը մոտեցան տաճարին, արդեն մութ էր, և տաճարի արևելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց, որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը. ՙԱյդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով: Այն փակ է լինելու, որովհետև առաջնորդ Իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն ճանապարհով էլ դուրս է գալու՚ (Եզեկ. 44 1-3): Այսինքն՝ ըստ մարգարեության՝ տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայն Աստծո առջև, և դա այդպես էլ եղավ: Եվ դռները բացվելուն պես մեծ դղրդյուն եղավ Երուսաղեմում, որի ձայնից բնակիչները դուրս վազեցին իրենց տներից, և քանի որ արդեն մութ էր, վառվող ջահեր ու ճրագներ վերցրին ու գնացին Տաճար՝ ընդառաջ գնալով Տիրոջը և միմյանց հայտնելով. ՙՏերն անցավ այս դռնով՚: 

Տաճարում մանուկ Հիսուսին արդեն սպասողներ կային. Սուրբ Հոգուց առաջնորդվելով` Տիրոջն ընդառաջ էին եկել նաև Սիմեոն Ծերունին և Աննա մարգարեուհին: Սիմեոն Ծերունին, որ արդար ու աստվածավախ մարդ էր և  ՙՍուրբ Հոգուց հրամայված էր  մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին՚, գրկում է մանուկ Հիսուսին, օրհնում Աստծուն և ասում. ՙԱյժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային` ըստ քո խոսքի. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք` Իսրայելի քո ժողովրդի համար՚ (Ղուկ. 2.29–32): Ապա դառնալով Տիրամորը` ասում է.ՙԻսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան՚ (Ղուկ. 2.35): Տիրոջը գոհություն է հայտնում նաև Աննա մարգարեուհին և բոլորին պատմում խորհրդավոր Մանկան մասին (Ղուկ. 2.36–38): 

Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ավետում է  տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ 

Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս© Պատարագ։ Եթե Տեառընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները և մատուցվում է բաց պատարագ։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ։

 

Տ. Ներսես քահանա 

ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն