[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՍՏՎԱԾ ԼՈՒՅՍ Է, ԵՎ ՆՐԱ ՄԵՋ ԽԱՎԱՐ ՉԿԱ՚

Տեղացող ձյունը չխանգարեց, որ մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում փետրվարի 13-ին մարդիկ տոնեն Տեառնընդառաջը, ժողովրդական խոսքով՝ Տրնդեզը։

Արդեն հինգերորդ տարին է, ինչ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հոգում է, որպեսզի մշակութային ծրագրերով հագեցած ու հետաքրքիր դարձնի տոնը, իսկ միջոցառման բազմամարդ լինելը վկայում է, որ Տեառնընդառաջը որպես ավանդույթ մտել է ժողովրդի գիտակցության և կենցաղի մեջ։

Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ակումբի վարիչ, ադմինիստրատոր Անահիտ Դանիելյանը, որը նաև միջոցառման կազմակերպիչն է, մեկնաբանում է տոնի ժողովրդական իմաստը. ըստ հոգևոր և ժողովրդական ավանդույթի` Տրնդեզը սիրելի ու նպատակային է մարդկանց, հատկապես երիտասարդության համար, քանի որ այն համարվում է նաև նորապսակների տոն։ Նախկինում սա տարվա մեջ այն միակ օրն էր (բացի աղբյուրի ճանապարհին հանդիպելը), երբ երիտասարդները հնարավորություն էին ունենում հանդիպելու իրար, ձեռք ձեռքի տված թռչելու խարույկի վրայով... Ժողովուրդն այսպիսի խոսք ունի՝ Տրնդեզ՝ դարմանը կես, այսինքն, փետրվար ամսին անասնակերը սկսում է վերջանալ, և մարդիկ խարույկի մեջ այն իմաստն են դրել, որ կրակը կտաքացնի հողը և կմոտեցնի գարնան գալուստը։ Ժողովրդի մեջ պահպանվել է նաև  այն սովորույթը, որ այն ընտանիքներում, որտեղ կան նորապսակներ, ընտանիքի նահապետը կամ ավագը գալիս, եկեղեցուց օրհնած կրակ  է տանում, վառում բակի խարույկը, և հարևաններով ու բարեկամներով մեծ տոնախմբություն է կատարվում։ ՙԱվանդույթներն ու ծեսերը հոգևոր արժեքների մաս են կազմում,¬ ասաց Ա.Դանիելյանը,¬ և փառք Աստծո, որ 70-ամյա մոռացումից հետո մենք վերագտանք արդեն իսկ կորսվող մեր հավատը, վերադարձանք մեր ակունքներին։ Տեառնընդառաջն արդեն արմատ է ձգում, ամեն տարի նոր բաղադրիչներ ենք ներմուծում ծրագրի մեջ, փետրվարը մոտենալուն պես մարդիկ հետաքրքրվում, հարցուփորձ են անում: Տեառնընդառաջի գաղափարախոսությունը, գլխավոր իմաստը սա է՝  Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա՚։

Զուռնայի զիլ ու հոգեպարար երաժշտությունն ազդարարում է ծիսակատարության սկիզբը։ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ՙԱրցախի բալիկներ՚ երգի, պարի համույթը, ՙՄենք ենք, մեր սարերը՚ պետական ազգագրական համույթը, ՙԱրցախ՚ ազգագրական պարի համույթը կատարում են Տարոնի ժողովրդական պարերի շարանը, ՙԴինոն՚, ՙՀայաստանը՚, ՙԱլվան վարդերը՚, ՙԶուռնի տրնգին՚, ՙՔերծին՚, ՙՎեր¬վերին՚։

Տոնի կրոնական խորհուրդը հավաքվածներին մեկնաբանում է Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Մինասը, օրհնում, աղոթք հղում առ Աստված:

Ըստ ժողովրդական ավանդության` Տրնդեզն ունենում է քավոր, ընտրվում է այնպիսին, որ օրինակելի լինի, որ նորապսակների ընտանիքը հետևի նրան։ Զուռնայի հնչյունների տակ պատվիրակությունը գնում, այս տարվա քավոր Արամ Մայիլյանին ուղեկցում է եկեղեցու բակ, ով սրտի ջերմ խոսք է ասում երիտասարդությանը։ 

Տեր Մինաս քահանան եկեղեցուց բերված օրհնած մոմից վառում է ջահը, ապա՝ խարույկը։

Եկեղեցու բակում կրակի վրայից թռչելուց առաջ երիտասարդները եկեղեցի են մտնում, մոմ վառում, աղոթում, որ Տերը հովանավորի իրենց սերը։

Փոքրիկ բեմականացված տեսարան են ներկայացնում երիտասարդները՝ ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Միջոցառման մշակութային մասի մշտական հյուրն է Ղարաբաղի այան, որի  դերը կատարում էր դերասանուհի Ռուզան Գասպարյանը։ Բացված հրապարակում դրվեց սեղան, վրան՝ տիկնիկներ ու շորեր. բարուր անում, մրցում են ջահել հարսները։ Այան հաղթողներին ականջօղեր է նվիրում, ապա օրհնում նորապսակ զույգերին. ՙՕխտը խուխավ սեղան նստիք՚։

Երգ, պար, երաժշտություն, բարեմաղթանքներ, հավաքվածներին բաժանվում են Տրնդեզի աղանդերը, շահումով գաթաներ, օրհնած մոմեր, որպեսզի ճշմարիտ, աստվածային լույսը տանեն իրենց ընտանիքները։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ