[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳԵՂ ԿԱՆԳՆԻ, ԳԵՐԱՆ ԿՈՏՐԻ...՚

Ռաֆիկ Բաբայանը Մարտակերտ քաղաքի Նոր Կարմիրավան թաղամասի բնակիչ է, նախկինում` բռնադատված, երկրորդ կարգի հաշմանդամ է, վերաբնակիչ, զոհված երկու ազատամարտիկի հայր...

Արմեն և Մասիս Բաբայանները նշանակալից ներդրում են ունեցել Արցախյան  ազատագրական  պայքարում։  

Արմենը ծնվել է 1972թ. օգոստոսի 7-ին։ Ավարտելով Կարմիրավանի 8-ամյա դպրոցը` ուսումը շարունակել է Ն.Հոռաթաղում գործող պրոֆտեխուսումնարանում։ Ուսումնարանը չավարտած՝ զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայում էր Մերձբալթիկայում։ Արմենը թերթերից, հեռուստացույցով և սպայակազմից հաճախակի էր լսում Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նա դիմում է հրամանատարությանը՝ տուն վերադառնալու թույլտվություն ստանալու համար, և որոշում, որ այն չստանալու դեպքում կփախչի։ Մերժեցին։ Արմենի որոշումն անսասան էր։ Փախավ, բայց Երևանում ձերբակալեցին որպես դասալիքի ու ծեծի ենթարկեցին։ Կալանքի տակ մնաց միառժամանակ, սակայն բարի մարդիկ, իմանալով Արմենի նպատակը, ազատեցին։ Եկավ գյուղ և անմիջապես մտավ ինքնապաշտպանական ջոկատ։ Նա իրեն դրսևորեց որպես խիզախ, հայրենասեր ու քաջ ազատամարտիկ։ 1992թ. հունիսի կեսերին թուրքերը մեծ գրոհով ներխուժեցին գյուղ։ Տղաները դիրքավորվել էին կենտրոնական փողոցի երկու կողմերում։ Արմենը նկատում է, որ գյուղի ներքևից վերև է բարձրանում ազերական տանկը։ Չի կորցնում իրեն, սպասում է մինչև տանկի մոտենալը, ու երբ համոզվում է, որ կարող է դիպուկ խփել՝ իր ՙՄաքս՚ մակնիշի նռնականետով սպանում է մեխանիկ¬վարորդին և վնասում տանկը։  Այդպիսով, ջոկատը ձեռք է բերում նաև ՙերկաթե նժույգ՚, վերանորոգում և օգտագործում իր նախկին տերերի դեմ, որի համար Կոմանդոսի՝ Արկադի Տեր¬Թադևոսյանի կողմից Արմենն արժանանում է պատվոգրի։

Հարազատ գյուղը թուրքի ձեռքն ընկնելուց հետո փոքր եղբոր՝ Մասիսի հետ Արմենը մտնում է լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի ջոկատը, մասնակցում Քելբաջարի, Աղդամի, Հորադիզի, Մարտակերտի ազատագրման համար ծավալված կատաղի մարտերին։ Հորադիզ կայարանի ազատագրման ժամանակ ցուցաբերած քաջագործության համար Արմենին մի քանի օրով բաց են թողնում տուն` հանգստանալու: Քաջարի զինվորի ճակատագրական մարտը եղավ 1994թ. հունվարի 4-ին, Մարտակերտի ազատագրման ժամանակ։ Այդ մարտում Արմենը կռվում էր  Մասիսի հետ` կողք կողքի։ Ինչպես պատմում էր Մասիսը, ճակատամարտն ընթանում էր Փափռավենդից դեպի Մարտակերտ ընկած տարածքում, ջրանցքի մոտ։ Կատաղի մարտ էր գնում, թուրքերը չէին ցանկանում Մարտակերտը տալ։ Արմենն անցնում էր խրամատից խրամատ, կռվում քաջաբար: Եվ ահա ճակատագրական պահը. Արմենի ոտքերի տակ պայթում է արկը, փոշին ծածկում շուրջբոլորը...։

Անվեհեր զինվորը հետմահու պարգևատրվում է ՙԱրիության համար՚ մեդալով։ 

Մասիսն ընդամենը 14 տարեկան էր, երբ անդամագրվեց գյուղի ջոկատին։

Հայրը՝ Ռաֆիկը, գրկելով որդուն՝ ասաց.

-Կկռվես Իգորի, Հովսեփի, Յաշայի, Արմենի նման։  

Բոլորն էլ մի փողոցի տղաներ էին՝ հարևաններ...

Մասիսը դարձավ Կարմիրավանի ինքնապաշտպանության ջոկատի ամենակրտսեր ազատամարտիկը։ Երբ Կարմիրավանն ընկավ թուրքի ձեռքը՝ նա նույնպես անդամագրվեց Վլադիմիրի ջոկատին։ Մասնակցել է Քելբաջարի և Մարտակերտի շրջանների գրեթե բոլոր գյուղերի ազատագրմանը։ Մասիսի համար ամենաողբերգական օրը եղավ 1994թ. հունվարի 4-ը, երբ իր աչքի առաջ զարկվեց Արմենը։ Նա երդվեց եղբոր վրեժն առնել, կռվել մինչև հաղթանակ` չխնայելով կյանքը։

Մարտերը գնում էին Թալիշի ազատագրման համար. հենց այստեղ էլ Մասիսը զոհվեց հերոսի մահով։

Ռ. Բաբայանի օջախի երկու սյուները փլվեցին, բայց չհուսահատվեց որդեկորույս հայրը։

Ծանր է եղել նրա ճակատագիրը, սակայն երբեք չի հուսալքվել։ Քանիցս ծնկել է, բայց չի ընկել։ Նա վաղվա օրվան նայում է հույսով ու հավատով, այն հավատով, որ իր սիրելի Մարտակերտի շրջանն ու Արցախը մի օր հեռու են վանելու պատերազմական մահացու վտանգը, եւ շրջանը  վերականգնելու է իր նախկին փառքը։

Ռ. Բաբայանը վերջերս իր սուղ միջոցներից 45000 դրամ է փոխանցել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին։

-Արածս  մեծ բան չէ,- նկատում է նա,-բայց, ինչպես ժողովուրդն է ասում` ՙԳեղ կանգնի, գերան կոտրի՚, և հետո էլ՝  ծովը կաթիլներով է ծով դառնում։

Ռ. Բաբայանը մեզ հետ կիսվեց նաև իր մտահոգություններով... Ընթացիկ տարում Նոր Կարմիրավան թաղամասում Հիմնադրամի միջոցներով ութ բնակելի  տուն են կառուցելու ու վերանորոգելու։ Նրա ցանկությունն է, որ շինարարներն ինչ անում են` որակով անեն, շինարարական նորմերին համապատասխան։ Ապա նշում, որի տան վերանորոգման հարցով տարիներ ի վեր դիմել է համապատասխան մարմինների, քանի շրջվարչակազմի ղեկավարներ են փոխվել, բոլորին դիմել է, սակայն խնդիրը չի լուծվել և միշտ մնացել է թղթի վրա։ Նա վստահ է, որ հեռու չէ այն օրը, երբ ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բնակարան։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ