ՆԵՑՈՒԿ ԼԻՆԵԼՈՎ ՄԱՐԴՈՒՆ
Առօրյա հոգսերի մեջ խրված բազմազավակ, սակավակարող, հաշմանդամ ունեցող ընտանիքների սատարմանն ու հոգսերի հնարավորին թեթևացմանն են միտված սոցիալական ծառայության աշխատակիցների ջանքերը:
Պետության և կառավարության, ինչպես նաև մասնավոր անձանց կողմից աջակցության, աշխատանքի ընթացքում ծառացած խնդիրների լուծման ուղիների և ընդհանրապես անցած տարում կատարած աշխատանքների մասին է Շուշիի սոցիալական տարածքային գործակալության պետ Մանանա ԳՈԳՄԱՉԱՁԵԻ խոսքը:
-Նախ նշեմ, որ մեր հիմնական խնդիրն ուղղված է շրջանի բնակչության բարեկեցության բարձրացմանը, մի շարք կատեգորիաների ընտանիքների առօրյա հոգսերի թեթեւացմանը: ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետական բյուջեի հաշվին Մայիսի 9-ի, Սեպտեմբերի 2-ի և Դեկտեմբերի 10-ի տոն օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնություն է տրամադրվել ԼՂՀ պատերազմի հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, Մեծ Հայրենականի հաշմանդամներին: Ամենամսյա դրամական օժանդակություն է ստացել երկու և ավելի զոհ ունեցող 5 ընտանիք: Կառավարության որոշմամբ Արցախյան պատերազմում զոհված երկու զինծառայողի գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքներին հատկացվել է փոխհատուցում: Ապրիլյան պատերազմում զոհված երկու զինծառայողի ընտանիքի տրամադրվել է միանվագ օգնություն 3 միլիոն դրամ ընդհանուր գումարի չափով: Ապրիլյան պատերազմի մասնակից 919 զինծառայողի ընտանիքի հատկացվել է սննդամթերք: Հարկ է նշել գործակալության աշխատակիցների ջանքերը ապրիլյան պատերազմի հետևանքով Մատաղիս և Թալիշ բնակավայրերից տեղահանված ընտանիքներին Շուշիում ժամանակավոր տեղավորման գործում: Նրանց տրամադրվել են սննդամթերք, հագուստ և հիգիենայի պարագաներ: ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի աշխատողների կողմից թալիշցիների համար 50000 դրամի չափով գնվել և տրամադրվել են հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք: Թալիշից տեղահանված 4 ընտանիքի Հինշեն գյուղում հատկացվել են վերանորոգված առանձնատներ և անասուններ, կառավարության կողմից հատկացվել է ֆինանսական աջակցություն, իսկ ՙԱրթուր՚ ՍՊԸ-ի կողմից` 2,5 տոննա սննդամթերք: Հետպատերազմյան ժամանակաշրջանում գործակալությունն աշխատանքներ է տարել թալիշցիներին Ալաշան բնակավայր տեղափոխելու և տեղավորելու ուղղությամբ:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանի 410 ընտանիքի տրամադրել է 6 տոննա սննդամթերք: Նշված օգնությունը բաշխվել է բազմազավակ, մանկուց հաշմանդամ, 2 զոհ ունեցող ընտանիքների, միայնակ թոշակառուների, անապահով ընտանիքների, վերաբնակների, փախստականների:
Տարվա ընթացքում գործակալության աշխատողների կողմից այցելություններ են կատարվել միայնակ թոշակառուների տները: Երկու միայնակ տարեցի տեղավորել ենք Ստեփանակերտի տուն-ինտերնատում:
ԼՂՀ կառավարության ՙՊետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման մասին՚ որոշման համաձայն` 2016 թվականին մինչև 18 տարեկան երեխա ունեցող առանձին խմբերի տրամադրվել են նպաստներ: Գործող ծրագրերի համաձայն մանկուց հաշմանդամ, միայնակ մոր, զոհված զինծառայողի երեխաներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ալիմենտ ստացող, 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամներ, երեք, չորս, հինգ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներ, մինչև 2 տարեկան երեխա խնամող ընտանիքի երեխաներ ևս օգտվում են նպաստներից:
Ըստ ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրի` տարվա ընթացքում նորածին երեխաներին տրամադրվել են միանվագ նպաստներ: Շրջանի մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվել է բնակելի տուն, իսկ երկու բնակելի տուն գնելու կամ կառուցելու գործնընթացը հունի մեջ է: Շուշի քաղաքի երկու երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար պատրաստվել է փաթեթ բնակարան գնելու համար և ուղարկվել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ամենամյա դրամական օժանդակություն է ստացել երկու և ավելի զոհ ունեցող հինգ ընտանիք: ԼՂՀ պատերազմի 2-րդ կարգի մեկ հաշմանդամի ուղեգիր է տրամադրվել ՀՀ-ում աչքի պրոթեզավորման համար: Շրջանի երկու թոշակառուի տրամադրվել է լսողական սարք:
Շարունակվում է վերաբնակեցման գործընթացը: Անցած տարում շրջվարչակազմ է դիմել մեկ վերաբնակվող ընտանիք Հայաստանի Հանրապետությունից: Ընտանիքի գլխավորի անվամբ ստեղծվել է անձնական գործ և ուղարկվել փախստականների և միգրացիայի վարչություն: Ընտանիքին տրվել է վերաբնակչի կարգավիճակ, միանվագ գումար, երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն և վերանորոգված առանձնատուն:
Շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի կողմից կարիքավոր 10 ընտանիքի տրամադրվել է վառելափայտ: Դեկտեմբեր ամսում ՙԴիակոնիա՚ բարեգործական հիմնադրամի կողմից 70 բազմազավակ ընտանիքի տրամադրվել են երկուական տուփ սննդամթերք և հիգիենայի պարագաներ: Գործակալություն մուտքագրված յուրաքանչյուր դիմում ընթացքավորվել է օրենքով սահմանված կարգով: Գործակալության կողմից ժամանակին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվում հայտեր, հաշվետվություններ և պահանջագրեր: 2016 թվականին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության և մոնիտորինգի վարչության կողմից ստուգումներ են անցկացվել գործակալությունում, ինչի արդյունքում թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել:
Մեր կողմից տարվող աշխատանքները կրում են շարունակական, հետևողական բնույթ և ուղղված են շրջանի բնակչության բարեկեցության բարձրացմանը:
Պատրաստեց
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ