Logo
Print this page

ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ, ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

2017թ. փետրվար ամսից ԼՂՀ առողջապահության ոլորտում գործում է Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականով հաստատված անգիոգրաֆիկ ծառայությունների նոր, ավելի մատչելի գնացուցակը։

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի պարզաբանմամբ՝ 2016թ. իրականացված դժվարամատչելի հետազոտությունների շարքում կատարվել են անգիոգրաֆիկ մի շարք ծառայություններ։ Արդյունքում հետազոտվել է 364 անձ, ընդ որում իրականացվել է 201 կորոնարոգրաֆիա և 163 ստենտավորում: 

Ընդհանուր առմամբ՝ Արցախի Հանրապետության բյուջեով անգիոգրաֆիայի ծառայության համար տրամադրվել է 375մլն 192 հազ. դրամ, 2016թ.՝ 192մլն 635 հազ. դրամի դիմաց: Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անձնական միջոցներով էր ԼՂՀ ԱՆ Հանրապետական բժշկական կենտրոնում բացվել անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով սկիզբ դրվեց ինվազիվ վիրահատական ծառայությանը:

Կարինե Աթայանի խոսքով` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը: Դիտարկելով բնակչության մահացության հիմնական պատճառները, մասնագետները փաստել են, որ արյան շրջանառության հիվանդությունների մահվան դեպքերը կազմում են 48%: Ընդ որում,  մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են սրտանոթային հիվանդությունների ուշ հայտնաբերմամբ և դրանց զարգացման ռիսկի գործոնների բարձր տարածվածությամբ: 

Կ.Աթայանը Արցախի առողջապահության համակարգի համար կարևոր ձեռքբերում համարեց ԼՂՀ Ան հանրապետական բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ բաժանմունքի բացումը, որի շնորհիվ կանխվել են սրտանոթային մի շարք հիվանդություններ ու բարդություններ, փրկվել մարդկային կյանքեր։ ժամանակակից սարքավորումներով հագեցած անհետաձգելի բուժօգնության և անգիոգրաֆիկ բաժանմունքների մասնագետները  շտապ բուժօգնություն են ցուցաբերել կյանքի և մահվան պայքարի մեջ հայտնված մարդկանց։ Ժամանակին հետազոտվել և ստենտավորվել են սրտանոթային խնդիրներով  շատ մարդիկ. արդյունքում կանխվել են ինֆարկտներ ու մի շարք բարդություններ։ Կենտրոնում  տեղադրված է  գերմանական ՙՍիմենս՚ ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որը նվիրաբերել է Հարություն Քուշկյանը։ Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ, ոչ միայն սրտի անոթների, այլեւ մնացած բոլոր օրգանների: Միջամտությունները բացարձակապես անցավ են, մեծ մասը կատարվում է  նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է բարդությունների հնարավորությունն ու ավելի հարմարավետ է հիվանդների համար, նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը: Անգիոգրաֆիկ մեթոդը կիրառվում է հատկապես ինվազիվ սրտաբանության մեջ: Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է, առանց որի ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդ մարդ կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում: Հատկապես կարևոր է արագ բուժօգնությունը, և ինֆարկտի առաջին ժամերին կատարված անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս փրկել հիվանդի կյանքը՝ հայտնաբերելով խցանված անոթը և արագ վերականգնելով արյան հոսքը: Բժշկական այս միջամտությունը բարձրացնում է կյանքի որակն ու կանխում հաշմանդամությունը: 

Հիշեցնենք, մինչ այդ սրտի ինվազիվ միջամտության կարիք ունեցող քաղաքացիների վիրահատությունը կատարվում էր ՀՀ-ում: Հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը, պետության կողմից մշակվել էր մի ծրագիր, որի համաձայն սուր ինֆարկտների դեպքում կորոնարոանգիոգրաֆիան և ստենտավորումը 1 ոչ դեղապատ ստենտով ֆինանսավորվում է լրիվությամբ պետբյուջեով: Անգիոգրաֆիկ ծառայությունների միջամտությունների ու հետազոտությունների գործող գները վերանայվել են, և ԼՂՀ նախագահի հանձնարարականով այսուհետ գործում է նոր գնացուցակ, համաձայն որի կորոնարոգրաֆիան կիրականացվի 150 հազ. դրամով (նախկին 230 հազ. դրամի դիմաց), ընդ որում 105 հազ. դրամը կհատկացնի պետությունը, 45 հազարը կվճարի քաղաքացին։ Սրտի պլանային վիրահատության 1 ոչ դեղապատ ստենտի տեղադրումը կիրականացվի 800 հազ. դրամով (նախկին 1մլն 150 հազ. դրամի դիմաց), որից  560 հազ. դրամը կտրամադրի պետությունը, 240 հազարը` քաղաքացին։ Իսկ 1 դեղապատ ստենտի տեղադրումով սրտի վիրահատությունը կիրականացվի 1մլն 100 հազ. դրամով (նախկին 1մլն 850 հազ. դրամի դիմաց),  որից 660 հազարը կֆինանսավորի պետությունը, 440 հազար դրամը` քաղաքացին։ Նոր գնացուցակով սրտի վիրահատության ժամանակ 2-րդ դեղապատ ստենտի տեղադրումը կկատարվի 1մլն 600 հազ. դրամով (2մլն 850 հազարի փոխարեն)՝ 960 հազարը պետբյուջեով, 640-ը կվճարի քաղաքացին, իսկ  երկուսից ավելի ստենտի տեղադրման դեպքում յուրաքանչյուրի համար սահմանված է 500-հազարական դրամ: Առավել մատչելի այս գնացուցակով կարող են բուժում ստանալ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները: 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.