[ARM]     [RUS]     [ENG]

ԵՌՕՐՅԱ ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ

Սումգայիթյան գեհենով անցածները  չեն կարողանում ազատվել ցավոտ հիշողություններից

 Արցախյան շարժման սկզբնավորմանը զուգընթաց Կասպից ծովի ափին գտնվող բանվորական Սումգայիթի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական խաժամուժի կողմից  իրականացված սպանդից փրկված բազմաթիվ հայեր խորհրդային կոչվող յոթ տասնամյակների մեջ առաջին անգամ  (իսկ թե հայ ժողովրդի պատմության ընթացքում որերորդ անգամ` թերևս միայն Աստծուն է հայտնի) գործածական դարձրին Խորհրդային Միության գաղափարախոսությանն ու կարգախոսներին ոչ մի կերպ չպատշաճող  ՙփախստական՚ բառը:  Թվում է` քսանինը տարին փոքր ժամանակահատված չէ  մահվան սարսափն ու արյունոտ տեսարանները հիշողությունից ջնջելու համար, սակայն 1988թ. փետրվարի 27-29-ը տևած և բացառապես ազգային պատկանելության պատճառով իրականացված տանջամահության, ավերի ու թալանի, ծաղր ու ծանակի ծանր վերհուշն այսօր էլ ուղեկցում է նախկին սումգայիթցիներին: Նրանք առանց արցունքների չեն կարողանում հիշել կատարվածը: Մոտ քսան հազար հայ էր բնակվում Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորությամբ գտնվող այդ քաղաքում: Նրանց հիմնական մասն արմատներով Արցախից էր. հայտնի իրողություն է, որ մեծաթիվ  մտավորականներ, անվանի շինարարներ ու արհեստավորներ են մասնակցել քաղաքի հիմնադրմանն ու զարգացմանը: 

Մանասյանների ընտանիքը Սումգայիթում հաստատվել է  Երկրորդ աշխարհամարտի վերջին, երբ 1944թ. այնտեղ բուռն թափով ծավալվել են շինարարական աշխատանքները: Մեր զրուցակիցը քաղաքի հիմնադիրներից մեկի` Զավեն Մանասյանի որդին է` Ռուդիկ Մանասյանը: Ծնվել է  1950թ.` Սումգայիթում: Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Բաքվի կապի տեխնիկումում, կարճ ժամանակ մասնագիտությամբ աշխատելուց հետո կոշկակարություն է սովորել և աշխատանքի անցել Սումգայիթ քաղաքի կոշիկի արտադրամասում: Փետրվարյան արյունոտ օրերին ծննդավայրում չի եղել: Աշխատանքի տեղավորվելու և ընտանիքը շուտափույթ տեղափոխելու նպատակով մեկնել էր Տվերի մարզ: Ադրբեջանցիների խեթ հայացքներից ու երկիմաստ արտահայտություններից արդեն պարզորոշ զգացվում էր, որ հայ բնակչությունն այստեղ ապագա չունի: Ո՞վ կարող էր պատկերացնել, թե ինչի կարող է վերածվել ադրբեջանցիների` մեր հանդեպ օրեցօր աճող թշնամանքը` ասում է նա: ՙԵթե ես այդ օրերին այնտեղ լինեի, այսօր կենդանի չէի լինի, հաստատ եմ ասում: Ընտանիքս պաշտպանելու համար դուրս կգայի այդ ոհմակի դեմ:  Թե ինչ ապրումներ եմ ունեցել, չեմ կարող նկարագրել,- արցունքները սրբելով պատմում է նա:  - Սկզբում անհնար էր զանգել տուն, հետո Բաքվում ապրող քրոջիցս կիսատ-պռատ տեղեկություններ իմացա. ասաց, որ մերոնք ողջ են, ապահով տեղում: Հասկացա, որ հայի ու թուրքի դարավոր կռիվն է վերսկսվել՚: 

Կինը` Բելա Մանասյանը, աշխատում էր կապի միջքաղաքային բաժանմունքում: ՙԵրեք օր շարունակ փողոցներում տեսնում էինք սրած երկաթներով զինված խմբերի, որոնք ՙՎե՛րջ հայերին՚ էին գոռում,-վերհիշում է նա: Առաջին գիշերն անցկացրինք մեր  բնակարանում, գրկել էի 5, 10 և 13 տարեկան աղջիկներիս. ադրբեջանցի հարևանս վախը հոգում մտնում, սիրտ էր տալիս մեզ: Նրանք նախօրոք հայերին հայտնաբերելու եկած երիտասարդներին հավատացրել էին, որ մեր մուտքում հայ չի բնակվում: Ամբողջ գիշեր չքնեցինք, որսում էինք դրսից եկող բոլոր ձայները: Մեզ հետ վերջնական հաշվեհարդար էին ուզում տեսնել, բայց այդ ամենին դեռ չէինք ուզում հավատալ. ինչպե՞ս կարող է նման բան կատարվել խորհրդային երկրում:  Հաջորդ օրը որոշեցի գնալ աշխատանքի: Փողոցներում այրված մեքենաներ էին, ավերված կրպակներ, ջարդուփշուր արված կահույք: Հասկացա, որ դրությունը շատ լուրջ է: Աշխատատեղում ինձ տեսնելով` գործընկերուհիներս սարսափեցին` Բելա բաջի, էդ ո՞նց ես անվնաս հասել այստեղ: Պարզվեց, որ մեր վարորդի` Միշայի գլուխն են կտրել: Մի կերպ ծպտված վերադարձա տուն: Ռուս հարևան ունեինք` Մաշան, նա կեսրայրիս խորհուրդ տվեց մի կերպ մեզ հասցնել  Լենինի  հրապարակի մերձակայքում գտնվող մշակույթի պալատի շենքը, որը ծովային հետևակայինների հսկողության տակ էր առնված և որտեղ արդեն հազարավոր հայ ընտանիքներ էին պատսպարվել: Հետո նաև պատմեց, որ իրար վրա դարսված ու վառված հայերի դիակներ է տեսել, փորված փոսեր, որտեղ դիակներ էին լցնում: Իհարկե, եթե շարքային ադրբեջանցիներն իրենց տներում չպատսպարեին  մեզ, սպանվածների թիվը մի քանի անգամ ավելի մեծ կլիներ: Մենք նախօրոք հարևանի խորհրդով պոկել էիք մեր ազգանունով ցուցանակը, մաքրել հետքերը, որ չհասկանան: Այն, ինչ տեսա մշակույթի պալատում, հիմա էլ աչքերիս առջև է. խոշտանգված երիտասարդ աղջիկներ, կապտոցների մեջ կորած դեմքեր: Մեկ շաբաթ ապրեցինք այնտեղ, վախենում էինք անգամ երեխաների կոշիկները հանել, մտածում էինք, որ ամեն վայրկյան ամբոխը կարող է ներխուժել: Միջնեկս սկսեց ոտքերից բողոքել, պարզվեց, որ վերքեր են առաջացել: Բժիշկ կար մեր մեջ, օգնեց: Հետո մեզ ուղեկցողներ հատկացրին, հասանք Բաքու, այնտեղից էլ մեկնեցինք Տվեր` Ռուդիկի մոտ՚: 

Երեք օր տևած և դեռ հիշողության մեջ ապրող դժոխքը տիկին Բելան նկարագրում է խզված ձայնով: Ի տարբերություն բազմաթիվ սումգայիթցիների, ովքեր նախընտրել են հաստատվել օտար ափերում, Մանասյանները միայն մեկ տարի կարողացան ապրել Ռուսաստանում: ՙԻհարկե, չեմ փոշմանել,- հարցիս պատասխանում է ընտանիքի հայրը: -Ես ուզում էի, որ իմ աղջիկները հայկական միջավայրում մեծանան: Սա է մեր հայրենիքը, հայրս ծննդով Մարտունու շրջանից է, կինս այստեղ է ծնվել: Ի՞նչ կարող ես անել, եթե քո  հայրենիքի գլխին մշտապես պատերազմի վտանգն է կախված, հայրենիքը ծնողի նման է, պետք է սիրես ու պաշտպանես` եթե ի վիճակի ես՚:

Այսպես մեր կողքին ապրում են սումգայիթյան եռօրյա եղեռնից հրաշքով փրկված շատ ընտանիքներ, որոնք առաջինն են ականատես եղել ադրբեջանական խաժամուժի գազանություններին: Նրանք իրենց ծննդավայրերում թողել են տուն և ունեցվածք, բանկային խնայողություններ, ոչ նյութական արժեքներ և վաղուց արդեն հրաժարվել են սեփական գույքային իրավունքները վերականգնելու մտքից: 

Մանասյանների ընտանիքն այսօր էլ բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով է ապրում: Սումգայիթում թողած երեքսենյականոց բնակարանի, ամառանոցի, մեքենայի ու ավտոտնակի փոխարեն նրանց ՀՀ Ամասիայի շրջանի գյուղերից մեկում տուն են առաջարկել, որտեղ անհնար էր ապրել: Ավագ Մանասյանը Սումգայիթից հետո Ստեփանակերտ էր վերադարձել, Թումանյան փողոցում միհարկանի կիսախարխուլ տուն գնել: Շուտով որդու ընտանիքը ևս վերադարձավ և հանգրվանեց այդ տանը, որտեղ և մինչև այժմ բնակվում են: Աղջիկներն ամուսնացել են, կրտսերն ամուսնու հետ սեփական բնակարան չունենալու պատճառով բնակվում է ծնողների հետ: Առանձին կառուցված և վաղուց քանդման ենթակա երկու սենյակներ ունեցող և ավելի շատ նկուղ հիշեցնող  տանը տիրող ցուրտն ու խոնավությունը տարեցտարի ավելի են սրում գոյություն ունեցող խնդիրները, սենյակներից մեկը և՜ խոհանոց է, և՜ սեղանատուն, և ննջարան, սանհանգույցը բակում է կառուցված: Տեղյակ են, որ վերջին տարիներին փախստականների բնակարանային խնդիրները լուծելուն ուղղված ծրագրեր են գործում, սակայն պետական կառույցները սեփական, թեկուզև խարխուլ տուն ունենալը որպես առավելություն են դիտարկում: Մանասյանները միայն մեկ անգամ են որպես փախստական օգնություն ստացել` 35 հազար դրամ:  Ռ. Մանասյանը  երկրորդ խմբի հաշմանդամ է, սրտի երկու ծանր վիրահատություն է տարել: Այսօր էլ նա իր թոշակի հետ փորձում է կոշկակարությամբ օգնել ընտանիքին, սակայն փոքրիկ արհեստանոցը հնարավոր է եղել տեղադրել միայն Ստեփանակերտի ոչ բանուկ անկյունում, կրպակն ավելի հարմար տեղ փոխադրելու նրա ջանքերն առայժմ որևէ արդյունքի չեն հասել: Քառասուն տարվա կոշկակարը հաճախորդների բացակայությունը լրացնում է գիրք ու ամսագիր կարդալով, քաջատեղյակ է աշխարհում տեղի ունեցող բոլոր կարևոր նորություններին: Ուշադրությամբ հետևում է հատկապես մեր թշնամու քայլերին: ՙԱդրբեջանը Խոջալուն դրոշ է դարձրել ու ամեն տեղ անց է կացնում իր սուտը, իսկ մենք տեսեք, թե քանի Սումգայիթ ունենք, որքան փաստեր,  եւ միայն տարվա մեջ մի անգամ ենք խոսում այդ մասին՚,- ցավով ասում է նա:  

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ