Logo
Print this page

ԹԱԼԻՇՈՒՄ ԵՎ ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆԻՑ ՉԻ ՇԵՂՎՈՒՄ

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները շփման գծի ողջ երկայնքով ավելացել են. իրավիճակը ընդհանրացնում են Արցախի սահմանի հյուսիսային հատվածի պատասխանատուները:

Հակառակորդը սովորաբար լռում է` արցախյան կողմից պատասխան ստանալուց հետո: Փետրվարի 24-ին էլ այդպես էր: ՙՎերջին օրերին հրադադարի պահպանման ռեժիմը խախտում էին առավել ակտիվորեն՝ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զենքեր: Բավական լավ դաս ենք տվել: Հուսով եմ, հետագայում լավ կմտածեն իրենց արարքների համար՚,- Արցախի հյուսիսային սահմաններում տիրող իրավիճակն է ամբողջացնում ՊԲ գնդապետ Արթուր Հարությունյանը:Սակայն միայն դիրքերը չէ, որ թիրախավորվում են: Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ` փետրվարի 24-ին, հակառակորդը նաեւ խաղաղ բնակավայր է հարվածի տակ վերցրել. ականանետներից եւ հրետանուց ոչ միայն ՊԲ դիրքերն են գնդակոծվել, այլեւ Թալիշը: ՙԱռավոտյան գնդակոծությունն սկսվեց եւ շարունակվեց կեսօրից հետո եւս: Արկերից մի քանիսը գյուղի վրայով են անցել, մի քանիսը գյուղն են ընկել: Հիմնականում՝ դպրոցին հարակից տարածքում՚,- տեղեկացնում է Թալիշում ԱՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանը: Հակառակ դրան` վերականգնողական աշխատանքները Թալիշում չեն դադարել: Ցրտերը նահանջելուն պես շինարարությունն այստեղ լայն թափ է առել: ՙԱյս պահին Թալիշում շարունակվում է համայնքային կենտրոնի շինարարությունը, որտեղ եւ համայնքապետարանն է տեղակայված լինելու եւ մի քանի այլ կառույցներ: Այստեղ աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի: Հարեւանությամբ հանդիսությունների տունն է կառուցվում: Մինչեւ սեպտեմբեր նաեւ դպրոցն ու մանկապարտեզն են պատրաստ լինելու՚,- վստահեցնում է Լեւոն Ապրեսյանը: Ընդ որում, եղանակները տաքանալու հետ շինարարության ծավալը կավելանա: Շինարարական կազմակերպությունն էլ նախատեսվող ծավալներին համապատասխան ե՜ւ տեխնիկա, ե՜ւ աշխատակիցներ է բերել Թալիշ: Այս պահին ունեցածը բավարարում է: ՙՆերկայում այստեղ 25-30 աշխատակից ունենք: Տեխնիկայի 80 տոկոսն էլ տեղում ենք պահում, որ աշխատանքն ավելի արագ եւ արդյունավետ տարվի՚,- մանրամասնում է ՙԵվրոստրոյ՚ ՍՊԸ աշխղեկ Արամ Աղաբեկյանը:

Այստեղ սաղավարտները պարտադիր են, բայց ոչ թե զինվորական, այլ շինարարական: Անգամ սահմանի հարեւանությամբ` շինարարության անվտանգության կանոններին հետեւելն անխուսափելի է: Աշխատանքները ժամանակավոր ընդհատվում են միայն այն ժամանակ, երբ սահմանի մյուս կողմից սկսվում են կրակոցները: ՙՆման պահերին ապաստարաններն ենք գնում ,-աշխատանքը չընդհատելով՝ պատմում է վարպետ Ռազմիկը: -Բայց հիմնականում գիշերներն են կրակոցները լինում: Այնպես որ, շինարարությունը հաճախակի ընդհատելու կարիք չի լինում: Միայն փետրվարի 24-ին ենք մի քանի ժամով դադարեցրել աշխատանքը՚:

Կյանքը բնականոն հունով է ընթանում նաեւ Թալիշից ոչ հեռու գտնվող Մատաղիս գյուղում: Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական հրթիռների հարվածներից նաեւ գյուղի դպրոցն էր վնասվել: Վերանորոգել, հետքերը վերացրել են, իսկ բակում խաղացող երեխաների ծիծաղը ցրում է տհաճ հիշողությունները: 

ՙՓետրվարի 24-ին առավոտից եւ օրվա ընթացքում անընդհատ լսում էինք հրետակոծության ձայնը: Բայց գյուղի վրա արկ չի եկել: Մենք էլ շարունակել ենք մեր աշխատանքը՚,- պատմում է Մատաղիսի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանը: Երիտասարդ տնօրենը վստահեցնում է` փետրվարի 24-ին էլ, հաջորդ օրերին էլ դասերը ըստ դասացուցակի են ընթացել: Իսկ բացակա աշակերտների թիվը սովորականից մեծ չէր. ՙՈչ մի փոփոխություն չկա: Դասերը նորմալ շարունակվել են, աշակերտներն էլ  հաճախել են դասի՚:

Շարունակվում է նաեւ պատերազմից տուժած գյուղի բարեկարգումը: Ճանապարհները վերանորոգվել են, վնասված առանձնատները վերակառուցվել: Ընթացքի մեջ են արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.