[ARM]     [RUS]     [ENG]

ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Անցած շաբաթ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ¬ն Արցախի առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնին է նվիրել ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներ, էնդոսկոպիկ վիրահատական գործիքներ։

ԼՂՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նվիրաբերված սարքերի օգնությամբ կատարված և նախատեսվող մի շարք  վիրահատական միջամտություններ առաջընթաց քայլ կհանդիսանան Արցախի առողջապահության համակարգում, կուրվագծվեն վիրաբուժության զարգացման նոր հեռանկարներ։ 

Հանրապետական բժշկական կենտրոնում օրերս Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգ Միքայել Մանուկյանը և տեղի վիրաբույժները  համատեղ գործարկեցին նոր սարքավորումները,  կատարեցին առաջին երեք վիրահատությունները։ 

Նշենք, որ նվիրաբերված նեյրոմիոգրաֆ, ուռետրոռենոսկոպ, նեֆրոսկոպ, թերապևտիկ դուադենոսկոպ, ռենտգեն պաշտպանիչ սավաններ և էնդոսկոպիկ վիրահատական մյուս գործիքները հնարավորություն են ընձեռում առանց կտրվածքների և մեծ վնասվածքների կատարել երիկամների, միզածորանի, միզապարկի և շագանակագեղձի վիրահատություններ և այլ միջամտություններ։ Նոր սարքավորումներով և ժամանակակից մեթոդներով բուժօգնություն կազմակերպելու նպատակով հայաստանյան մասնագետները հետևողականորեն շարունակելու են այցելել Արցախ և միասին կատարել տարբեր միջամտություններ։ Տեղի մասնագետներն էլ իրենց հերթին կշարունակեն կատարելագործել իրենց մասնագիտական ունակությունները՝ նորագույն մեթոդներին ամբողջությամբ տիրապետելու համար։ 

Տրամադրված նեյրոմիոգրաֆ սարքը կկիրառվի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում։ Ժամանակակից թվային այդ սարքը հնարավորություն է ընձեռում ախտորոշել վերջույթների պերիֆերիկ նյարդերի խանգարումները և դրա հետ կապված հիվանդությունները։ Ուռետրոռենոսկոպի օգնությամբ մասնագետները կհեռացնեն կամ կփշրեն միզածորաններում առկա քարերը։ Իսկ թերապևտիկ դուադենոսկոպի օգնությամբ ՀՀ բժիշկների հետ համատեղ տեղի մասնագետները կատարեցին միջամտություններ՝ հեռացնելով 12-մատնյա աղուց մինչև լեղածորան  հատվածում առկա քարերը։  Ընդհանուր առմամբ՝ նվիրաբերված սարքավորումներն ունեն 32 մլն դրամի արժողություն։ Այսուհետ նորագույն սարքավորումների օգնությամբ Արցախում կկատարվեն մի շարք էնդոսկոպիկ բարդ վիրահատություններ։ 

ՙԱԱ՚