Logo
Print this page

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԵՂԾ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Փետրվար ամսին ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հայաստանի դեղատներում հայտնաբերվել են իբր ՙԼե Լաբողատուաղ Սեղվիե՚ ընկերության արտադրության պրեստանս 5մգ/10մգ (հակահիպերտենզիկ), ինչպես նաև ցեֆտրեաքսոն-աստերիա (հակաբիոտիկ)  կեղծ դեղախմբեր:

ՀՀ առողջապահության նախարարությունը վերոնշյալ դեղագործական ընկերության հետ համատեղ ձեռնարկել է այդ դեղերի  բացահայտման միջոցառումներ։ Քաղաքացիներին տեղեկացվել է կեղծ դեղերի մասին, և նախարարությունը հորդորել է դրանց հայտնաբերման դեպքում պատկան մարմիններին ներկայացնել դեղի տուփը: 

ԼՂՀ առողջապահության նախարարությունը ևս ձեռնարկել է ստուգումներ հանրապետության դեղատներում նշյալ դեղորայքի կեղծ նմուշների հայտնաբերման համար։ 

Առողջապահության նախարար Կարինե Աթայանի փետրվարի 23-ի հրամանով դադարեցվել է ՙԼե Լաբողատուաղ Սեղվիե՚ ընկերության արտադրության պրեստանս 5մգ/10մգ դեղորայքի շրջանառությունը հանրապետությունում։ Որոշման  համաձայն, մեզ մոտ դեղատնային գործունեություն ծավալող, ինչպես նաև բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հրահանգվել է անհապաղ դադարեցնել նշյալ դեղորայքի համապատասխան սերիայի վաճառքը։ Կ. Աթայանի մեկ այլ հրամանով դադարեցվել է նաև ցեֆտրեաքսոն-աստերիա դեղորայքի շրջանառությունն Արցախում, տրվել համապատասխան հանձնարարականներ նշյալ դեղորայքի վաճառքով զբաղվող ձեռնարկատերերին։ 

ԼՂՀ առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանի պարզաբանմամբ՝ նախարարության աշխատակազմի և դեղորայքային քաղաքականության բաժնի ներկայացուցիչները նշյալ  կեղծ  դեղորայքի քանակությունը հայտնաբերելու համար կազմակերպել են ստուգայցեր ոչ միայն Ստեփանակերտի, այլև շրջանային դեղատներում։ Նախարարության աշխատակիցներն ստուգումների հետ զուգահեռ դեղատների աշխատողներին պարզաբանում են կեղծ և գրանցված դեղերի տարբերությունները։ Այսպես, ցեֆտրեաքսոն-աստերիա դեղախմբի կեղծ նմուշների սրվակը 5սմ է, իսկ  մեր հանրապետությունում գրանցված դեղի սրվակը 6սմ է։ Շրջանառվող կեղծ դեղի կափարիչը մուգ կապույտ գույն ունի, իսկ գրանցված օրիգինալ դեղի կափարիչի գույնն ավելի բաց է։ Բացի դրանից, պրեստանս 5մգ/10մգ դեղախմբի կեղծ նմուշները պարունակում են 7 սերիական նիշ, իսկ օրիգինալ դեղորայքի տուփի վրա գրանցված է 6 սերիական նիշ։ Այս դեղորայքի կեղծ նմուշները հայտնաբերվել են ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանցի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում։ Արցախում այդ դեղախմբերի ստուգման գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը։ 

Առայժմ մեր հանրապետության ոչ մի դեղատնում  նշված դեղորայքի կեղծ նմուշներ չեն հայտնաբերվել։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը լինել զգույշ և հայտնաբերված կեղծ դեղերի դեպքում տեղեկացնել ոլորտի պատասխանատուներին. գործում է թեժ գծի 047 943565 հեռախոսահամարը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.