[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՍԵՐՆԴԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նվիրատվության շնորհիվ ԼՂՀ առողջապահության նախարարության ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚-ի ու ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները համալրվեցին գերմանական ՙԴրեգեր՚ ընկերության 4 նոր կյուվեզներով (հատուկ ինկուբատոր, որտեղ պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան և խոնավություն)։

Այս սարքավորումները նախատեսված են ոչ հասուն և ցածր քաշով ծնված երեխաների խնամքի կազմակերպման և բուժման համար։ Դրանք հնարավորություն են ընձեռում պահպանել նման երեխաների կենսաապահովման բոլոր պայմանները, մասնավորապես՝ համապատասխան ջերմաստիճանի, խոնավության, թթվածնային նորմերը։Վերջին սերնդի գերմանական սարքերից երկուսը տեղադրվել է ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚ ՓԲԸ¬ում, որի տնօրեն Վարդգես Օսիպովն անչափ կարևորեց այդ կյուվեզների առկայությունը նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրա պարզաբանմամբ՝ վերջին տարիներին կենտրոնի կարևոր օղակներից մեկը հանդիսացող նորածինների բաժանմունքը պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով, որոնք նպաստում են ավելի ճիշտ ու գրագետ կազմակերպել նորածինների խնամքն ու տարբեր արատներով ծնված երեխաների բուժումը։ Ծննդատանն առկա հին կյուվեզներն մաշվածության պատճառով լիարժեք չէին գործում։

 Վ. Օսիպովի տեղեկատվությամբ՝ վերջին տարիներին թերհաս ծնված երեխաների թիվը պահպանվում է  նորածինների 6-7%-ի սահմանում։ Տարվա կտրվածքով ծնվում է  շուրջ 100-120 թերհաս երեխա, որոնք կարիք ունեն համապատասխան խնամքի։ Բացի դրանից, առանձին խնամքի կարիք ունեն նաև տարբեր ախտաբանական խնդիրներով ծնված հասուն նորածիններ։ ՙՄեր կենտրոնի նորածնային բաժանմունքը միշտ գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և պարբերաբար, հատկապես նորածինների բաժանմունքը, հագեցվում է անհրաժեշտ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս նվազեցնել թերհաս և այլ պաթոլոգիաներով ծնված նորածինների մահվան ցուցանիշը։ Եթե 10 տարի առաջ հասուն նորածինների շրջանում գրանցվում էին մահացության դեպքեր, ապա այժմ հազվադեպ են լինում։ Շնորհակալություն ենք հայտնում  բարերարներին՝ հատկացված սարքավորումների համար, որոնք կնպաստեն  մեր ծառայությունների մակարդակի բարձրացմանը՚,-նշեց Վ. Օսիպովը։ 

Նեոնատոլոգիական պաթոլոգիաներով ծնված երեխաների բուժման և հսկողության երկրորդ փուլը շարունակվում է ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում։ Այստեղ նույնպես թերհաս և ցածր քաշով ծնված երեխաների համար նախատեսված սարքավորումները լիարժեք չէին աշխատում, և նվիրաբերված գերժամանակակից ինկուբատորները կօգնեն նշված նորածինների խնամքն ավելի որակյալ կազմակերպել։ Սարքավորումներն ունեն առանձին մոնիտորներ, որոնց օգնությամբ 24 ժամ շարունակ  վերահսկվում է նորածնի առողջական վիճակը՝  անոթազարկի թիվը, շնչառության քանակն ու ծավալը,  ճնշումը, սրտագրությունը, սիրտ-անոթային և այլ համակարգերի գործունեությունը։  

ՙՄեր բուժմիավորման նեոնատոլոգիական բաժանմունքը շարունակում է ծննդատնից տեղափոխված անհաս և ցածր քաշով ծնված երեխաների բուժման հետագա ընթացքը։ Տարվա կտրվածքով այստեղ խնամվում է 10-20 նորածին։ Շնորհիվ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և արգենտինահայ բարերար Դանիել Յուսեֆյանի, ինչպես նաև ԱՀ առողջապահության նախարարության աջակցության՝ նշյալ երեխաները համեմատաբար ստերիլ պայմաններում և բուժանձնակազմի նվազագույն միջամտությամբ կստանան անհրաժեշտ բուժում՚,-շնորհակալություն հայտնելով՝ ասաց ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը։