Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԻՆ ՈՒ ԾԱՆՈԹ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արզնուհի անունը հայկական միջավայրում քիչ հայտնիներից է... Իմ հերոսուհին՝ Արզնուհի Սարգսյանն, ասում է, որ  իր անունը հայրն է դրել՝ Սերգեյ Սարգսյանը։

Ով, դստեր հավաստմամբ,  զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, ապրել է բարոյական ամենաբարձր չափանիշներով,  խղճի ձայնին ունկնդիր ու իր զավակներին դաստիարակել այդ ոգով։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, հորը՝ Զաքար Սարգսյանին ու նրա համագյուղացիներից շատերին սրի են քաշել 1921թ. Շուշիում, կանչել են իբր ժողովի ու բոլորին անխտիր կոտորել։ Նա ծնվել է հոր մահից հետո և չի իմացել՝ ինչ է նշանակում հայր ունենալը։ Արզնուհին ու իր հարազատներն այդ մասին տեղեկացել են տատիկից... 1991¬ին հայրը մահվան մահճի մեջ դեմքով դեպի Շուշին երազում էր այն ազատագրված տեսնել ու նոր մեռնել, այդպես էլ ապրիլի 21-ին մուրազը սրտում կյանքից հեռացավ։Պատահական չէ, որ նման ճակատագիր ունեցող ընտանիքն Արցախյան շարժման մեջ պիտի ընդգրկվեր բոլորանվեր։ Լեոնիդը, Սիլվան ու Արզնուհին Շարժման առաջամարտիկների շարքում էին։ Սիլվա Սարգսյանն իր գործունեությամբ պետանվտանգության մարմինների աչքի փուշն էր դարձել։ ԼՂ մարզխորհրդի փետրվարյան նստաշրջանի ժամանակ Արզնուհին հաշվիչ հանձնաժողովի անդամ էր։ Հարազատների հետ մասնակցել է բոլոր միտինգներին, հայտարարություններով, հոդվածներով հանդես եկել թերթերում և ամսագրերում։ Նա միայն վեց անգամ տարբեր պատվիրակությունների կազմում Մոսկվա է գնացել։ ՙԿոլցո՚ օպերացիայի ժամանակ  կոմկուսի ԼՂ  մարզկոմի առաջին  քարտուղար Հենրիխ Պողոսյանի հանձնարարությամբ ու Լարիսա Ալավերդյանի միջնորդությամբ ևս Մոսկվա է մեկնել՝ ներկայացուցչական պատվիրակության կազմում, եղել են ԽՄԿԿ Կենտկոմում։ Այցելել են ՙՊրավդա՚, ՙԻզվեստիա՚, ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթերի խմբագրություններ: Այդ  աշխատանքները համակարգում էր Լարիսա Ալավերդյանը։

Մի օր տիկին Ալավերդյանը զանգեց և ասաց, որ Լոնդոնում  կա միջազգային կազմակերպություն, կոչվում է ՙԺՏՎ ՊպՑպռ րՌՐՏՑ՚, որը բոլոր թեժ կետերում զբաղվում է բարեգործությամբ։ Պայմանավորվածություն կա օգնել Ղարաբաղի երեխաներին։ Բժշկուհի Լյուդմիլա Գրիգորյանը ցուցակագրում էր երեխաներին, հավաքում նրանց փաստաթղթերը և ինքն էլ պիտի մեկներ նրանց հետ։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, և սեպտեմբերի 2-ին պիտի թռչեին, նախօրեին արկն ընկավ ու ավերեց Լյուդմիլայենց  բնակարանը, ինքն ու աղջիկը մարմնական ծանր վնասվածքներ ստացան ու տեղափոխվեցին Երևան։ Հենց ուղղաթիռից էլ Լյուդմիլան Արզնուհուն խնդրեց զբաղվել երեխաներով,  և նրան ոչինչ չէր մնում՝ քան համաձայնել։ Նա շատ լավ էր հասկանում, թե ինչ մեծ պատասխանատվություն է ստանձնում, բայց այլընտրանք չուներ։ 

Շուրջ 75 երեխա երկու ամիս պիտի մնային մերձմոսկովյան առողջարաններում։ Նրանք հիմնականում զոհված զինծառայողների, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ  երեխաներ էին։ Առաջին փորձությունը օդանավակայանում էր, երբ ազգությամբ հրեա երիտասարդ զույգը ժպիտը շուրթերին առաջարկեց կիսել խումբը՝ փոքրերին տանել մանկապարտեզ, իսկ ավագներին՝ առողջարան։ Մի խումբը հյուսիս, մյուսը՝ հարավ։ Արզնուհին ծանր ապրումների մեջ էր, ինչպե՞ս վարվել։  Հետները մի 16 տարեկան աղջնակ կար Արմենավանից, տարել էին, որ Մոսկվայում եղբոր մոտ մնա՝ մինչև պատերազմն ավարտվի։ Ավագ երեխաների հետ գնաց այդ աղջիկը՝ Քրիստինեն, իսկ փոքրերի հետ՝ Արզնուհին։ Նրանց տարան ՙՎատուտինո՚ մանկապարտեզ, ուր նախնական պայմանավորվածությամբ պիտի մնային 2 ամիս, բայց 2 ամիսը դարձավ 8։ Տեղ են հասել, ձյունն էլ իրենց հետ, երեխաները թեթև հագնված, մի խոսքով՝ անելանելի վիճակ։ Ձեռքները ծալել¬նստելու ժամանակը չէր, և Արզնուհին սկսել է  զանգել հայկական երկու համայնքներին, իր ծանոթ ¬ բարեկամներին, Բաքվի փախստականների միությանը։ Արձագանքները չուշացան։ Հաջորդ օրը բերեցին նաև երեխաներ մեկ այլ թեժ կետից` Մերձդնեստրից։ Եվ ի՞նչ պարզվեց. կազմակերպիչների նպատակն էր հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների միջոցով  աշխարհին իրազեկել որբ երեխաների մասին, ահազանգել։ Նրանց ՙշոուն՚ նպատակին հասավ թե չէ, բայց հաջորդ օրն արդեն սկսվեց հայ բարերարների, բարի կամքի տեր անհատների հոսքը։ Առաջինը եկավ Վալերին՝ Պյատիգորսկից, բոյով¬բուսաթով  մի Տորք Անգեղ, ծննդով Կիրովաբադից։ Մի լիքը ավտոմեքենա շորեր էր բերել, այնքան շատ, որ Մերձդնեստրից եկած երեխաներին էլ բաժին հասավ։ Մամոնտովսկից Վատուտինո և՝ հակառակը՝ Արզնուհին գնում¬գալիս էր, հոգում երեխաների բոլոր կարիքները, հաճախ էլ ձեռքով նրանց շորերը լվանում ու արդուկում, վերաձևում ու կարում, մի խոսքով` ինչ հնարավոր ու հարկավոր էր։ 

Մերձդնեստրից եկածները 15 օր հետո գնացել են, իսկ մեր երեխաները նոյեմբերի 2-ին պիտի վերադառնային Արցախ, բայց, ինչպես ասում են, Աստված պահի մեր համերկրացիներին։ Օգնեցին, ձեռք հասցրին, այն էլ ինչպե՛ս... Շուրջ քառորդ դար է անցել, և Արզնուհին պրպտում է հիշողությունը, որ հանկարծ որևէ մեկին չմոռանա... Առաջինների թվում  նա հիշատակում է մշակույթի և գործարարների հասարակական միավորման ՙԱ¬պլյուս՚ ակումբի խորհրդի անդամներին՝ Վարդան Մուշեղյանի գլխավորությամբ. գալիս էին գիշերով ու բերում էին՝ ինչ հնարավոր է։ Հետո նրանք տեղափոխվեցին Պուշկինո քաղաքի մոտ գտնվող ՙԵղևնուտ՚  հանգստավայրը, որտեղ բոլորն արդեն միասին էին։ Գարուն, ամառ, աշուն, ձմեռ հաջորդում էին  իրար, ու բարի կամքի տեր մարդիկ կերակրում, հագցնում էին մեր երեխաներին, հոգում նրանց կարիքները։ Վիրահատությունից ու փոքր-ինչ ապաքինումից հետո նրանց մոտ՝ ՙԵղևնուտ՚ եկավ Լյուդմիլա Գրիգորյանը, հետո Արզնուհու  օգնող ձեռքերը շատացան, նրանց միացավ Սիրուն Բաղդասարյանը (ԱրՊՀ դասախոս)։ Օրեր էին հաշվում, երբ են հայրենիք վերադառնալու, բայց իրավիճակը գնալով լարվում էր, և հայ բարերարները խոսքները մեկ արած չէին թողնում, որ տուն վերադառնան. ՙՄեզ պատի՞վ է բերում, որ այս երեխաներին կրակի բերանն ուղարկենք՚,¬ ասում էին ու բազմապատկում ուշադրությունն ու հոգատարությունը։ Արզնուհին մի առանձին ակնածանքով է խոսում Ելենա Բոների մասին, ով պատրաստակամորեն սատարել է իրենց: Նա 5 երեխայի համար Սախարովի ֆոնդից մեծ գումար վճարելով՝ օգնել է բուժում ստանալ Մանկաբուժության համամիութենական ինստիտուտում, որտեղ բուժվելու համար մարդիկ տարիներով հերթի են կանգնում։ Բժիշկ Ալբերտ Սարիբեկյանը ՙՍկլիֆոսովսկի՚ հիվանդանոցից, պրոֆեսոր Շահեն Օգանեսովիչը, բժշկուհի Ելենա Դավիդովնան (Մեծշեն գյուղից), Էմմա  Արմենակովնան, ում երեխաները բազմիցս օգնել են նյութապես, մշտապես կոնտակտի մեջ էին, Վազգենը և Լյուսան տարիքով մարդիկ էին՝ Բաքվից, Արմեն Ծատուրյանը... Որ մեկին հիշես, գալիս էին՝ իրար հերթ չտալով, շատերն իրենց անունները չէին ասում։ Մոսկվայի ասպիրանտուրայում սովորող ասպիրանտներն են այցելել ու օգնել, ով ինչով և ինչպես կարող էր, ասպիրանտները նաև գրքեր են բերել տվել Երևանից, նրանք ՙԱյբուբենի տոն՚ են կազմակերպել, Ապրիլի 24-ը, Ամանորն են նշել,  կազմակերպել են գրական երեկոներ, որի ոգին Սիրուն Բաղդասարյանն էր։ Բարոնուհի  Ք. Քոքսն է այցելել նրանց, նաև բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն է եղել նրանց մոտ, և տիկին Սիրունը հանպատրաստից պոեզիայի երեկո է կազմակերպել։ Նրանց այցելել են պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, հետդարձի տոմսերը գնել է Ելենա Բոները, իսկ Տյումենից եկած անանուն բարերարը երեխաներին դրամական գումար  է հատկացրել: 

Նրանց շատ է օգնել Արզնուհու համադասարանցին` Վալերի Ներսիսյանը, իսկ հրաժեշտի երեկոյին նրանք հրավիրել են բոլորին` մեկը եկել է մեքենան լիքը մթերքներով, անունն այդպես էլ  չասաց, եկել էր գիշերվա կեսին, ու երբ ասաց՝ ՙՈւզում եմ րախեքին (այսինքն՝ երեխաներին) տեսնել՚,  հասկացան, որ Շահումյանից է։ Մտավ երեխաների ննջասենյակը, և նրա աչքերից արցունքները հոսում էին առատ ու առատ, մինչև այսօր Արզնուհին այդ արցունքները չի մոռանում։

Հրաժեշտի երեկոյին նրանք` և՜ բարերարները, և՜ երեխաները, այնպես էին  միաձուլվել, հարազատացել, անչափ դժվար էր  բաժանումը, նույնիսկ այդ երեկո հաշտվել էին այն համայնքները, ովքեր իրար հետ ոչ հարթ հարաբերություններ ունեին, երեխաների շուրջ համախմբվել էր ռուսահայ ողջ համայնքը, այնպես, ինչպես դա եղավ ապրիլյան պատերազմի օրերին։ ՙԵրբ հետ եմ նայում՝ չեմ հասկանում, թե ոնց եմ ինձ վրա վերցրել այդ պատասխանատվությունը,¬ ասում է Արզնուհին,-ով էլ լիներ իմ տեղը, նույն կերպ պիտի վարվեր, ես չեմ գտնում, թե ինչ¬որ արտակարգ բան եմ արել, պարզապես իմ համեստ լուման եմ ներդրել մեր Շարժման ու պայքարի գործում՚։ 

Արզնուհին հետագայում ծառայել է Պաշտպանության բանակի բուժծառայությունում՝ որպես բժիշկ¬վիճակագիր և զորացրվել կապիտանի ուսադիրներով։

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ