[ARM]     [RUS]     [ENG]

ՕՋԱԽԻ ՏԻՐՈՒՀԻՆ ՈՒՂՏԱՍԱՐԻՑ

Շողիկ Գրիգորյանն ընտանիքով բնակվում է Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում: Նրան հանդիպեցինք իր տանը:

Պատմեց, որ համայնքի առաջին վերաբնակիչներից է:  Սկզբում եկել էր ամուսինը` Վրեժ Կարապետյանը: Նրա զարմիկն  այս կողմերում է կռվել, մասնակցել տարածքի ազատագրմանը: Եվ երբ սկսվեց վերաբնակեցման գործընթացը, հետևելով զարմիկի խորհրդին, որն արդեն հաստատվել էր Ուղտասարում, նա էլ որոշեց գալ: Արտաշատում ապրող կնոջը համոզել էր տեղափոխվել, նոր կյանք սկսել այստեղ: Ասել էր`  մեր ազատագրված հողերն են, պետք է տիրություն անենք: Կինը չէր հակաճառել, չէր ասել՝ իրենց հարևան- ծանոթները Ռուսաստան են գնացել, իրենք էլ գնան,  չի ուզել ընտանիքը օտարության տալ, և հավանություն է տվել ամուսնու առաջարկին:Դա 2003 թվականին էր: Իրենց հետ էին նաև երկու որդիները, ավելի ուշ` նաև կեսուրը: Շողիկ Գրիգորյանը, վերհիշելով այդ օրերը, ասում է. ՙԵկել ենք մի պարկ ալյուրով, մի պարկ ցորենով, 2 հնդկահավով, 10 հավով՚: Որպես վերաբնակիչի` նրանց ընտանիքին բնակարան, հող են հատկացրել: Մնացածին հասել են իրենց ձեռքի աշխատանքով: Ասում է` առաջին  գործը  եղել է հնդկահավերը հարևանի մեկ ոչխարի հետ փոխանակելը: Մեկ ոչխարն այսօր դարձել է 200 գլուխ` ոչ առանց հպարտության ասաց նա: Դրանով հիմնականում զբաղվում է ամուսինը, որն ամբողջ օրը հանդում է լինում: Իսկ հողի գործով գերազանցապես զբաղվում են որդիները` Հայկը և Տարոնը: Հայկն ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջը` գյուղատնտեսի մասնագիտությամբ,  բայց ընտանիքի ծանրաբեռնվածության պատճառով չի շարունակել բարձրագույնը: Ունի երեք երեխա, երկուսը` դպրոցահասակ, մեկը` դեռ փոքր: Եղբայրը, որը նոր է ամուսնացել, նույնպես գյուղատնտես է, սակայն ոչ մեկը մասնագիտությամբ, այսինքն` որպես  գյուղատնտես, չի աշխատում, որովհետև միակ հաստիքը զբաղեցված է: Բայց մասնագիտական գիտելիքները շատ են օգնում սեփական տնտեսությունը վարելիս:

ՙԳյուղը  շատ լավ տեղ է, պայմանները շատ հարմար են այգեգործության համար, բոլոր ծառատեսակները, բանջարեղենն այստեղ լավագույնս են աճում,-ներկայացնում է Հայկը:  -Գյուղացու համար միշտ էլ աշխատանք կա, եթե ցանկանա աշխատել՚: Շարունակելով որդուն` տիկին Շողիկը նորից վերհիշում է անցյալը.  ՙԵրբ եկանք, ոչինչ չունեինք, բացի աշխատող ձեռքերից և հույսից, որ ամեն ինչ լավ կլինի: Հիմա այգիներ ունենք, բանջարանոց, ամեն տեսակի անասուններ՚: 

 ՙԵթե Դուք` որպես ընտանիքի մայր, կին, կամային բարձր հատկանիշներ չունենայիք, ամբողջ օրը տրտնջայիք, ձեր ընտանիքը, հավանաբար, չէր մնա այստեղ՚,-փորձում եմ շոշափել նրա տրամադրությունը: ՙՅուրաքանչյուրս մեր տեղում զինվոր ենք` անկախ սեռից ու տարիքից: Մեր ճակատագիրը սա է, պիտի այսպես ապրենք` չարչարվենք ու ստեղծենք: Ոչ մեկը  սկուտեղի վրա պատրաստ մեզ չի մատուցելու: Ես այսպես եմ կարծում և իմ երեխաներին էլ դաստիարակում եմ  այդպես՚,-ասում է նա:

Դժվարությունների մասին ընտանիքի մայրը քիչ է խոսում: Մի հարկի տակ` երեքսենյականոց տան մեջ  տասը շունչ մնալն արդեն շատ դժվարությունների մասին է խոսում: Երեք անչափահաս երեխա, ծեր, հիվանդ տատիկ, երկու ջահել  հարս` մի տան մեջ. մեկն ուզում է հանգստանալ, մեկը` հեռուստացույց դիտել, մյուսը` դաս պատրաստել, և բազմաթիվ այլ պատճառներ` խոսքուզրույց, իրարից նեղանալու առիթների համար, սակայն տիկին Շողիկի հնարամիտ, արդարադատ քայլերը, հարեհաս ձեռքը կանխում են  հնարավոր ՙբախումները՚: ՙԵս ինձ երջանիկ կին եմ համարում, իմ ընտանիքի, երեխաներիս, թոռներիս հետ համերաշխ ապրում ենք` իրար օգնելով: Երկու հարսեր են, բայց  երկու քույրիկներ են Նարինեն ու Հասմիկը՚,-ասում է:  Ու զրույցն ակամայից նորից դառնում է բազմանդամ օջախի առօրյային: Ուրիշ դեպքերում գուցե պրոզայիկ հնչի, եթե ասենք, որ  մեկ կիլոգրամ բրինձն այս ընտանիքում  մեկանգամյա ճաշին է հերիքում, կամ մեկ ոչխարի  միսը՝ հազիվ մի քանի օր, նմանապես երեք կովից ստացված կաթնամթերքը,  բայց այս դեպքում մեր աչքերին հառնում է ավանդական, աշխատավոր հայ գերդաստանը, որն ամեն երեկո մեծից փոքր սեղան է նստում` վայելելու արդար քրտինքով վաստակած հացը: 

ՙՊապը գալիս, սուփրի գլխին

 Նստում է շուքով

Եվ լցվում էր տունը դաշտի

Բույր ու շշուկով…՚,-ակամայից Համո Սահյանի ՙՕրը մթնեց ՚-ն ես մտաբերում… Եվ ինչքան էլ Հայկն ասի, որ  այդտեղ  ամեն ինչի համար բարենպաստ է` հող մշակելու, անասուն պահելու, այգեգործութամբ զբաղվելու, հասկանում ենք, որ մինչև այդ հողի վրա քրտինք չթափվի,  ոչինչ չի ստացվի: Այդ հողը բոլորի համար է բարեբեր, բայց գյուղում կան մարդիկ, որ սպասում են, թե ով է իրենց մի բան տալու: Դա էլ իմացանք տիկին Շողիկից: ՙԳյուղում ընտանիք կա, որ  6 աշխատող ունի, բայց աղքատ է ապրում: Իր խելքից աղքատ է: Իր տան դեմը հողամասում մի  ծառ չունի տնկած: Նրանք կարծում են, թե աշխատանքն այն է, որ  գնան մի տեղ աշխատեն, չոր փողը վերցնեն, գան: Բայց կարելի է, չէ՞, այգի գցել: Բոլորը  պիտի այդպես մտածեն, որ եկել, հասել են այստեղ: Պիտի ստեղծես՚,-ու նա  հպարտորեն թվարկում է իրենց ստեղծած այգիները. սարի տակին ունեն, գյուղում` նռան, արքայանարնջի, տարբեր մրգերի, ցույց է տալիս որդու տնկած ընկուզենին, որը երրորդ տարում  բերք է տվել: 

Հարսները սեղանին շարում են չրեղենը` տարբեր մրգերից պատրաստած, գեղեցիկ ձևավորած: Ինչքան էլ չուզենանք, այստեղ պիտի տարբերակենք` հայաստանցու ձեռագիրը երևում է: Տիկին Շողիկն ասաց, որ չիր պատրաստելու մշակույթը, ընկույզից սուջուխ սարքելը, լավաշ թխելը իրենք են սովորեցրել գյուղում, բայց իրենք էլ ահագին բան են սովորել այստեղ` ժենգյալով հաց, փախլավա թխել,  խաշլամա, կորկոտ եփել… Իրենք  իրենց դեռ կոչում  են վերաբնակիչներ, բայց թոռներն արդեն  տեղացիներ են: Իսկ որդին էլ` Հայկը, շարունակում է. ՙՄեր երեխաները, թոռներն այստեղ պիտի ապրեն, մեծանան…Երջանկությունը հայրենի հողում է, ուր էլ գնանք, միշտ   օտար կլինենք, ավելի լավ է վատ ապրենք, բայց մեր երկրում ապրենք,  քան հարուստ, բայց` օտարության մեջ՚:

Համարյա նույն բանն է ասում, ինչ` Պարույր Սևակը.ՙՕտարության մեջ ազատ լինելն այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը` այլ ազատություն՚: 

Հրաժեշտ տվինք  ավանդապաշտ  գերդաստանին`  հայկական  մաղթանքով` յոթը որդով սեղան նստեք:  ՙԱմեն մեկը` յոթը որդով՚,-խորամանկ ժպիտով հարսներին նայելով` լրացնում է տիկին Շողիկը` ավելացնելով նաև, որ պահանջ  և ցանկություն ունեն նոր տուն կառուցել գյուղում: Պետությունը վարկավորում է, շուտով իրենք էլ կսկսեն:                  

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ