Logo
Print this page

ԿԱՆԱՅՔ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ...ԳՐՈՀՈՒՄ ԵՆ

Կին¬տղամարդ մրցակցությունը թվերով և փաստերով

 Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, նաեւ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մասին խոսելու առիթ է: Ի վերջո՝ տոնական տրամադրությունն անշուշտ կարեւոր է, բայց Մարտի 8-ի տոնի ՙարմատներում՚ հենց կանանց իրավունքների պաշտպանության մարտահրավերն է եղել: Տոնի հանրահռչակումից մոտ մեկ դար անց իրավիճակն այլ է. համենայն դեպս՝  գոնե հայկական միջավայրում: 

Տարիների հետ ավելանում են ոլորտները, որտեղ կանայք նախ դառնում են ներկայանալի, ապա՝ սկսում  գերակշռել: Կին-ուսուցիչ, կին-բժիշկ, կին-վաճառող... Ավանդական ոլորտներում կանանց գերիշխանությունը տարիների ընթացքում միայն ամրապնդվել է: Սակայն ուշադրության արժանի նորություններ ևս կան: Կին-տղամարդ մրցակցության վիճակագրական ցուցանիշները Արցախի վիճակագիրներն ամփոփել են 2015 թվականի դրությամբ: Կանայք գրոհում են բոլոր ուղղություններով ու անխնա:

 Արցախի բնակչության թվում կանայք մի փոքր գերակշռում են տղամարդկանց: Զբաղվածների թիվը 2015-ին 54 հազար էր: Զբաղվածության հարցում կին-տղամարդ հարաբերակցությունը հավասարակշռված է: ՙՏոկոսային  հարաբերությամբ զբաղվածների 54,4 տոկոսը տղամարդիկ են,  46,5 տոկոսը՝ կանայք՚,- ասվածը թվերի է վերածում ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Իրինա Ավանեսյանը:

Պետական ապարատում ներկայացվածության մասին: Նախագահի եւ կառավարության աշխատակազմերում կանայք գերակշռում են: 2010-ի համեմատ մեկով կրճատվել է կին-նախարարների, նույնքան էլ՝ կին-փոխնախարարների թիվը: Այնուամենայնիվ, որոշ նախարարություններում կանանց թվական գերակշռությունն անվիճելի է ու արդեն՝ օրինաչափ: ՙԸստ նախարարությունների՝ պատկերը հետեւյալն է,- մանրամասնում է Իրինա Ավանեսյանը,- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կանայք կազմում են 73 տոկոսը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում՝ 72,1 տոկոսը, Առողջապահության նախարարության աշխատակազմում՝ 71,7 տոկոսը, Արտաքին գործերի նախարարությունում՝ 67,3 տոկոսը, Կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունում՝ 64,8 եւ Ֆինանսների նախարարության աշխատակազմում՝ 56,7 տոկոսը՚:

Կանայք բավական ներկայացուցչական կազմ ունեն նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտում: Ե՜վ քաղաքային, ե՜ւ գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերում կեսից ավելին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, սակայն հիմնական մասով՝ ոչ ղեկավար պաշտոններում, ընդգծում է Իրինա Ավանեսյանը. ՙՊետք է նշել, որ կին-քաղաքապետ չունենք, իսկ կին-գյուղապետերը կազմում են ընդհանուրի 4,7 տոկոսը՚:

Իրինա Ավանեսյանը թվերն ամբողջացնում է ըստ ոլորտների: Ե՜վ պետական, ե՜ւ մասնավոր հատվածներում կանայք ավանդական ուղղություններում ամրապնդել են իրենց դիրքերը, նաեւ նոր ոլորտներ են սկսել գրոհել: ՙԸստ տնտեսական գործունեության տեսակների՝ առողջապահության ոլորտում զբաղվածների կառուցվածքում կանայք կազմում են 90 տոկոսը, մշակույթում՝ 80 տոկոսը, կրթության ոլորտում՝ 72 տոկոսը, առեւտրում՝ 56, կացության եւ սննդի կազմակերպման ոլորտում՝ 53 տոկոսը՚.- թվարկում է Իրինա Ավանեսյանը:

Սակայն կանայք հիմնականում ոչ ղեկավար պաշտոններում են ներկայացված: Գործատուների 73 տոկոսը տղամարդիկ են, 27 տոկոսը՝ կանայք: Թեպետ կան ուղղություններ, որտեղ, գոնե պաշտոնապես, կանայք ոչ թե բացահայտ, այլ բացարձակ հաղթանակի են հասել. ՙԱռողջապահությունում եւ սպասարկման ու հանրային սննդի կազմակերպման ոլորտներում բոլոր գործատուները հանդիսանում են կանայք՚,- թվարկում է Իրինա Ավանեսյանը:

Այսքանով հանդերձ՝ միջին աշխատավարձի հարցում կանայք դեռ նկատելի զիջում են տղամարդկանց: Միայն կրթության ոլորտում, փոխադրումներում եւ պահեստային տնտեսությունում է հակառակը: Տնտեսական գործունեության մյուս բոլոր ուղղություններում կանանց միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը տատանվում է տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձի 24-96 տոկոսի միջակայքում: Արդյունքում՝ կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը 2015-ին կազմել է տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձի 57,6 տոկոսը:

Կին-տղամարդ մրցակցությունը կշարունակվի տարվա մյուս օրերին ևս: Եվ դրանում արտառոց ոչինչ չկա։ Որպես մարտիության բարեմաղթանք՝ տղամարդիքս այդ յուրատեսակ մրցապայքարում ՙթույլ սեռի՚ ներկայացուցիչներին ցանկանանք նորանոր հաղթանակներ։  Մարտի 8-ից համերաշխության միամսյակն է մեկնարկել, ծաղիկ-ծաղկեփնջերի պահանջարկը՝ աճել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.