Logo
Print this page

ՔԱՐԻՆՏԱԿ. ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ՃԱԿԱՏՈՒՄ

Քարինտակ գյուղի պատմության արցախյան հատվածը մերօրյա տարեգրության հերոսական էջերից է։

Այն եկավ հաստատելու մեր աննկուն կամքն ու վճռականությունը, ազատ  ապրելու  համար ինքնազոհաբերվելու մեր պատրաստակամությունը։ 

Այս հոդվածով  փորձենք ծանոթանալ նաև խաղաղ պայմաններում գյուղի զարգացման, կենցաղային խնդիրների լուծման հետ:  Դրանում մեզ  օգնեց Քարինտակի գյուղապետ Մխիթար ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ:

Նախ նշենք, որ Մխիթարը գյուղապետ է ընտրվել 2006 թվականին, երբ ընդամենը 30 տարեկան էր. կարծում ենք, նրա մեջ համագյուղացիները փնտրում և տեսնում էին իր հոր` Քարինտակի ջոկատի աննկուն հրամանատար Վաղարշակ Առուշանյանի հատկանիշները: Արդարացվե՞լ են գյուղացիների սպասումները: Ավելի շուտ՝ այո՜, քանի որ նա արդեն բազմիցս   համայնքի ղեկավար է ընտրվել:

Մխիթար Առուշանյանը վերհիշեց, թե ինչպիսի վիճակում էր հայտնվել գյուղը պատերազմից հետո և որքա՛ն ջանքեր են թափել գյուղաբնակները, որպեսզի  առանձնատներն  ապրելու համար գոնե  տանելի դարձնեն: Իսկ  համայնքային  խնդիրները  պահանջում էին լուրջ ներդրումներ։ Ամեն ինչ կապված էր պետության կայացման ու զարգացման հետ:

Աստիճանաբար սկսվեցին լուծվել հանրապետության առջև ծառացած խնդիրները: 2000 թվականին՝ Գրիշա Հովհաննիսյանի գյուղապետության ժամանակ, Քարինտակը գազիֆիկացվեց, ինչի շնորհիվ ժողովրդի կենսամակարդակը էականորեն փոխվեց: Գյուղացիների իղձը՝ զոհված հերոս քարինտակցիների հուշարձանի կառուցումը, իրականացվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի մեկենասությամբ, ով շատ բարձր է գնահատել քարինտակցիների  հատկապես 1992 թ. հունվարի 26-ի ճակատամարտը։ 

Այդ հերոսամարտը ցնցել է նաև սփյուռքահայերին, որոնցից շատերն այցելում են գյուղ, ծանոթանում համայնքի խնդիրներին և սատարում դրանց լուծմանը: Նրանցից էին Հակոբ և Լինդա Բաղդասարյանները, ովքեր եկել-տեսել են գյուղը, դիրքը Շուշիի նկատմամբ, հիացել գյուղաբնակների խիզախությամբ, խոստացել հիմնովին վերակառուցել գյուղի դպրոցը: Նրանց նպատակային դրամափոխանցումներով ՙՀայ կրթական հիմնարկություն՚ ֆոնդին, որը, համագործակցելով կառավարության հետ, իրականացրել է դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, և 2008թ. նորոգված դպրոցն ընդունել է իր սաներին:

Նույն զգացումներն են վերապրել Արգենտինայի, Ուրուգվայի, Կիպրոսի, Հունաստանի հայերը, ՀՕՄ-ուհիները, ովքեր նպատակային փոխանցումներ են կատարել ՙՀայաստան՚ հիմնադրամի հաշվին, և այդ միջոցներով, ինչպես և Արցախի կառավարության աջակցությամբ կառուցվել են նոր ջրացանց, ջրամբարներ, ՙՑուրտ՚ աղբյուր տեղամասից 3 կմ երկարությամբ խողովակներով ջուր է հասցվել գյուղամիջյան ցանց, ինչի շնորհիվ 2014 թվականին շահագործման է հանձնվել շուրջօրյա ջրամատակարարման համակարգը:

2014-2015թթ. արգենտինահայերի, ՙՀայաստան՚ հիմնադրամի և ԼՂՀ կառավարության  համաֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Զուգահեռ կառուցվել է համայնքային կենտրոնը, որը համապատասխանում է արդի պահանջներին: 2015թ. տեղի ունեցավ գյուղապետարանի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Արգենտինայի հայկական համայնքի բարերարներ, ԱՀ  վարչապետը, շրջանի ղեկավարությունը: Միջոցառմանը ներկա բարերարներին Քարինտակ համայնքի կողմից տրվել է համայնքի ՙՊատվավոր քաղաքացի՚ կոչումը: Նրանք հրապարակավ խոստացան աջակցել գյուղի մյուս խնդիրների լուծմանը ևս, որից կարևորը նոր մանկապարտեզի կառուցումն էր: Այժմ ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները, այն շահագործման կհանձնվի այս տարի: ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, սկսվել են գյուղի ճանապարհների սալապատման աշխատանքները: Այսօրվա դրությամբ սալապատվել է 2350 քառ. մ ճանապարհ:

Մ. Առուշանյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության և շրջվարչակազմի կողմից  անցյալ տարի  16 ընտանիքների տրամադրվել են շինանյութեր՝ տանիքների վերանորոգման, այլ աշխատանքների իրականացման համար: Ընդհանուր առմամբ տրամադրվել են շուրջ  5մլն դրամի շինանյութեր: Ծրագիրը կլինի շարունակական:

Պետք է շեշտել, որ գյուղապետարանը հնարավորություն ունի և մասնակցում է համայնքային խնդիրների լուծմանը: 2010 թվականից սկսված է գյուղի արտաքին լուսավորման համակարգի ներդրումը. տեղադրված են  գիշերային լուսավորման համար սյուներ,  լուսատուներ: Ծրագիրը մոտ է ավարտին:

Ըստ գյուղապետի տեղեկատվության, Քարինտակն ունի 158 տնտեսություն՝ 665 բնակչով: Աշխատանքով ապահովված է 132 բնակիչ, որից 61-ը՝ անմիջապես գյուղում: Մյուս մասն աշխատում է Շուշիի հիմնարկներում և Պաշտպանության բանակում: Մոտ 25 մարդ մեկնել է արտագնա աշխատանքի, նրանց ընտանիքները բնակվում են գյուղում:

Պետական ծրագրերի շրջանակներում 2016-ին դրամական աջակցություն է ցուցաբերվել  Արցախյան պատերազմի 18 հաշմանդամների,  զոհված զինծառայողների նույնքան ընտանիքների, այլ կարգի մարդկանց:

Մ. Առուշանյանը գոհունակությամբ է նշում, որ գյուղում զբաղվում են հողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ: Գյուղացիներին օգնություն է ցուցաբերում ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը: Անցյալ տարի  նրանց կողմից վարկի ձևով տրամադրվել է 1 տոննա կարտոֆիլի սերմացու, որի վարկի գումարը ժամանակին մարվել է: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղում խոշոր եղջերավորների քանակը կազմել է 212 գլուխ, որից կովեր՝ 77 գլուխ:  Զգալի  թիվ են կազմում մանր եղջերավոր անասունները, թռչունները,  խոզերը: Բայց հիմնականում, ըստ գյուղապետի,  եկամուտը գալիս է բանջարաբոստանային կուլտուրաների վաճառքից, որը մեծ հաջողությամբ իրացվում է մայրաքաղաքի շուկայում:

Համայնքի ղեկավարը ուրախությամբ է նշում, որ վերջին տարիներին աշխուժացել է գյուղի մշակութային կյանքը. մասնակցել են ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթի շրջանային և հանրապետական փուլերին, մասնակիցներն արժանացել են խրախուսանքի: Մասնակցել են Շուշիի շրջվարչակազմի կողմից կազմակերպված միջգյուղական ՙԲրեյն-ռինգ՚ ինտելեկտուալ խաղերին և գրավել 1-ին տեղը: Դպրոցում գործում են Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի հելունագործության, իսկ մշակույթի տանը՝ ուլունքագործության և դաշնամուրի խմբակներ:

Մխիթար Առուշանյանը հպարտ է, որ ապրիլյան պատերազմին գյուղացիները ձգտել են  նեցուկ լինել բանակին: Առաջին օրը առաջնագիծ է մեկնել 4 կամավոր, զինապարտ գուղաբնակներից 42 հոգի զինվորագրվել է, 30 հոգի էլ ծառայում է բանակում: Բնակչության կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը կազմակերպել է հանգանակում. հավաքված 332000 դրամ գումարով գնվել է սննդամթերք, որը հանձնվել է կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովին:

Քարինտակի հաջողություններն, անշուշտ, մեզ բոլորիս է ուրախացնում, ոգևորում: Եվ հույս ներշնչում, քանի որ գյուղում բնականոն զարգացմամբ  ընթացող կյանքը կարծես ողջ հանրապետության իրական նկարագրի փոքրիկ պատկերն է:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.